Բութ կամ կոշտ առարկաներից, հարվածներից և այլ կերպ առանց մաշկի ամբողջականության խախտման վնասվածքները հանդիսանում են վնասվածքների ամենահաճախ հանդիպող տեսակները:
Մեզնից յուրաքանչյուրը ժամանակ առ ժամանակ ստանում է նման վնասվածքներ: Երբեմն փակ վնասվածքներն ուղեկցվում են ուժեղ ցավերով կամ արյունազեղումներով և բերում այլ՝ ավելի լուրջ վնասվածքների, օրինակ՝ կոտրվածքներ:
Փակ վնասվածքների ախտանիշները
Փակ վնասվածքների առաջացրած գանգատները մեծապես կախված են վնասվածքի ուժգնությունից, բնույթից, ինչպես նաև վնասման ենթարկված շրջանից կամ վնասված օրգանից: Եթե թույլ վնասվածքները կարող են որևէ անհանգստացնող նշան չունենալ, ծանր կամ մեծ վնասվածքները կարող են առաջացնել ազդեցության ենթարկված շրջանի ուժեց ցավ, այտուցվածություն կամ արյունազեղումներ: Վերջինս առաջանում է ենթամաշկային փոքր արյունատար անոթների վնասման պատճառով, երբ արյունը կուտակվում է մաշկի տակ՝ նրան տալով մանուշակագույն կամ կարմիր երանգավորում (կապտուկ):
Ե՞րբ է պետք դիմել բժշկին
Երբեմն դժվար է հասկանալ, թե ինչ ծանրության աստիճան ունի կամ ինչ բարդություններ ու հետևանքներ կարող է հասցնել փակ վնասվածքը: Բոլոր այն դեպքերում, երբ կասկածում եք, արեք այն, ինչ կձեռնարկեիք վնասված շրջանում կոտրվածք ստանալիս:
Մասնավորապես, դուք պետք է կապ հաստատեք բժշկի հետ, եթե՝
- ցավեն ուժեղ կամ անդիմադրելի են
- չեք կարողանում շարժել վնասված մասը կամ շարժումներն ուղեկցվում են սաստիկ ցավերով
- վնասված տեղամասն արագորեն այտուցվում և արյունազեղվում է
- վնասված շրջանը կամ օրգանը նորմալ չի գործում:
Կարևոր է ձեր բժշկին այցելել նաև բոլոր այն դեպքերում, երբ դուք կամ ձեր երեխան կարծես թե ավելի հեշտությամբ եք արյունազեղում ունենում, քան այլ մարդիկ, երբ արյունազեղումներն ընդգրկում են մեծ մակերեսներ կամ վնասվածքն ուղեկցվում է նաև արյունահոսությամբ (օրինակ՝ հաճախակի քթային արյունահոսություններ):
Ինչպե՞ս բուժել փակ վնասվածքները և արյունազեղումները
Դուք կարող եք դիմել հետևյալ 4 հաջորդական միջոցառումներին (անգլերեն հապավումը՝ R.I.C.E.):
- հանգիստ տվեք վնասված շրջանին (Rest)
- վնասված շրջանին 20 րոպեն մեկ դրեք սառցեպարկ և պահեք 20 րոպե (Ice)
- վնասված շրջանին դրեք քիչ սեղմող, սական ոչ շատ ճնշող բինտային վիրակապ (Compress)
- վնասված շրջանին բարձր դիրք տվեք (Elevate):
Կարելի՞ է արդյոք փակ վնասվածքը կամ արյունազեղումը կանխարգելել
Փակ վնասվածքները կարող են իրենց բնույթով կամ հանդիպման հաճախականությամբ լինել խիստ տարբեր: Օրինակ, երեխաները կարող են ավելի հաճախ վնասվածք ստանալ, քանի որ ֆիզիկապես ավելի ակտիվ են, իսկ մեծ տարիքով մարդկանց մոտ նույնիսկ փոքր վնասվածքը կարող է բերել անհամարժեք արյունազեղման, քանի որ նրանց արյունատար անոթների պատը փխրուն և թուլացած է:
Դուք կարող եք որոշակիորեն կանխարգելել վնասվածքները՝ ձեր տան խելամիտ կահավորմամբ, վերացնելով հատակին առկա թափթփված լարերն ու այլ փոքր առարկաները, կրելով հարմարավետ հողաթափիկներ, տեղեկանալով ձեր ընդունած դեղերի թուլացնող կամ քնաբեր ազդեցությունների մասին, պարբերաբար ստուգելով ձեր տեսողությունը և լսողությունը և այլն:
Փակ վնասվածքների բարդությունները
Եթե ձեզ մոտ հաճախակի են արյունազեղումներ առաջանում, պատճառը կարող է լինել ձեր ընդունած դեղերը (օրինակ՝ Ասպիրին կամ հակամակարդիչներ):
Հազվադեպ, հեշտ արյունազեղումը կարող է հանդիսանալ մեկ այլ, սովորաբար ավելի ծանր հիվանդության նշաններից մեկը, օրինակ՝ արյան կամ արյունաստեղծ համակարգի հիվանդություններ կամ արյան մակարդելիության խանգարումներ:
Բոլոր դեպքերում, եթե փակ վնասվածքը կամ դրա բարդությունները ձեզ անհանգստացնում են, առանց հետաձգելու դիմեք բժշկական օգնության:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-04-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024