Առողջական խնդիրներ
Ասբեստոզ

2 րոպե
Ասբեստոզը թոքային հիվանդություն է, որը պատճառվում է ասբեստի փոշու երկարատև ներգործությունից:
Ասբեստի փոշու տարիներ շարունակ ներշնչելը կարող է առաջացնել թոքերի և թոքերը պատող պլևրալ թաղանթի սպիական փոփոխություններ:
Ի՞նչ է ասբեստը
Ասբեստը սիլիկատների դասի նուրբ թելային հանքանյութերի հավաքական անունն է։ Ասբեստը կազմված է խիստ բարակ նրբաթելերից և բյուրեղներից, որոնք կարող են ներշնչվել և թափանցել ամենաբարակ օդուղիները՝ առաջացնելով թոքային հյուսվածքի գրգռում: Թոքերն ի վիճակի չեն մաքրվելու այս նյութերից:
Ասբեստն անցյալում լայնորեն օգտագործվել է ամենատարբեր բնագավառներում՝ շինարարություն, հրթիռաշինություն, ավտոմեքենաների արդյունաբերություն, սակայն առողջությանը վնաս պատճառելու ունակությունը հայտնաբերվելուց հետո աստիճանաբար դուրս է մղվել արտադրությունից: Այնուամենայնիվ, մինչ օրս ասբեստային շինվածքները պահպանվել են բազմաթիվ շենքերի տանիքներում և ենթակառուցվածքներում (օրինակ՝ ասբեստային խողովակներ):
Ասբեստի փոշու ներգործությանը ենթարկվելու ամենաբարձր ռիսկում շինարարներն են, ասբեստի հանքավայրերի կամ մշակման գործարանի աշխատողները և շրջակա բնակիչները:
Ասբեստի փոշու ներգործությունից առաջացնած հիվանդություններ
Ասբեստի փոշու երկարատև ներգործությունը կարող է առաջացնել մեզոթելիոմա, ասբեստոզ, թոքի քաղցկեղ, պլևրայի հիվանդություն և այլ քաղցկեղներ:
Մեզոթելիոմա
Մեզոթելիոման թոքերը ծածկող թաղանթի՝ թոքամզի (պլևրա) քաղցկեղն է: Հիվանդությունը կարող է զարգանալ երկարատև ժամանակի՝ 20-40 տարվա ընթացքում, սակայն առաջանալուց հետ արագորեն տարածվում է: Սովորաբար մեկ տարվա ընթացքում բերում է մահվան:
Ասբեստոզ
Ասբեստոզը շնչուղիների քրոնիկ գրգռումն է, որը պատճառվում է ասբեստի նրբաթելերի երկարատև ներգործության պատճառով: Հիվանդությունն ընթանում է շնչառության վատացմամբ և տարիների ընթացքում աստիճանաբար ծանրանում է նույնիսկ ասբեստի ներգործության դադարեցումից հետո:
Թոքի քաղցկեղ
Թոքի քաղցկեղը կարող է զարգանալ ասբեստի մանրաթելեր շնչած մարդկանց մոտ: Ավելի հաճախ այն հանդիպում է ծխող մարդկանց շրջանում:
Պլևրալ հիվանդություն
Պլևրալ հիվանդությունը թոքամզի (պլևրա) բորբոքումն է: Այն առաջացնում է շնչառության հետ կապված կրծքավանդակի սուր ցավեր և հևոց:
Այլ քաղցկեղներ
Ասբեստի ներգործությունը կարող է նաև բարձրացնել կոկորդի, ձվարանի և ամորձիների քաղցկեղի ռիսկերը:
Ի՞նչ է ասբեստոզը
Ասբեստոզը թոքային հիվանդություն է, որը զարգանում է ներշնչված ասբեստի փոշու երկարատև ներգործության պատճառով: Ներշնչված ասբեստը առաջացնում է թոքերի և թոքամզի քրոնիկ բորբոքում, որն ավարտվում է դրանց հյուսվածքների սպիական փոփոխություններով:
Ասբեստոզով մարդիկ նշում են շնչարգելություն և հևոց, հաճախ՝ հազ, իսկ ծանր դեպքերում՝ նաև սրտի ախտահարում (սրտի աջ խոռոչների լայնացում):
Ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս ասբեստոզի փոշու քրոնիկ ներգործության 10-20-րդ տարիներին: Ասբեստոզի ժամանակ, չնայած բուժմանը, թոքերի ախտահարումն անդառնալի է:
Հոդվածը տեղադրվել է՝ 17-06-2019 վերանայվել է՝ 11-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: