Արյան տեսակներ (խումբ և ռեզուս)
22-05-2020
2 րոպե

Բոլոր մարդկանց արյունը կազմված է նույն հիմնական կառուցվածքային տարրերից, սակայն տարբեր մարդկանց արյունները միմյանցից տարբերվում են բազմաթիվ այլ հատկանիշներով:
Յուրաքանչյուր մարդու արյունը կարող է լինել 8 տարբեր տեսակներից մեկնումեկը և այն, թե ձեր արյունը որ տեսակին է պատկանում, որոշվում է ձեր գեներով, որոնք ժառանգել եք ձեր ծնողներից և ձևավորվում ձեր դեռևս սաղմնային զարգացման վաղ շրջանում: Այն չի փոխվում ձեր ամբողջ կյանքի ընթացքում:
Արյան հիմնական տարրերը
Չափահաս մարդկանց մեծ մասն ունի 4-6 լիտր արյուն: Ձեր արյունը կազմված է տարբեր տեսակի բջիջներից (կոչվում են նաև արյան ձևավոր տարրեր), որոնք պլազմայի մեջ «կախված» վիճակում շրջանառում են արյան հունով: Այսպիսով, արյունը կազմված է հետևյալ երեք տեսակի բջիջներից և հեղուկ մասից՝
- արյան կարմիր բջիջներ կամ գնդիկներ (էրիթրոցիտներ), որոնք թթվածինը տեղափոխում են դեպի հյուսվածքներ և այնտեղից հեռացնում ածխաթթու գազը
- արյան սպիտակ բջիջներ կամ գնդիկներ (լեյկոցիտներ), որոնք ոչնչացնում են օտարածին օրգանիզմները և պայքարում վարակի դեմ
- արյան թիթեղիկներ (թրոմբոցիտներ), որոնք օգնում են արյան մակարդմանը
- արյան պլազմա, որն արյան հեղուկ մասն է և պարունակում է սպիտակուցներ, այլ օրգանական նյութեր և աղեր:
Ձեր արյունը մեկ այլ մարդու արյունից տարբերվում է սպիտակուցային մոլեկուլների տարբեր զուգակցումների միջոցով: Այս սպիտակուցները ձեր արյան հակածիններն ու հակամարմիններն են:
Հակածինները (անտիգեն) գտնվում են ձեր արյան կարմիր բջիջների մակերևույթին, իսկ հակամարմինները՝ պլազմայում: Արյան կարմիր բջիջների հակածինների և պլազմայի հակամարմինների տարբեր զուգակցումներով էլ ձևավորվում է ձեր արյան տեսակը:
Արյան տարբեր տեսակները
Գոյություն ունեն արյան 4 հիմնական խմբեր և 8 տեսակներ: Բժիշկները սա անվանում են արյան խմբի ABO համակարգ:
Արյան խմբերը հիմնված են այն բանի վրա, թե ձեր արյան կարմիր բջիջների մակերեսին երկու հատուկ հակածիններց ո՞րն է առկա:
- О (I) խումբը չունի A և B հակածիններից և ոչ մեկը, սակայն α և β հակամարմիններից՝ երկուսն էլ
- A (II) խումբն ունի A հակածին և β (բետա) հակամարմին
- B (III) խումբն ունի B հակածին և α (ալֆա) հակամարմին
- AB (IV) խումբն ունի A և B հակածինները, սակայն α և β հակամարմիններից՝ և ոչ մեկը:
Մարդու արյան մեջ միասին կարող են գտնվել միայն տարասեռ հակածիններ և հակամարմիններ (А և β, B և α), քանի որ միասեռի դեպքում (А և α, B և β ) տեղի է ունենում արյան կարմիր մարմնիկների միակպչում՝ սոսնձում (հեմագլուտինացիա), որը բերում է էրիթրոցիտների քայքայման (հեմոլիզ) և դրանցից մակարդման գործոնների անջատման, որոնք էլ իրենց հերթին առաջանում են արյան ներանոթային մակարդուկներ:
Այսպիսով, I (Օ) խմբի մարդկանց արյունը կարելի է ներարկել բոլոր խմբերին, ուստի նրանք կոչվում են ունիվերսալ դոնորներ, իսկ IV (AB) խմբի մարդիկ կարող են արյուն ստանալ բոլոր խմբերից և կոչվում են ուներսալ ռեցիպիենտնեչ։ II (A) և III (B) խմբերի մարդիկ կարող են արյուն տալ միայն իրենց խմբի մարդկանց ու IV խմբին։
Գոյություն ունի նաև հակածինի երրորդ տեսակը, որը կոչվում է ռեզուս (Rh) գործոն: Դուք կամ ունեք այս հակածինը (որը նշանակում է, որ ձեր արյունը «Rh+» կամ «ռեզուս-դրական» տեսակի է) կամ էլ չունեք նույն հակածինը (որը նշանակում է, որ ձեր արյունը «Rh-» կամ «ռեզուս-բացասական» տեսակի է):
Այսպիսով, արյան 4 խմբերով և ըստ ռեզուսի 2 տեսակներով կազմավորվում է արյան 8 տեսակները:
- I (Օ) դրական կամ I (Օ) բացասական
- II (A) դրական կամ II (A) բացասական
- III (B) դրական կամ III (B) բացասական
- IV (AB) դրական կամ IV (AB) բացասական:
Արյան խմբերը որոշող հակածինները ժառանգաբար փոխանցվում են սերնդե-սերունդ և չեն փոխվում կյանքի ընթացքում։
Մարդկանց 40-50 %-ը ունի I (Օ) խմբի արյուն, 30-40 %-ը՝ II (A), 10-20 %-ը՝ III (B), իսկ 5 %-ը՝ IV (AB) խումբ։ Մարդկանց 85%-ի արյունը ռեզուս (Rh) դրական է, իսկ 15%-ը՝ ռեզուս (Rh) բացասական: Եթե հաշվի առնենք նաև ռեզուս (Rh) գործոնը, ապա ամենահաճախ հանդիպող արյան տեսակը I (Օ) դրականն է, իսկ ամենահազվադեպը՝ IV (AB) բացասական:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021