Առողջական խնդիրներ
Ոտքի առաջին մատի վալգուսային դեֆորմացիա (բունիոն)

2 րոպե
Սա ոտքի առաջին (մեծ) մատը ոտնաթաթին միացնող գլխավոր հոդի ախտահարում է, որը նույն մատը ծռում-թեքում է դեպի ներս՝ ոտքի մյուս մատները:
Այս վիճակը կարող է առաջացնել հոդի կարմրություն և ցավոտություն, թեև այլ դեպքերում որևէ անհանգստություն կարող է չառաջացնել:
Ի՞նչ է ոտքի առաջին մատի վալգուսային դեֆորմացիան
Լատիներենից «վալգուսը» թարգմանվում է որպես կորացում: Սա մի վիճակ է, երբ ոտքի բթամատը թեքվում է դեպի ներս:
Այս վիճակը զարգանում է դանդաղորեն, և բազմաթիվ մարդիկ կարող են նկատել այն՝ առանց որևէ այլ խնդիր նշելու: Սակայն, որոշ մարդկանց մոտ՝
- բթամատի ծռվածությունը կարող է բերել ոտնաթաթի ձևափոխության
- բթամատը ոտնաթաթին միացնող հոդը ծածկող մաշկը կարող է կարմրել, բորբոքվել կամ առաջացնել կոշտուկ (мозоль)
- կարող է դժվարացնել կոշիկ կրելը կամ քայլելը, ինչպես նաև առաջացնել ցավեր:
Որպես բարդություն՝ կարող է առաջանալ բուրսիտ կամ արթրիտ:
Որոշ մարդկանց մոտ կարող է առաջանալ ոտքի ճկույթ մատի ավելի փոքր բունիոն, որը հայտնի է որպես «բունիոնետ»:
Պատճառներ
Ոտնաթաթի առաջին մատի վալգուսային դեֆորմացիան կարող է դիտարկվել ընտանիքներում, երբ ծնողներից ժառանգվում է ոտնաթաթի թույլ կամ արատավոր կառուցվածքը:
Այս վիճակը կարող է պատճառվել նաև հետևյալ հիվանդություններից կամ վիճակներից՝
- որոշ վիճակներ, օրինակ՝ ռևմատոիդ արթրիտ կամ գլխուղեղային պարալիչ
- հիվանդություններ, օրինակ՝ պոլիոմիելիտ
- ոտնաթաթի վնասվածքներ:
Խիստ նեղ կամ բարձրակրունկ կոշիկներ հագնելը կարող է այս վիճակի նկատմամբ հակում ունեցող մարդկանց մոտ բերել բթամատի դեֆորմացիայի: Որպես պատճառ, կոշիկների հետ կապված գործոնը դեռ քննարկվում է, սակայն այն, որ կարող է վատթարացնել առկա վիճակը, կասկածից վեր է:
Ախտորոշումը
Ոտնաթաթի առաջին մատի վալգուսային դեֆորմացիան ախտորոշվում է արտաքին զննմամբ և ռենտգեն պատկերմամբ: Անհրաժեշտության դեպքում բժիշկը կարող է ձեզ ուղեգրել օրթոպեդ-վիրաբույժի կամ այլ մասնագետի խորհրդատվության:
Բուժումը
Առաջին հերթին, պետք է հագնել հարմարավետ, ավելի թույլ (չսեղմող) և լայն ներբանով կոշիկներ, որը ոտնաթաթին տալիս է բավարար տարածք: Երբ հնարավոր է, քայլեք ոտաբոբիկ: Հաճախ սա թեթևացնում է անհարմարավետության զգացումը և դադարեցնում դեֆորմացիայի խորացումը:
Ցավերը և անհարմարավետությունը մեղացնող այլ միջոցներից են՝
- հատուկ հոդային սպեղանիների օգտագործում
- օրթոտիկ (կոշիկի ներդիրներ) կամ օրթոպեդիկ կոշիկների օգտագործում
- ցավերի և բորբոքման դեպքում բժշկի նշանակմամբ որոշ հակաբորբոքային դեղերի ընդունում, օրինակ՝ Իբուպրոֆեն
- կորտիզոնային ներարկումներ (ներհոդային)
- սառը կամ տաք միջոցառումներ:
Եթե այս միջոցները չեն օգնում, իսկ ձեր ոտնաթաթը խիստ ձևափոխվում է կամ պատճառում մշտական ցավեր, բժիշկը կարող է առաջարկել օրթոպեդիկ վիրահատություն:
Կանխարգելումը
Հոգ տարեք ձեր և ձեր երեխաների ոտնաթաթի մասին: Միշտ ընտրեք հարմարավետ լայն կոշիկներ, որոնք համընկնում են ձեր ոտնաթաթի չափսերին և չեն սեղմում ձեր մատները:
Հոդվածը տեղադրվել է՝ 05-06-2020 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: