Ուշաթափությունը գիտակցության ժամանակավոր կորուստն է, որն ընթանում է նաև հիշողության կորստով:
Կան ուշաթափության կամ գիտակցության կարճատև կորստի տարբեր պատճառներ՝ ապօրինի թմրամիջոցների կամ ալկոհոլի ազդեցություն, արյան շրջանառության հետ կապված խնդիրներ կամ գլխուղեղի գործունեության հետ կապված խնդիրներ, ինչպիսին է էպիլեպսիան: Ուշաթափությունը սովորաբար անհանգստանալու որևէ խնդիր չի առաջացնում, սակայն կարևոր է ճշտել, թե արդյոք ուշաթափության պատճառը որևէ լուրջ հիվանդություն չէ:
Հաճախ գիտակցության կարճատև կորուստը, ուշաթափությունը և ուշագնացությունն օգտագործվում են փոխարինաբար:
Ի՞նչ է ուշաթափությունը
Ուշաթափությունը բնորոշվում է որպես գիտակցության կարճատև կորուստ: Սովորաբար, մինչև ուշագնացությունն ու ընկնելը, ի հայտ են գալիս տեսողության հանկարծակի մթագնում կամ շփոթվածության զգացում:
Երբեմն մարդիկ կարող են ունենալ հիշողության կորուստ և դա նկարագրել որպես գիտակցության կորուստ, օրինակ՝ ապօրինի թմրամիջոցներ չարաշահելիս կամ ալկոհոլի մեծ քանակներ օգտագործելիս:
Ի՞նչ պատճառներով կարող է առաջանալ ուշաթափությունը
Գիտակցության կարճատև անջատման տարածված պատճառներից մեկը ուշագնացությունն է: Ուշագնացությունը տեղի է ունենում, երբ ձեր սրտազարկը դանդաղում է կամ արյունատար անոթները լայնանում են, որի պատճառով արյան ճնշումն ընկնում է: Նման վիճակի պատճառներից են խիստ տոթ կամ շոգ պայմանները, սուր սթրեսը, սաստիկ ցավերը, խիստ տհաճ հոտը, ուժեղ հազը կամ փորկապությանն ուղեկցող զուգանաում ձգվածությունը: Երբեմն ուշաթափություն կարող է առաջանալ արագ ոտքի կանգնելիս, որը բերում է արյան ճնշման կտրուկ անկման:
Ուշաթափություն կարող է նաև պատճառվել որևէ լուրջ առողջական խնդրով, օրինակ՝
- առիթմիա (սրտի անկանոն ռիթմ)
- սրտի իշեմիկ հիվանդություն
- գլխուղեղի անոթների հետ կապված խնդիրներ
- որոշ հոգեկան հիվանդություններ
- ցնցումային նոպա
- ցածր արյան գլյուկոզ (հիպոգլիկեմիա)
- ապօրինի թմրամիջոցների օգտագործում
- որոշ դեղամիջոցների օգտագործում:
Ուշաթափության բուժումը և կանխարգելումը
Բուժումը կախված է ուշաթափության պատճառից: Օրինակ, եթե պատճառը սրտի անկանոն ռիթմն է, հակաառիթմիկ դեղերը կարող են կանխարգելել կամ բուժել այս վիճակը: Այնուամենայնիվ, միշտ չէ, որ հնարավոր է կանխել ուշաթափությունը:
Եթե զգում եք, որ ձեր գիտակցությունը «անջատվում» է, պառկեք կամ նստած վիճակում մարմինը թեքեք առաջ այնպես, որ ձեր գլուխը գտնվի ծնկների միջև: Փորձեք նաև մարմնի դիրքը փոփոխել կամ ոտքի կանգնել դանդաղորեն, այլ ոչ թե կտրուկ:
Եթե ուշաթափության պատճառն ուշագնացությունն է, փորձեք խուսափել նման վիճակին հասցնող դրդապատճառներից, օրինակ՝ երկար ժամանակ կանգնած վիճակում գտնվելուց կամ ջրազրկումից:
Ալկոհոլով պատճառված ուշաթափություն
Մարդիկ կարող են գիտակցության անջատում կամ «մթագնում» նշել մեծ քանակով ալկոհոլ օգտագործելիս: Նման դեպքում գիտակցության «մթագնումն» ավելի շուտ վերաբերվում է հիշողության կորստին: Երբ ձեր սթափ վիճակը վերականգնվում է, դուք չեք կարողանում հիշել, թե ինչ է տեղի ունեցել, երբ դուք հարբած էիք: Նման վիճակի պատճառն այն է, որ գլխուղեղն ալկոհոլի ներգործության ներքո չի կարողանում ձևավորել նոր հիշողություններ: Որքան շատ ալկոհոլ օգտագործեք, այդքան հիշողության կորուստն ավելի մեծ է դառնում:
Գիտակցության անջատում կամ «մթագնում» առաջանցող քանակով ալկոհոլ օգտագործելիս զարգանում է նաև քայլելու, կանգնած մնալու, խոսքի, տեսողության կամ դատողություններ անելու հետ կապված խնդիրներ: Նման վիճակն ավելի հաճախ առաջանում է, երբ դուք ալկոհոլ օգտագործում եք դատարկ ստամոքսի պայմաններում կամ կարճ ժամանակի ընթացքում ընդունում եք ալկոհոլի մեծ քանակներ: Նույն կերպ, ալկոհոլի՝ գիտակցության վրա ներգործությունը մեծանում է, եթե դուք միաժամանակ օգտագործում եք տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքներ:
Խուսափելով վերոնշյալ իրավիճակներից, դուք էապես նվազեցնում եք ալկոհոլի այսպիսի թունավոր ազդեցությունների ռիսկը:
Ե՞րբ դիմել բժշկական օգնության
Եթե ձեզ մոտ ի հայտ է գալիս ուշաթափություն կամ ուշաթափություն հիշեցնող գիտակցության անջատում, բժշկական օգնության դիմելը պարտադիր է, քանի որ նման վիճակ կարող է առաջանալ որևէ լուրջ հիվանդության պատճառով:
Եթե ձեր հարևանությամբ որևէ մարդու մոտ ի հայտ է գալիս ուշաթափություն, պառկեցրեք նրան անվտանգ կամ այսպես կոչված «ապահովության» դիրքում, բարձրացրեք նրա ոտքերը, արձակեք կիպ հագուստը և զանգեք 1-03 և կանչեք շտապբ օգնություն:
Եթե գիտակցության անջատմանը կամ ուշաթափությանը հետևում է գիտակցության կայուն կորուստ, որն ուղեկցվում է շնչառության խիստ ընկճմամբ կամ բացակայությամբ և խոշոր անոթների վրա անոթազարկի (պուլս) բացակայությամբ, մինչև շտապ օգնության ժամանումը սկսեք իրականացնել սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-06-2019
Վերջին վերանայում՝ 30-04-2024