Առողջական խնդիրներ
Բրոնխոէկտազ

3 րոպե
Բրոնխոէկտազը թոքերի օդատար ուղիների ախտահարմամբ ընթացքող հիվանդություն է, որը պատճառում է այդ ուղեիների կայուն լայնացում։
Բրոնխոէկտազի վաղ ախտորոշումը և բուժումը կարևոր են, որպեսզի կանխարգելվի թոքերի հետագա ախտահարումը։ Եթե դուք ունեք բրոնխոէկտազ, կարևոր է, որպեսզի սովորեք, թե ինչպես կարելի է շարունակական բուժման և խնամքի միջոցներով վերահսկել ձեր վիճակը։
Բրոնխոէկտազի տեսակները
Բրոնխոէկտազը սովորաբար պատճառվում է թոքերի երկար ընթացքով վարակային բորբոքումից։ Թոքերի օդատար ուղիների ախտահարումն ուղեկցվում է դրանց պաշտպանական գործառույթների, օրինակ՝ լորձի մաքրման թուլացմամբ կամ վերացմամբ: Լորձն արտադրվում է օդատար ուղիների կողմից և օգնում է փոշու և այլ փոքր մասնիկների՝ շնչուղիներով հեռացմանը։
Օդատար ուղիներում կուտակվող լորձը կարող է վարակվել, որն առաջացնում է այդ ուղիների լորձաթաղանթի բորբոքային այտուց, բրոնխների խցանում և թոքային վարակների կրկնություն։ Ախտահարված բրոնխները լայնանում են և ի վիճակի չեն լինում ամբողջությամբ դուրս բերել լուսանցքում կուտակված արտազատուկը
Բրոնխոէկտազի հանգեցնող թոքային վարակների օրինակներից են՝
- ցիստիկ ֆիբրոզ՝ հազվադեպ հանդիպող ժառանգական հիվանդություն, որի ժամանակ թոքերի օդատար ուղիներում արտադրվում և կուտակվում է մածուցիկ և կպչուն լորձ (հանդիսանում է բրոնխոէկտազի դեպքերի կեսի պատճառը)
- սուր թոքաբորբ
- տուբերկուլոզ
- սնկային վարակներ։
Բրոնխոէկտազի այլ, ավելի հազվադեպ հանդիպող պատճառներից են՝
- աուտոիմուն հիվանդություններ, օրինակ՝ ռևմատոիդ արթրիտ և Կրոնի հիվանդություն
- ալերգիկ բորխոթոքային ասպերգիլոզ, որն Aspergillosis սնկի նկատմամբ ալերգիկ ռեակցիա է
- բնածին խանգարումներ։
Երբեմն բրոնխոէկտազի հստակ պատճառ գտնելը խիստ դժվարանում է կամ դառնում է անհնար։
Բրոնխոէկտազի ախտանիշները
Ամենահաճախ հանդիպող ախտանիշը մշտական հազն է, որն ուղեկցվում է խորխով։ Խորխը թքի և լորձի խառնուրդն է, որը հազալիս դուրս է գալիս ձեր շնչուղիներից։ Բրոնխոէկտազի դեպքում խորխն առատ է և ունի կանաչավուն կամ դեղնավուն գունավորում։
Այլ ախտանիշներից են՝
- սինուսիտ (հարքթային խոռոչների բորբոքում, որը հաճախ ուղեկցվում է հարբուխի հետ)
- ընդհանուր թուլություն և հոգնածության զգացում
- օդի պակասի զգացում, հևոց կամ խզզոցներ
- կրծքավանդակի շրջանի ցավեր կամ լարվածության զգացում
- արյունային հազ կամ արյուն խորխում (չոր բրոնխոէկտազ, եթե խորխ չկա)։
Բրոնխոէկտազի ախտորոշումը
Բժիշկը կլսի ձեզ, կտա որոշ հարցեր՝ կապված ձեր գանգատների և ընդհանուր առողջական վիճակի մասին։ Բժիշկը նաև կզննի ձեզ, այդ թվում՝ սթետոսկոպով կլսի ձեր թոքային շնչառությունը։
Դուք հավանաբար կուղեգրվեք պատկերման որոշ հետազոտությունների՝ կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ)։ Բժիշկը կարող է ձեզ առաջարկել նաև խորխի մանրէաբանական հետազոտություն՝ հայտնաբերելու որևէ բակտերիա կամ սունկ։
Բրոնխոէկտազի կամ հարակից վիճակների ախտորոշման համար նշանակվող այլ հետազոտություններից են՝
- արյան հետազոտություններ՝ ուղղված վարակների կամ ձեր գանգատների այլ հավանական պատճառների հայտնաբերմանը
- շնչառական թեստեր, որոնց նպատակը թոքերի գործունեության գնահատումն է։
Բրոնխոէկտազի բուժումը
Բրոնխոէկտազի բուժումը կարող է ներառել վարակի դեմ պայքարը, ախտանիշների մեղմացումը և թոքերի հետագա ախտահարման կանխարգելումը։
Ձեզ կարող են նշանակվել հետևյալ դեղերը՝
- հակաբիոտիկներ՝ վարակը բուժելու համար
- բրոխները լայնացնող դեղեր (բրոնխոդիլատատորներ կամ բրոնխալայնիչներ), որոնք հեշտացնում են շնչառությունը
- ինհալացվող կորտիկոստերոիդներ, որոնք մեղմացնում են բրոնխների բորբոքումն ու այտուցը
- խորխալուծ դեղեր, որոնք ջրիկացնում են խորխը և հեշտացնում հազով հեռացումը։
Ֆիզիոթերապևտը կարող է նշանակել որոշ միջոցներ, որոնք կարող են մաքրել ձեր թոքերի օդատար ուղիները լորձի կամ խորխի ավելցուկներից։ Այլ միջոցներից են բուժական ֆիզկուլտուրան, շնչառական և հազի վարժությունները և այնպիսի դիրքի ընտրությունը, որի դեպքում խորխն ավելի հեշտությամբ է հեռացվում։
Եթե ծխող եք, ապա փորձեք ձերբազատվել ծխախոտից։
Դուք կարող եք նաև՝
- խորհուրդ հարցնել ձեր բժշկից գրիպի և պնևմոկոկային հիվանդության դեմ պատվաստվելու համար
- հոգ տանել ձեր ընդհանուր առողջության համար՝ դարձնելով ձեր ապրելակերպն ավելի առողջ
- պարբերաբար այցելել ձեր բժշկին և անցնել ընդհանուր առողջության ստուգում։
Ե՞րբ դիմել բժշկին
Շատ կարևոր է, որ դուք սկսեք ձեր բուժումը հնարավորինս շուտ, քանի դեռ հիվանդությունը չի ծանրացել և չի ներառել այլ օրգան-համակարգեր, օրինակ՝ սիրտը։ Դիմեք ձեր բժշկին, եթե դուք ունեք երկար ժամանակ շարունակվող հազ՝ անկախ խորխարտադրությունից։
Հոդվածը տեղադրվել է՝ 27-05-2019 վերանայվել է՝ 16-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: