Առողջական խնդիրներ
Աուտոիմուն հիվանդություններ

2 րոպե
Աուտոիմուն հիվանդությունները զարգանում են իմունային համակարգի գերակտիվության պատճառով։
Կան աուտոիմուն հիվանդությունների տարբեր տեսակներ։ Դրանք լիարժեքորեն չեն բուժվում, սակայն կան դեղեր, որոնք կարող են մեղմացնել հիվանդությունների նշանները և օրգանիզմի հետագա ախտահարումը։
Ի՞նչ է իմունային համակարգը
Իմունային համակարգը ներառում է օրգանիզմի տարբեր օրգաններ և հյուսվածքներ՝ արյան որոշ բջիջներ (լեյկոցիտներ), մաշկ, կարմիր ոսկրածուծ և այլն, որոնք միասնաբար ձեր օրգանիզմը պահում են առողջ։
Իմունային համակարգը ձեզ պաշտպանում է վարակներից։ Երբ վիրուսները կամ բակտերիաները ներթափանցում են ձեր օրգանիզմ, իմունային համակարգի բջիջները հայտնաբերում և ոչնչացնում են այդ հարուցիչները: Սա կոչվում է իմունային պատասխան։
Աուտոիմուն հիվանդությունների պատճառները
Աուտոիմուն հիվանդությունների ժամանակ վարակի հարուցիչների փոխարեն իմունային համակարգը «գրոհում է» առողջ հյուսվածքները և օրգանները։ Այսինքն, տեղ է գտնում խեղաթյուրված իմունային պատասխանը:
Դեռևս լիարժեքորեն պարզաբանված չէ, թե ինչու է իմունային համակարգը սեփական բջիջները «շփոթում» օտարածին մոլեկուլների կամ հարուցիչների հետ, սակայն հայտնի է, որ աուտոիմուն հիվանդությունները հաճախ զարգանում են ժառանգական նախարտրամադրվածությամբ մարդկանց մոտ։
Աուտոիմուն հիվանդությունների առաջացման համար նպաստող գործոններ են հանդիսանում արտաքին միջավայրի որոշ գործոններ՝ վարակներ, սթրես, դեղեր, սննդակարգ և ուլտրամանուշակագույն ճառագայթում։ Ստամոքս-աղիքային միկրոօրգանիզմները նույնպես կարող են ազդել աուտոիմուն պատասխանների վրա։
Աուտոիմուն հիվադությունների տեսակները և ախտանիշները
Մինչ օրս նկարագրվել են ավելի քան 80 տարբեր աուտոիմուն հիվանդություններ։ Դրանց մեծ մասն ունի պարբերաբար սրացումներով քրոնիկ երկարատև ընթացք։
Աուտոիմուն հիվանդություններից ավելի տարածված են՝ ցելիակա, ռևմատոիդ արթրիտ, ցրված (բազմակի) սկլերոզ և 1-ին տիպի դիաբետ:
Բազմաթիվ անձինք մինչև բժշկին դիմելը երկար տարիներ կարող են նշել այս հիվանդությունների տարբեր գանգատներ կամ նշաններ։ Նաև կարող է երկար ժամանակ պահանջվել՝ մինչև աուտոիմուն հիվանդությունը ախտորոշվի, որովհետև գանգատների մեծ մասը՝ ընդհանուր հոգնածություն, ինքնազգացողության քիչ վատացում և այլն, շատ տարածված են իրենց առողջ համարող բազմաթիվ չափահասների շրջանում։ Միաժամանակ, աուտոիմուն հիվադությունների մեծ մասը չունի առանձնահատուկ լաբորատոր ախտորոշիչ թեստ և նույն հետազոտությունը կարող է մի շարք հիվանդությունների դեպքում դրական պատասխան տալ։
Աուտոիմուն հիվանդությունների բուժումը
Աուտոիմուն հիվանդությունների համար վերջնական բուժում գոյություն չունի, սակայն կան միջոցներ, որոնք կարող են մեղմացնել անհանգստացնող գանգատները և երկարացնել սրացումների միջև ընկած ժամանակահատվածները։ Դրանցից են՝
- առողջ սննդակարգ
- առողջ քաշի պահպանում
- բավարար քնի ապահովում
- հանգստի և ֆիզիկական ակտիվության ճիշտ համադրություն
- երբ հնարավոր է, սթրեսի նվազեցում կամ ճիշտ կառավարում։
Աուտոիմուն հիվանդությունների ժամանակ կարող են որոշակի օգտակարություն դրսևորել նաև որոշ դեղեր, որոնք պետք է նշանակվեն միայն ձեր բժշկի կամ բժիշկ-իմունոլոգի կամ ռևմատոլոգի կողմից։
Հոդվածը տեղադրվել է՝ 22-04-2018 վերանայվել է՝ 23-06-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: