Շնչառության հետ կապված խնդիրները մարդիկ առաջին հերթին կապում են գլխավոր «շնչող» օրգանի՝ թոքերի հետ։
Սա, իհարկե, ճիշտ է, սակայն պետք է հաշվի առնել, որ կան նաև շնչարգելությամբ կամ հևոցով ուղեկցվող բազմաթիվ արտաթոքային պատճառներ և խնդիրներ։
Շնչառական խնդիրները կարող են մի դեպքում զարգանալ դանդաղորեն, իսկ մեկ այլ դեպքում սկսվել սուր և հանկարծակի։ Ըստ ընթացքի դրանք կարող են լինել թեթև՝ քիչ անհանգստացնող, չափավոր ծանրության, ծանր և կյանքին սպառնացող։
Շնչառական խնդիրների պատճառները
Սուր շնչարգելության և հևոցի ամենատարածված պատճառներից են՝
- թոքային խնդիրներ, օրինակ՝ թոքի կոլապս (պնևմոթորաքս), թոքային անոթների խցանում արյան մակարդուկներով (թոքային էմբոլիա), ասթմայի նոպա և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ)՝ սրացման շրջանում, ինչպես նաև ավելի հազվադեպ հանդիպող որոշ թոքային հիվանդություններ
- սրտային խնդիրներ
- ալերգիկ ռեակցիաներ
- խուճապի նոպա կամ տագնապ
- թունավորումներ
- օտար մարմին շնչուղիներում։
Շնչարգելության այլ տարածված պատճառներից են նաև՝
- շնչուղիների վարակներ, օրինակ՝ կրուպ (մանկահասակ երեխաների մոտ), բրոնխիտ, թոքաբորբ, գրիպ և մրսածություն
- այլ, տարածուն և տենդով ընթացող վարակներ
- տարբեր քրոնիկ նյարդային և մկանային հիվանդություններ:
Որոշ մարդկանց մոտ հևոցը կարող են ստանալ կայուն՝ քրոնիկ բնույթ։ Նման իրավիճակներից են՝
- ծխախոտի օգտագործում
- գիրություն (ճարպակում)
- բուժումից դուրս մնացած կամ ոչ արդյունավետ բուժվող ասթմա և ԹՔՕՀ
- սակավարյունություն (անեմիա)
- սրտային անբավարարություն կամ սրտային այլ խնդիրներ։
Շնչառական խնդիրների ախտանիշները
Շնչառական խնդիրները կարող են դրսևորվել հետևյալ նշաններով՝
- օդի պակասի կամ անբավարարության զգացում և շնչարգելություն՝ շնչելու համար լրացուցիչ ջանքերի գործադրում
- հևոց՝ շնչառության հաճախացում
- հազ՝ չոր կամ խորխով
- շնչառությանն ուղեկցող խզզոցներ, որոնք կարող են լսվել տարածության վրա
- վատ ինքնազգացողություն, ընդհանուր անհանգստություն, տագնապ և խուճապ՝ իրենց բնորոշ նշաններով
- մաշկի գունատություն, ծանր դեպքերում՝ ցիանոզ (շրթունքների կամ մատների կապտավուն երանգ)
- առատ կամ գիշերային քրտնարտադրություն:
Ըստ ծանրության աստիճանի այս ախտանիշները կարող են լինել սկսած թեթևից մինչև ծանր։ Օրինակ, օդի պակասի զգացումը կարող է վերափոխվել շնչարգելության և ծանր հևոցի կամ խզզոցները կարող են լսվել միայն բժշկի կողմից՝ թոքերը սթետոսկոպով լսելիս կամ տարածության վրա (դիստանցիոն)։
Ե՞րբ զանգել 1-03
Առանց հետաձգելու զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն, եթե՝
- օդի պակասի զգացումը, շնչարգելությունը և հևոցը սկսվում են հանկարծակի
- շնչարգելությունն ու հևոցն այն աստիճան են խորանում, որ դժվարանում եք խոսել կամ խոսքը մինչև վերջ արտաբերել
- շնչարգելությունն ու հևոցն ուղեկցվում են այլ նշաններով, օրինակ՝ ետկրծոսկրային, ձեռքերի, ուսագոտու կամ թիկունքի շրջանի ցավեր, քրտնարտադրություն, գլխապտույտ և ինքնազգացողության կտրուկ վատթարացում։
Ի՞նչ անել մինչև շտապբուժօգնության ժամանումը
- Պահեք ձեզ հանգիստ և խուճապի մի՛ մատնվեք:
- Ընդունեք ուղղահայաց դիրք՝ նստեք աթոռին, կիսանստեք անկողնու մեջ կամ կանգնեք:
- Ապահովեք սենյակի մաքուր օդ (բացեք պատուհանը):
- Կապի մեջ մնացեք 1-03 հեռախոսավարի հետ, լսեք ու կատարեք նրա հրահանգները։
Ե՞րբ դիմել բժշկին
Պայմանավորվեք և հանդիպեք բժշկին, եթե զարգացել են հետևյալ նշանները՝
- ոտքերի կամ դեմքի այտուցներ
- օդի պակասը և հևոցը սաստկանում են, երբ պառկում եք հորիզոնական դիրքով կամ մեղմանում են անկողնում նստելուց կամ գլխատակը բարձրացնելուց
- ջերմություն, դող, սարսուռ և հազ
- շրթունքների կամ մատների կապտավուն երանգ
- շնչելուց լսվում են տարօրինակ ձայներ և խզզոցներ
- շնչելու համար լրացուցիչ ջանքեր եք գործադրում՝ օգտագործելով ուսագոտու կամ որովայնի մկանները
- չնայած որոշ բուժական միջոցառումներին, ինքնազգացողությունը չի բարելավվում։
Շնչառական խնդիրների ախտորոշումը
Երբ այցելեք բժշկին, ձեզ հետ զրուցելուց և գանգատները լսելուց հետո բժիշկը կարող է նշանակել շնչառական խնդիրների բերող հիվանդությունների ախտորոշումը ճշտելու համար նախատեսված մի շարք հետազոտություններ, այդ թվում՝
- արյան թեստեր
- կրծքավանդակի ռենտգեն կամ ավելի հազվադեպ՝ համակարգչային տոմոգրաֆիկ (ԿՏ) հետազոտություն
- արտաքին շնչառության (թոքերի գործունեության) գնահատման թեստեր։
Բուժում
Շնչարգելության բերող հիվանդության բուժումը կարող է ներառել՝
- եթե ծխող եք, ծխախոտից հրաժարվելը
- դեղորայքային բուժում
- ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ
- բուժական մարմնամարզություն։
Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 30-04-2024