Մարդկանց մեծ մասը բիոպսիան կապում է գլխավորապես քաղցկեղների ախտորոշման հետ, սակայն այս միջամտությունը լայն կիրառություն ունի այլ ոլորտներում ևս։
Ի՞նչ է բիոպսիան
Բիոպսիան օրգանիզմից հյուսվածքի փոքր նմուշ վերցնելն է, որն ուղարկվում է լաբորատորիա։ Բիոպսիան, այսպիսով, օգնում է հիվանդության ախտորոշմանը, հատկապես՝ ախտորոշման հաստատմանը կամ ժխտմանը։
Ինչո՞ւ է բիոպսիան նշանակվում
Բիոպսիան ունի տարբեր նպատակներ։ Մի դեպքում բժիշկը կարող է նշանակել բիոպսիա, որ ստուգի ուռուցքի տեսակը կամ դրա չարորակությունը։ Այլ դեպքում բիոպսիան կարող է անհրաժեշտ դառնալ լյարդային կամ երիկամային հիվանդության ախտորոշման համար։ Բիոպսիան նաև կարող է օգնել, որ բժիշկը գնահատի հիվանդության ընթացքը կամ ընտրի բուժման լավագույն տարբերակը։
Բիոպսիայի տեսակները
Կախված այն համգամանքից, թե մարմնի որ շրջանից է կատարվում հյուսվածքի նմուշառումը, տարբերում են բիոպսիայի բազմաթիվ տեսակներ։
Բիոպսիան կարող է պահանջել մաշկի հատում, որը թույլ է տալիս բժշկին նմուշառել ավելի խոր ընկած հյուսվածքի փոքր կտոր։ Սակայն, ավելի հաճախ բիոպսիան իրականացվում է ասեղի միջոցով, որին միացված ներարկիչով արտածծվում է նմուշառման ենթակա հյուսվածքները (ասպիրացիա)։
Բիոպսիան սովորաբար իարականցվում է տեղային անզգայացման ներքո։ Որոշ դեպքերում բիոպսիան կատարվում է պատկերային որևէ մեթոդի հսկողությամբ (օրինակ՝ համակարգչային տոմոգրաֆիա, ռենտգեն կամ սոնոգրաֆիա)։ Դրանք թույլ են տալիս «աչքի հսկողության» միջոցով ընտրել բիոպսիայի ասեղի լավագույն դիրքը։
Ինչպե՞ս նախապատրաստվել այս հետազոտությանը
Կարևոր է ձեր բժշկից տեղեկանալ, թե արդյոք կարիք կա նախապատրաստվելու բիոպսիոն միջամտությանը։ Գուցե անհրաժեշտություն ծագի, որ դուք բուժկենտրոն ժամանեք քաղցած վիճակում, որոշ ժամանակ չընդունեք նաև հեղուկներ։ Բիոպսիայի տեսակից կախված, բժիշկը կարող է ձեզ ուղեգրել նաև այլ հետազոտությունների, օրինակ՝ արյան թեստի։ Մեկ այլ դեպքում բժիշկը կարող է խնդրել, որ դուք ժամանակավորապես դադարեցնեք ձեր ամենօրյա դեղամիջոցների ընդունումը, որի մասին պետք է տեղեկացնել դրանք նշանակած բժշկին։
Բիոպսիայից հետո
Բիոպսիան խիստ հազվադեպ է բերում լուրջ կողմնակի ազդեցությունների։ Սովորաբար բիոպսիոն ասեղի անցքի հետ կապված անախորժ երևույթները կամ ցավը մեղմանում և անհետանում են 1-2 օրվա ընթացքում։ Անզգայացման տարբերակից կախված գուցե ձեզ խորհուրդ տան մի քանի ժամ անցկացնել բուժկենտրոնում կամ չթույլատրեն մեքենա վարել։
Խիստ հազվադեպ բիոպսիան կարող է բարդանալ արյունահոսությամբ կամ վարակով։ Ուստի, առանց հետաձգելու դիմեք ձեր բժշկին, եթե բիոպսիայից հետո ձեզ մոտ ի հայտ են գալիս անհայտ ծագման գանգատներ։
Բիոպսիայով նմուշառված հյուսվածքների լաբորատոր հետազոտության պատասխանը սովորաբար տրամադրվում է մի քանի օրվա ընթացքում։ Անպայման բժշկի հետ քննարկեք ձեր պատասխանը։
Հոդվածը հրապարակվել է՝ 07-04-2019
Վերջին վերանայում՝ 28-04-2024