Արյան թեստը (արյան անալիզ) համարվում է ամենահաճախ օգտագործվող ախտոոշիչ թեստերից մեկը:
Ձեզ կարող են արյան թեստ նշանակել ամենատարբեր պատճառներով՝ սկսած սքրինինգային և կանխարգելիչ նպատակներից մինչև բուժման հսկողություն:
Նախ,, ձեր բժիշկը կարող է նշանակել արյան թեստ, որ գնահատի ձեր ընդհանուր առողջական վիճակը: Այնուհետև, արյան թեստը բավականին օգնում է ձեր բժշկին կոնկրետ որևէ հիվանդություն կամ առողջական վիճակ ախտորոշելիս կամ ժխտելիս: Ընդհանուր առմամբ, արյան թեստի արդյունքները ճիշտ են, բայց կատարյալ չեն:
Մինչև արյան նմուշ հանձնելը
Մինչև թեստի համար արյան նմուշ հանձնելը, ձեզ մոտ գուցե ծագեն որոշ հարցեր, որոնց պատասխանները կարող եք ակնկալել ձեր բժշկից՝
- դուք այդ հետազոտության կարիքն իրականում ունե՞ք
- ինչպիսի՞ ռիսկեր կան, որ, օրինակ, ձեր թեստով ճշգրիտ պատասխան չստացվի
- ի՞նչ կլինի, եթե դուք չհանձնեք այդ թեստը
- ինչքա՞ն ժամանակ և գումար կպահանջի առաջակվող թեստը
- ե՞րբ և ի՞նչ տեսքով ձեզ կտրամադրվի թեստի պատասխանը:
Նկատի ունեցեք, որ որոշ արյան թեստեր պահանջում են հատուկ նախապատրաստություն, օրինակ՝ լաբորատորիա ներկայանալ պարտադիր քաղցած վիճակում, ուստի ճիշտ կլինի, որ այս հարցը նույնպես նախապես քննարկեք ձեր բժշկի հետ:
Ինչպե՞ս է վերցվում իմ արյան նմուշը
Արյան և մյուս լաբորատոր թեստերը կատարվում են լաբորատորիաներում, որոնք կարող են գործել որպես առանձին հիմնարկներ կամ լինեն ախտորոշիչ կամ բժշկական կենտրոնների բաժանմունքներից մեկը: Ձգտեք լաբորատորիա այցելել առավոտյան ժամերին՝ մինչև նախաճաշելը և որևէ ֆիզիկական գործ անելը:
Լաբորատորիայում մինչև արյան նմուշ վերցնելը ձեզ կխնդրեն տրամադրել որոշ անձնական տվյալներ (անուն ազգանուն, ծննդյան ամսաթիվ, բնակության հասցե, հեռախոսահամար կամ էլ. փոստի հասցե, կանանց դեպքում՝ գուցե դաշտանի մոտավոր օրը, հղի կանանց դեպքում՝ հղիության ժամկետը և այլն, որից հետո ձեզ կուղեկցեն միջամտության կաբինետ:
Այստեղ ձեր ձեռքերից մեկնումեկի վրա կտեղադրեն երակային լարան (ժգուտ) բազուկի շրջանում, ստերիլ ասեղով կծակեն ձեր երակի պատը (վենեպունկցիա) և հատուկ փորձանոթի կամ մի քանի փորձանոթի մեջ կհավաքեն ձեր երակային արյունը, որն էլ պետք է հետազոտվի:
Արյան նմուշը վերցնելուց հետո, երբ ասեղը հեռացնեն ձեր երակից, դուք պետք է բամբակով մեկ-երկու րոպե սեղմած պահեք ասեղի ծակած տեղը:
Փորձեք արյան թեստի օրը հանգիստ տալ ձեր այդ ձեռքին, առավել ևս, խուսափել նույն ձեռքով ծանր ֆիզիկական աշխատանք կատարելուց:
Որոշ մարդիկ արյան տեսքից կարող են գլխապտույտ զգալ և անգամ ուշաթափվել: Եթե կարծում եք, որ ձեզ հետ կարող է նման բան տեղի ունենալ, մինչև լաբորատորիա այցելելը խմեք բավարար քանակով ջուր, զգուշացրեք այդ մասին բուժանձնակազմին, իսկ արյան նմուշը հանձնելուց հետո մի քանի րոպե մնացեք նստած վիճակում և խուսափեք կտրուկ կանգնելուց:
Արդյուքները ստանալը
Արյան թեստի պատասխանները կարող են հանձնվել թղթային տարբերակով կամ ուղարկվել ձեր էլեկտրոնային փոստին: Պատասխանները սովորաբար տրվում են նույն օրը, թեև որոշ թեստեր պահանջում են 1-2 օր: Ստացված պատասխանները քննարկեք միայն ձեր բժշկի հետ:
Ի՞նչ են իրենցից ներկայացնում լաբորատոր թեստի արդյունքները
Լաբորատոր թեստի պատասխանն իրենից ներկայացնում է հետազոտված ցուցանիշների թվարկումը՝ իրենց չափման միավորներով, նորմաներով (սովորաբար, ոչ թե մեկ թիվ, այլ որպես ստորին և վերին սահմանակետերի միջև ընկած ռեֆերենս միջակայք) և ձեր արդյունքներով:
Ձեր արյան և մյուս բոլոր թեստերի արդյունքներն ամենահաջող կերպով ձեզ կբացատրի ձեր բժիշկը: Հիշեք, որ նույն թեստի նույն ցուցանիշը (արդյունքը) ձեզ համար կարող է լինել նորմալ, իսկ մեկ այլ մարդու համար՝ շեղված, և հակառակը: Նաև հաշվի առեք, որ տարբեր լաբորատորիաներ կարող են թեստի արդյունքները ներկայացնել տարբեր չափման միավորներով:
Այսպիսով, լաբորատոր թեստի արդյունքները օգտակար են միայն այն ժամանակ, երբ դրանք մեկնաբանվում են ձեր բժշկի կողմից՝ համադրելով հետևյալ տվյալների հետ՝
- ինչո՞ւ եք դուք հանձնել այդ թեստը (նպատակը)
- ձեր տարիքը և սեռը, նաև՝ էթնիկ պատկանելիությունը
- ձեր զբաղմունքը և աշխատանքի բնույթը
- ձեր ընդհանուր առողջական վիճակը և առկա գանգատներն ու ախտանիշները
- ձեր հիվանդության, ընտանեկան և սոցիալական պատմությունը (անամնեզ)
- ձեր ապրելակերպը
- ձեր կողմից ընդունվող դեղամիջոցները, հաճախ նաև՝ դրանց դեղաչափերը:
Մի՞շտ են արդյոք թեստի պատասխանները բավարար ճշգրիտ
Արյան թեստի արդյունքներն ընդհանուր առմամբ ճիշտ են, սակայն որոշ ցուցանիշներ կարող են շեղված լինել: Օրինակ՝
- ստանաք շեղված արդյունք, մինչդեռ իրականում լինի նորմալ (կեղծ դրական պատասխան)
- հակառակը, ստանաք նորմալ միջակայքում ընկած արդյունք, մինչդեռ իրականում ձեր այդ ցուցանիշը լինի շեղված (կեղծ բացասական պատասխան):
Ինչպիսին էլ լինեն ձեր թեստի արդյունքները, ձեր բժիշկը ոչ թե ամբողջապես հիմնվում է այդ պատասխանների վրա, այլ դրանք համադրում այլ տվյալների հետ՝ առողջական վիճակ, առկա գանգատներ ու ախտանիշներ, զննմամբ և այլ հետազոտություններով ստացված արդյունքներ և այլն:
Հնարավոր սխալմունքը հատուկ է ոչ միայն արյան կամ այլ լաբորատոր թեստերին, այլ նաև գործիքային հետազոտություններին, բուժմանը և, ընդհանուր առմամբ, ամեն ինչին:
Կա՞ն արդյոք արյան թեստեր, որոնք ես կարող եմ չհանձնել
Այո, տարբեր լաբորատորիաներում ձեզ կարող են առաջարկել չապացուցված, ոչ վստահելի կամ կոնկրետ ձեզ համար ոչ անհրաժեշտ որոշ թեստեր և այլ հետազոտություններ: Նման իրավիճակներից խուսափելու լավագույն ճանապարհը միայն ձեր բժշկի ցուցումով հետազոտություններն անցնելն է: Ընդ որում, խոսքը վերաբերվում է բոլոր, այլ ոչ թե միայն արյան թեստերին:
Ի՞նչ արժեն արյան հետազոտությունները
Ի սկզբանե, տարբեր թեստեր ունեն տարբեր ինքնարժեք, հետևաբար՝ տարբեր գներ: Սակայն թեստի գները կարող են տարբերվել նաև կախված նրանից, թե որ լաբորատորիայում եք դրանք հանձնել:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024