Ոտնաթաթերում այրոցի զգացողությունը, երբ կարծես դրանք ցավալու աստիճան տաքացել են, կարող է լինել թեթև կամ ծանր:
Որոշ դեպքերում ոտնաթաթերի այրոցը կարող է լինել այն աստիճան ուժեղ, որ խանգարի ձեր քունը:
Սովորաբար տհաճություն կամ անհանգստություն պատճառող այրոցի զգացողությունը տեղակայվում է ծնկներից ներքև՝ ներառելով սրունքները և ոտնաթաթերը: Ավելի հաճախ այրոցն ուղեկցվում է այլ գանգատներով՝ ծակծկոցներ (պարէսթեզիա) կամ թմրածություն: Ուստի ոտնաթաթերի այրոցը հաճախ դիտարկվում է ծակծկոցների կամ պարեսթեզիայի համատեքստում:
Պատճառներ
Եթե հոգնածությունը, օրինակ՝ երկար ժամանակ կանգնած վիճակում մնալիս կամ մաշկային վարակներն առաջացնում են ոտնաթաթերում ժամանակավոր այրոցի զգացում կամ բորբոքում, ոտնաթաթերի այրոցը հիմնականում նյարդային ախտահարման՝ ծայրամասային (պերիֆերիկ) նեյրոպաթիայի ախտանիշներից մեկն է: Նեյրոպաթիան ունի բազմաթիվ տարբեր պատճառներ, այդ թվում՝ շաքարային դիաբետ (դիաբետիկ նեյրոպաթիա), ալկոհոլի չարաշահում (քրոնիկ ալկոհոլիզմ), որոշ թույների ներգործություն, B վիտամիններից որոշների պակաս (դեֆիցիտ) կամ ՄԻԱՎ վարակ:
Իմացե՛ք ավելին նեյրոպաթիայի մասին:
Ոտնաթաթերի այրոցի այլ պատճառներից են՝
- «մարզիկի ոտնաթաթ»
- Չարոտ-Մարի-Թութի հիվանդություն՝ վերին և ստորին վերջույթների նյարդերի ախտահարմամբ ժառանգական խանգարումների խումբ
- քիմիոթերապիա
- քրոնիկ երիկամային հիվանդություն
- համալիր ռեգիոնալ ցավի համախտանիշ, որը նյարդային համակարգի գործունեության խանգարմամբ պայմանավորված քրոնիկ ցավ է
- վահանաձև գեղձի թերգործունեություն (հիպոթիրեոզ)
- կոնքային թունելի համախտանիշ
- վիտամին-դեֆիցիտային սակավարյունություն (անեմիա):
Ե՞րբ հանդիպել բժշկին
Դիմեք անհետաձգելի օգնության, եթե՝
- ոտնաթաթերի այրոցի զգացումը սկսվել է հանկարածի, հատկապես, եթե ենթարկվել եք որևէ թույնի ազդեցությանը
- ոտնաթաթի վրա առկա է բաց վարակված վերք, հատկապես, եթե ունեք շաքարային դիաբետ:
Այցելեք ձեր բժշկին, եթե՝
- մի քանի օրյա ինքնախնամքի կամ բուժման պայմաններում ձեր գանգատները շարունակվում են
- նշում եք, որ ոտնաթաթերի այրոցը դարձել է ավելի սաստիկ ու ցավոտ
- նշում եք, որ այրոցի զգացողությունը սկսել է տարածվել ողջ ստորին վերջույթով
- նշում եք, որ ոտնաթաթի կամ մատների զգացողությունը խիստ թուլացել կամ անհետացել է:
Եթե ոտքերում այրոցը կայուն է կամ առաջացել է առանց որևէ տեսանելի պատճառի, ձեր բժիշկը կարող է նշանակել որոշ հետազոտություններ՝ հայտնաբերելու ձեր գանգատի բուն պատճառը:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-02-2021
Վերջին վերանայում՝ 30-04-2024