Բարիատրիկ վիրաբուժությունը ավելորդ քաշից ազատվելու և երկար ժամանակի ընթացքում այն չավելացնելուն ուղղված ամենաարդյունավետ միջոցն է:
Բարիատրիկ վիրաբուժությունը կոչվում է նաև «քաշի կորստի վիրաբուժություն», «նիհարեցման վիրահատություն» կամ «գիրության վիրահատություն»: Այս հոդվածում ձեզ կներկայացնենք բարիատրիկ վիրաբուժության էությունը և հիմնական տեսակները:
Ի՞նչ է բարիատրիկ վիրաբուժությունը
Բարիատրիկ վիրաբուժությունը վիրահատության տեսակ է, որն ազդում է ձեր ստամոքսի և սննդի մարսողության վրա: Վիրահատության նպատակը ստամոքսի չափերը փոքրացնելն է, որի արդյունքում դուք հագենում եք ավելի քիչ սնունդ ուտելով: Արդյունքում, վիրահատությունից հետո դուք ուտում եք ավելի քիչ սնունդ և ձեր օրգանիզմը ստանում է ավելի քիչ կալորիաներ:
Որո՞նք են բարիատրիկ վիրահատության տեսակները
Բարիատրիկ վիրահատության ամենահաճախ կիրառվող տեսակներն են ստամոքսի օղակավորումը, ստամոքսի շունտավորումը և ստամոքսի երկայնակի մասնահատումը:
Վիրահատությունները սովորաբար կատարվում են լապարոսկոպիկ եղանակով, երբ ձեր որովայնի պատին կատարվում են մի քանի փոքր կտրվածքներ: Սակայն, երբեմն անհրաժեշտ է լինում որովայնի պատին կատարել մեծ կտրվածք և անցնել «բաց» վիրահատության:
- Ստամոքսի օղակավորում կամ բանդաժավորում (lap band surgery). ստամոքսի վերին հատվածում տեղադրվում է սիլիկոնե նեղ շրջանակ (օղ), որի միջոցով ստամոքսը բաժանվում է երկու՝ փոքր և մեծ բաժինների։ Այս օղի շնորհիվ սնունդը երկար ժամանակ մնում է վերին փոքր ստամոքսում՝ առաջացնելով ստամոքսի լցված լինելու (հագեցվածության) զգացում և սնունդ ընդունելը դադարեցնելու կարիք։
- Ստամոքսի շունտավորում (gastric bypass). նպատակը ստամոքսի և բարակ աղիների փոքր մասի մարսողությունից «անջատելն» է, որի արդյունքում նվազում է սննդի ներծծումը: Վիրահատությամբ դարձյալ փոքր ստամոքս է ձևավորվում, սակայն, ի լրումն, բարակ աղիքի որոշ հատված «անջատվում է» մարսողությունից։ Արդյունքում, ստամոքսով անցնող սնունդը միանգամից ընկնում է բարակ աղիքի հեռավոր հատվածներ և միկրոէլեմնտները, շրջանցելով հաստ աղիքի 1,5 մետրը, օրգանիզմի մեջ չեն ներծծվում։
- Ստամոքսի երկայնակի մասնահատում կամ թևքային գաստրոպլաստիկա (gastric sleeve surgery). սա ստամոքսի մասնահատումն է՝ ստամոքսի գլխավոր հատվածի հեռացումը և ծավալի փոքրացումը, ընդ որում, հեռացվում է ստամոքսի այն շրջանը, որտեղ արտադրվում է քաղցի զգացում առաջացնող հորմոնը:
Վիրահատվողների մեծ մասը սկսում է նիհարել միջամտությունից հետո 1-2 տարվա ընթացքում, որից հետո քաշի կորուստը դադարում է: Ստամոքսի օղակավորման դեպքում այս ժամանակահատվածը տևում է ավելի երկար:
Ե՞րբ պետք է մտածեմ բարիատրիկ վիրահատման հարցի վերաբերյալ
Ելնելով ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի ուղեցույցներից, բարիատրիկ վիրահատությունները սովորաբար առաջարկվում են խիստ գեր մարդկանց, երբ մարմնի զանգվածի ցուցանիշը (ՄԶՑ) մեծ է 40-ից կամ նրանց, ովքեր ունեն 35-ից մեծ ՄԶՑ և որևէ լուրջ քրոնիկ հիվանդություն, ինչպիսիք են սրտանոթային հիվանդություն կամ շաքարային դիաբետ։ Հետագա հետազոտությունները վկայել են, որ բարիատրիկ վիրաբուժությունը տեղին է 35-ից մինչև 40 ՄԶՑ ունեցող անձանց և 30-ից մինչև 35 ՄԶՑ ունեցող հիվանդներին առանց կողմնակի հիվանդությունների։ Վերջին ուղեցույցները նշում են, որ ավելի քան 30 ՄԶՑ և կողմնակի հիվանդություն ունեցող ցանկացած անձ կարող է համարվել բարիատրիկ վիրաբուժության թեկնածու:
Դուք կարող եք մտածել բարիատրիկ վիրահատության նպատակարմարության մասին, սակայն՝ միայն այլընտրանքները փորձելուց հետո: Առաջին քայլը սովորաբար ձեր սննդակարգի փոփոխությունն է՝ այն, ինչ ամեն օր ուտում կամ խմում եք, ինչպես նաև ձեր ֆիզիկական ակտիվությունը բարձրացնելը: Կան նաև նիհարելուն օգնող որոշ դեղեր: Վիրաբուժական միջամտության հարցը սովորաբար առաջ է գալիս, երբ այն մնում է միակ այլընտրանքը:
Ավելորդ կիլոգրամներից ձերբազատվելը բերում է առողջական ամենատարբեր դրական արդյունքների, այդ թվում՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետի և բարձր արյան ճնշման կարգավորում և սրտի առողջական վիճակի բարելավում:
Բարիատրիկ վիրահատության ո՞ր տեսակն է ինձ ցուցված
Բարիատրիկ վիրահատության տեսակը որոշվում է բազմաթիվ գործոններով, այդ թվում, թե ինչ չափի քաշի կորուստ եք ցանկանում ստանալ, ինչպիսի ուղեկցող հիվանդություններ կամ առողջական ռիսկեր ունեք:
Ձեր վիրաբույժը մանրակրկիտ կերպով կգնահատի այս հարցերը և կառաջարկի ձեր պահանջներին և առողջական վիճակին լավագույնս համապատասխանող տարբերակը:
Ի՞նչ բարդություններ կարող են լինել
Յուրաքանչյուր վիրահատություն ունի իր ռիսկերը: Դրանցից են՝ վարակները, մեծ քանակով արյան կորուստը կամ անզգայացնողների նկատմամբ օրգանիզմի ռեակցիան:
Բարիատրիկ վիրահատության տարբեր տեսակները ունեն տարբեր առանձնահատուկ ռիսկեր: Քննարկեք ձեզ առաջարկվող վիրահատական մեթոդի հնարավոր ռիսկերն ու վտանգները ինչպես ձեր բժշկի, այնպես էլ վիրաբույժի հետ:
Ի՞նչ կարող եմ ակնկալել բարիատրիկ վիրահատությունից հետո
Անկախ բարիատրիկ վիրահատության տեսակից, դուք կարիք կունենաք զգալիորեն փոփոխելու ձեր կենսակերպը, որը կօգնի, որ ավելի հեշտությամբ ազատվեք ավելորդ կիլոգրամներից և հնարավորինս պահպանեք ձեր նոր՝ նվազեցված մարմնի քաշը: Օրինակ, վիրաբույժը ձեզ հավանաբար խորհուրդ կտա հետևել առողջ սննդակարգին, ընդունել որոշ վիտամիններ կամ այլ հավելումներ: Քաշի կորստի երկարատև ծրագիրն, անկասկած, կներառի նաև ֆիզիկական ակտիվության բարձրացումը:
Վիրահատությունից հետո դուք սննդի ընդունումը սկսելու եք հեղուկ ճաշատեսակներից: Հետագա մի քանի շաբաթվա ընթացքում վիրաբույժը ձեզ խորհուրդ կտա անցնելու պյուրեների, որից հետո՝ ավելի պինդ սննդակարգի: Ձեր սննդաբաժինը զգալիորեն կփոքրանա և դուք հավանաբար պետք է դադարեցնեք ճաշելիս հեղուկներ խմելը: Հիշեք, որ ձեր ստամոքսի չափսերն արդեն ավելի փոքր են, քան մինչև վիրահատվելը:
Որոշ դեպքերում վիրահատված անձինք սկզբում կորցնում են իրենց մարմնի քաշը, որից հետո նրանց մարմինը սկսում է հարմարվել վիրահատությամբ կատարված փոփոխություններին և նրանք կարող են կորցրած քաշի մի մասը կրկին վերականգնել:
Որո՞նք են բարիատրիկ վիրաբուժության այլընտրանքները
Վիրահատությանն այլընտրանք կարող է համարվել կենսակերպի առողջացումը, օրինակ՝ առողջ սննդակարգը և ֆիզիկական ակտիվ առօրյան կամ դրանց զուգակցումը քաշը նվազեցնող դեղերի հետ: Մասնագիտական խորհուրդ ստանալու համար զրուցեք ձեր բժշկի հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-01-2021
Վերջին վերանայում՝ 30-04-2024