Մեջքի վնասվածքներ

Մեջքի շրջանի վնասվածքները շատ տարածված վիճակներ են, որոնք առաջացնում են ցավեր և անհարմարավետության զգացում (դիսկոմֆորտ):
Դուք կարող եք վնասել ձեր մեջքը (թիկունքը կամ գոտկատեղը) մարզվելիս, մարզական կամ ակտիվ այլ խաղերի ընթացքում, տանը կամ այգում ֆիզիկական աշխատանք կատարելիս, ավտոճանապարհային և այլ պատահարներից, մեջքի կտրուկ կամ անբնական շարժում կատարելիս, մեջքի կամ գոտկատեղի շրջանում հարված ստանալիս կամ ընկնելիս:
Մեջքի վնասվածքների մեծ մասը տեղակայվում է գոտկատեղում: Ավելի հաճախ առաջանում է ձգվածություն և ձևափոխում, միջողնային սկավառակների ճողվածք կամ ողների կոտրվածքներ: Մեջքի շրջանի վնասվածքները խիստ տարբեր են՝ կախված վնասվածքի պատճառից, ծանրության աստիճանից և բուն վնասվածքի բնույթից:
Մեջքի ծանր վնասվածքի նշանները
Եթե կարծում եք, որ դուք կամ ձեր շրջապատից մեկնումեկը ստացել է մեջքի ծանր վնասվածք, առանց հետաձգելու փնտրեք անհետաձգելի բուժօգնություն կամ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն: Նման դեպքերում մի տեղաշարժեք տուժողին, քանի դեռ նա վտանգի մեջ չէ և խորհուրդ տվեք նրան, որ չփորձի շարժել իր մեջքը կամ վեր կենալ: Փորձեք հանրահայտ մեթոդներով անշարժացնել նրա գլուխը, պարանոցը և մեջքը:
Մեջքի ծանր վնասվածքներից են կոտրվածքները, վերքերը, մեջքի շրջանում տարածուն արյունազեղումները, ինչպես նաև ողնուղեղի և ներքին օրգանների տրավմատիկ վնասվածքները:
Այս նշաններից որևէ մեկի առկայությունը կարող է վկայել ծանր վնասվածքի մասին՝
- դժվարաշնչություն կամ օդի պակասի զգացում ու հևոց
- ձեքերի, ոտքերի, ձեռնաթաթերի կամ ոտնաթաթերի շրջանում թմրածության կամ ծակծկոցի զգացողություն
- կաթված (պարալիչ՝ վերջույթների կամավոր շարժունակության կորուստ)
- մեզի մեջ արյան առկայություն (արյունամիզություն):
Մեջքի վնասվածքի նշանները
Մեջքի վնասվածքի դեպքում դուք կարող եք ունենալ՝
- ցավ կամ լարվածություն (հպվելիս՝ ցավոտություն)
- ցավեր, որոնք սաստկանում են շարժում կատարելիս, հազալիս, փռշտալիս կամ ծիծաղելիս
- շարժումների կաշկանդվածություն, դժվարացում կամ սահմանափակում
- ոտքերի վրա ուղիղ կանգնելու դժվարություն կամ անհնարինություն
- մեջքի որևէ կողմից մկանային լարվածություն կամ կծկանք (սպազմ)
- արյունազեղում
- այտուցվածություն
- ցավ, որը ճառագայթում է ներքև՝ դեպի մեկ կամ երկու ոտքերը:
Այնուամենայնիվ, մեջքի շրջանի ցավն ունի բազմաթիվ այլ պատճառներ: Ցավ կարող է ի հայտ գալ բազմաթիվ հիվանդությունների ժամանակ, օրինակ՝ օստեոարթրիտ կամ օստեոպորոզ, ուղեկցել տարիք առնելուն, կապված լինել մարմնի ավելցուկային կշռի, ձեր մասնագիտական աշխատանքի կամ ֆիզիկական մարզանքների հետ:
Ահա թե ինչու շատ կարևոր է, որպեսզի հայտնաբերվի ձեր գանգատների հստակ պատճառը:
Մեջքի վնասվածքի բուժումը
Բժիշկը կզննի ձեզ՝ ստուգելու ձեր ողնաշարից դուրս եկող նյարդերի գործունեությունը: Համոզվեք, որ նրան տեղեկացրել եք ձեր բոլոր գանգատների, այդ թվում՝ զուգարանից օգտվելուց նկատված խնդիրների մասին:
Մեջքի թեթև վնասվածքների մեծ մասն ինքնուրույն լավանում է 6 շաբաթվա ընթացքում: Սովորաբար դուք որևէ լրացուցիչ հետազոտության կամ բուժման կարիք չեք ունենում: Նման դեպքերում ռենտգեն հետազոտություն ցուցված է, եթե դուք ունեք այլ զգալի խնդիրներ՝ միզապարկի կամ աղիների գործունեության խանգարումներ, սաստիկ ցավեր, վերջույթներում թմրածության կամ թուլության զգացում:
Թեթև վնասվածքից հետո կարևոր է, որ դուք շարունակեք ձեր ֆիզիկապես ակտիվ առօրյան: Փորձեք երկար ժամանակ պառկած կամ անկողնում չմնալ: Սովորական ցավազրկող դեղերը, օրինակ՝ Պարացետամոլը կամ հակաբորբոքայինները (ՈՍՀԲԴ) կարող են օգնել:
Դուք կարող եք օգնել ձեր մեջքի վնասվածքի հետևանքների մեղմացմանը հետևյալ միջոցառումներով՝
- վնասվածքը ստանալու առաջին օրը, 3-4 ժամը մեկ 20 րոպեանոց սառեցնող միջոցառումներ (օրինակ՝ սառցեպարկ), որը կարող է մեղմացնել տեղային ցավը և այտուցը
- առաջին օրվանից հետո՝ տաքացնող միջոցառումներ (օրինակ՝ տաք ցնցուղ, տաք վաննա կամ ջեռակ), որոնք կարող են մեղմացնել ցավերը և նպաստել ինքնազգացողության բարելավմանը
- ակտիվ կամ կտրուկ շարժումների և տեղաշարժվելու սահմանափակում, հանգիստ ռեժիմ՝ մինչև ինքնազգացողության բարելավումը:
Կախված ձեր մասնագիտությունից և աշխատանքի բնույթից, կարող է առաջանալ աշխատանքի չներկայանալու և տնային հանգիստ կազմակերպելու կարիք:
Դուք պետք է կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե՝
- ջերմում եք
- ձեր հետույքի շրջանում, ազդրերում կամ ոտնաթաթերում զգում եք թմրածություն, ցավեր կամ ծակծկոցներ
- դուք կորցրել եք միզապարկի կամ աղիների գործունեության վերահսկողության ունակությունը
- ձեր խնդիրները մի քանի օրվա ընթացքում որևէ կերպ չեն բարելավվում
- ձեր խնդիրները 6 շաբաթվա ընթացքում լիարժեքորեն չեն վերանում:
Բժիշկը կարող է ձեզ նշանակել ցավազրկող դեղեր, ֆիզիոթերապիա կամ ուղեգրել լրացուցիչ հետազոտությունների:
Հոդվածը վերանայվել է՝ 23-02-2021