Արյան փոխներարկումը բժշկական միջամտություն է, որի ժամանակ ձեզ տրվում է այլ մարդկանց՝ դոնորական արյան բաղադրամասեր:
Ի՞նչ է արյան փոխներարկումը
Արյան փոխներարկումը բուժման առանձնահատուկ մեթոդ է, երբ հիվանդի (ռեցիպիենտ կամ «ընդունող») արյունատար համակարգ ներարկվում է առողջ մարդուց կամ մարդկանցից (դոնոր կամ «տվող») վերցված արյան բաղադրամասեր՝ արյան կարմիր բջիջներ (էրիթրոցիտներ), արյան սպիտակ բջիջներ (լեյկոցիտներ), արյան թիթեղիկներ (թրոմբոցիտներ), արյան հեղուկ մասը (պլազմա) և այլն։ Այն բավականին անվտանգ է և որոշ անհետաձգելի իրավիճակներում կարող է ստանալ կյանք փրկող նշանակություն: Եթե առաջանում են բարդություններ, ապա հիմնականում դրանք ունենում են թեթև ընթացք: Խիստ հազվադեպ կարող են զարգանալ ծանր, անգամ՝ կյանքին սպառնացող բարդություններ:
Ե՞րբ կարող է ինձ առաջարկվել արյան փոխներարկում
Ձեր բժիշկը կարող է ձեզ առաջարկել արյան փոխներարկում, եթե՝
- դուք կորցրել եք շատ արյուն, օրինակ՝ վիրահատության, ծննդաբերության կամ ծանր դժբախտ պատահարի պատճառով
- դուք ունեք ծանր անեմիա (սակավարյունություն), որն այլ կերպ բուժվել չի կարող
- դուք ստանում եք քաղցկեղի դեմ բուժում կամ ցողունային բջիջների փոխպատվաստում, որը կարող է նվազեցնել ձեր արյան բջիջների քանակը (կոչվում են նաև արյան ձևավոր տարրեր):
Որո՞նք են արյան փոխներարկման վտանգները
Մեր օրերում արյան փոխներարկման հետևանքով առաջացած ռիսկերը զգալիորեն նվազեցված են՝ շնորհիվ դոնորական արյան ստացման, պահպանման և անվտանգության մեթոդների ու տեխնոլոգիաների կատարելագործման: Սակայն, ինչպես բոլոր բժշկական միջամտությունները, արյան փոխներարկումը ևս զերծ չէ ռիսկերից կամ բարդություններից:
Արյան փոխներարկման հետ կապված հիմնական ռիսկերն են՝
- ալերգիկ ռեակցիաներ, օրինակ՝ եղնջացան, քոր կամ տենդ, որոնք ամենահաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններն են
- խիստ հազվադեպ կամ բացառիկ դեպքերում՝ արյունածին վարակներ (հեպատիտ B, հեպատիտ C, ՄԻԱՎ և այլն)
- եզակի կամ բացառիկ դեպքերում՝ սուր իմունային հեմոլիտիկ ռեակցիա, երբ դոնորական և ռեցիպիենտի արյան միջև առկա է անհամատեղելիություն, որը հանգեցնում է դոնորական էրիթրոցիտների քայքայման (հեմոլիզ) և երիկաների ծանր ախտահարման
- ուշացած հեմոլիտիկ ռեակցիաներ, որը նման է նախորդին, սակայն զարգանում է ավելի դանդաղորեն՝ մինչև 4 շաբաթվա ընթացքում:
Ընդհանուր առմամբ, դոնորական արյունը ստացվում է կամավոր առողջ մարդկանցից՝ դոնորներից: Դոնորական արյունը մանրակրկիտ ստուգվում է, որպեսզի մինչև հիվանդին փոխներարկելը բացառվեն արյունածին վարակները, ինչպիսիք են վիրուսային հեպատիտները և ՄԻԱՎ-ը: Միևնույն ժամանակ որոշվում է այդ (ինչպես նաև հիվանդի) արյան տեսակը (արյան խումբ և ռեզուս պատկանելիություն) և անցկացվում դոնոր և ռեցիպիենտ արյունների անմիջական համատեղելիության թեստ:
Արյան փոխներարկման տարբեր տեսակները
Դոնորական արյունը կարող է բաժանվել տարբեր բաղադրիչների, որոնք կոչվում են արյան բաղադրամասեր: Անհրաժեշտության դեպքում ձեզ կարող են առաջարկել արյան այն բաղադրամասը, որի կարիքը դուք ունեք:
Փոխներարկման համար կարող են առաջարկվել արյան հետևյալ բաղադրամասը՝
- արյան կարմիր գնդիկներ (էրիթրոցիտներ). արյան այս բջիջները թթվածինը տեղափոխում են դեպի հյուսվածքներ և կարող են փոխներարկվել՝ բուժելու էրիթրոցիտների քանակի կտրուկ անկմամբ պատճառված ծանր անեմիան (սակավարյունություն)
- արյան սպիտակ գնդիկներ (լեյկոցիտներ). այս բջիջներն ապահովում են հումորալ իմունիտետը, մասնակցում վարակների դեմ օրգանիզմի պայքարին և կարող են փոխներարկվել՝ բուժելու ծանր վարակները
- արյան թիթեղիկներ (թրոմբոցիտներ). արյան թիթեղիկները մասնակցում են արյան մակարդելիությանը և կարող են փոխներարկվել՝ օգնելու արյունահոսության կանխարգելմանը կամ դադարեցմանը
- արյան պլազմա. սա արյան հեղուկ մասն է, որը պարունակում է արյան մակարդելիության գործոններ, այլ սպիտակուցներ և հակամարմիններ և կարող է փոխներարկվել՝ օգնելու արյունահոսության կանխարգելմանը կամ դադարեցմանը, օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը կամ թունավոր նյութերի չեզոքացմանը:
Ավելի հաճախ կիրառվում է արյան կարմիր գնդիկների փոխներարկումը:
Արյան բոլոր բաղադրամասերը ներառող ամբողջական արյան փոխներարկում այսօր գործնականում չի իրականացվում, քանի որ մեծ է տարբեր բադրությունների առաջացման վտանգը:
Ի՞նչ է տեղի ունենում արյան փոխներարկման ընթացքում
Ոչ անհետաձգելի (պլանային) փոխներարկումից առաջ ձեզ կխնդրեն նստել կամ պառկել հարմարավետ դոնորական բազկաթոռին կամ բազմոցին, որից հետո ձեզ կմիացնեն ներերակային կաթետեր և կաթիլային եղանակով կներմուծեն դոնորական արյան որևէ բաղադրամաս:
Մեկ միավոր (փաթեթ) արյան բաղադրամասի փոխներարկումը կարող է տևել մինչև 4 ժամ: Այս ընթացքում բուժանձնակազմը պարբերաբար ստուգում է ձեր արյան ճնշումը, անոթազարկը (պուլս), մարմնի ջերմաստիճանը, ըստ անհրաժեշտության՝ նաև այլ ցուցանիշներ:
Ինչպե՞ս եմ ես զգում փոխներարկման ընթացքում և հետո
Մարդկանց մեծ մասը փոխներարկման ընթացքում հարկադիր դիրքից բացի որևէ այլ գանգատ չի նշում, թեև որոշ դեպքերում կարող են ի հայտ գալ թեթև ջերմության կամ սառնության զգացողություններ:
Ձեր բժիշկը և բուժքույրերը ձեր կողքին են լինելու, ուստի, տեղեկացրեք նրանց, եթե ունեք որևէ գանգատ կամ անսովոր զգացողություն, այդ թվում՝
- ջերմության բարձրացում
- շնչարգելություն
- դող և սարսուռ
- անսովոր քոր
- կրծքավանդակի կամ գոտկային ցավեր
- անհարմարավետության զգացում:
Եթե փոխներարկումից հետո վերադարձել եք տուն և ի հայտ են եկել սուր գանգատներ, օրինակ՝ շնչարգելություն, ետկրծոսկրային կամ գոտկային ցավեր, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն: Անպայման տեղեկացրեք շտապ օգնության բուժանձնակազմին, որ ենթարկվել եք արյան փոխներարկման միջամտության:
Կարո՞ղ եմ արդյոք հրաժարվել այս միջամտությունից
Այո, դուք որևէ պատճառով կարող եք հրաժարվել արյան փոխներարկումից, սակայն պետք է նկատի ունենալ, որ նման որոշում կայացնելու առողջական բոլոր հետևանքների պատասխանատվությունը մնում է ձեր վրա:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-05-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024