Նեյրոպաթիա
25-05-2019
2 րոպե

Նեյրոպաթիան նյարդային ախտահարումների խումբ է, որոնք ընթանում են մարմնի մեկ կամ մի քանի շրջանների ցավով, թմրածության, ծակծկոցների և այլ զգացողություններով։
Կան նեյրոպաթիայի տարբեր պատճառներ, որոնցից ամենահաճախ հանդիպողներից մեկը դիաբետն է (շաքարախտ)։ Հաճախ նեյրոպաթիայի ախտանիշները հնարավոր է լինում մեղմացնել հսկողության տակ վերցնելով հիմնական հիվանդության բուժումը։
Ի՞նչ է նեյրոպաթիան
Նեյրոպաթիան հավաքական տերմին է, որը վերաբերվում է նյարդերի ախտահարմամբ ընթացող և համանման ախտանիշներով մի շարք հիվանդություններին։ Նյարդերի ախտահարման հիմքում կարող են ընկած լինել որևէ հիվանդություն, վարակ, վնասվածք, դեղամիջոցների օգտագործում կամ բուժման մեթոդներ (օրինակ՝ ճառագայթային բուժում), ալկոհոլի երկարատև չարաշահում, սուր թունավորումներ և այլ պատճառներ։
Նեյրոպաթիայի տեսակները
Կախված նյարդի վնասման պատճառից, մարմնի ախտահարված շրջանից կամ ախտահարված նյարդերի քանակից տարբերում են նեյրոպաթիայի հետևյալ տեսակները։
- Ավտոնոմ նեյրոպաթիայի ժամանակ ախտահարվում են օրգանիզմի ավտոմատ (ինքնաբուխ) գործառույթները հսկող նյարդերը։ Նման դեպքերում կարող են զարգանալ մարսողության, արյան ճնշման կամ միզապարկի գործունեության խանգարումներ։ Օրինակ, թափառող նյարդի ախտահարման ժամանակ հնարավոր է սրտազարկի արագացում (տախիկարդիա), դանդաղում (բրադիկարդիա) կամ անկանոն ռիթմի զարգացում (առիթմիա)։
- Դիաբետիկ նեյրոպաթիան պատճառվում է դիաբետով (շաքարախտ)։ Դիաբետիկ նեյրոպաթիայի ժամանակ ավելի հաճախ ախտահարվում են դաստակների և ոտնաթաթերի նյարդերը, սակայն կարող են ընդգրկվել նաև օրգանիզմի ավտոմատ գործառույթները հսկող նյարդերը։
- Ծայրամասային (պերիֆերիկ) նեյրոպաթիան ախտահարում է մարմնի ծայրամասային շրջանների նյարդերը, օրինակ՝ ձեռքերը և ձեռքերի դաստակները, սրունքները և ոտնաթաթերը։
- Մոտակա (պրոքսիմալ) նեյրոպաթիան ախտահարում է ազդրերի և ուսագոտու մկանների նյարդերը։
- Տեղային (ֆոկալ) կամ մոնոնեյրոպաթիան ախտահարում է միայն մեկ նյարդ, օրինակ՝ կարպալ (դաստակային) թունելի համախտանիշ։
- Պոլինեյրոպաթիան ախտահարում է մի քանի նյարդեր։
Նեյրոպաթիա ունեցող մարդկանց մեծ մասի մոտ առկա է պոլինեյրոպաթիա՝ բազմաթիվ նյարդերի ախտահարում։
Նեյրոպաթիայի պատճառները
Նեյրոպաթիա կարող է զարգանալ բազմաթիվ պատճառներից, այդ թվում՝
- որոշ հիվանդություններ, օրինակ՝ դիաբետ, Գիյան-Բարրեի համախտանիշ կամ ՁԻԱՀ
- ալկոհոլի երկարատև չարաշահում
- քաղցկեղների բուժման մեթոդներ՝ քիմիոթերապիա և ճառագայթային բուժում
- վիտամինային պակասներ (դեֆիցիտ)
- որոշ դեղամիջոցների ընդունում
- ողնաշարային կամ ողնուղեղային ուռուցքներ
- նյարդի ճնշում ուռուցքով կամ բորբոքային այտուցով։
Երբեմն նեյրոպաթիայի պատճառը մնում է անհայտ։
Նեյրոպաթիայի ախտանիշները
Նեյրոպաթիայի ախտանիշները կախված են ախտահարված նյարդից և նյարդավորման շրջանից կամ օրգանից։
Ախտահարված նյարդի «պատասխանատու» շրջանում կարող են առաջանալ զգացողության և ավելի ծանր խանգարումներ, օրինակ՝
- ցավ, որը հաճախ սաստկանում է գիշերները
- վերջույթի թուլություն (պարեզ) կամ ծայրամասային թորշոմած կաթված (պարալիչ)
- թմրածության զգացում
- ծակծկոցներ
- այրող զգացողություն (հատկապես՝ ոտքերում)։
Ավտոնոմ նեյրոպաթիան կարող է առաջացնել մարսողության, աղիների, միզապարկի կամ սեռական գործունեության փոփոխություններ։ Պրոքսիմալ (մոտակա) նեյրոպաթիան կարող է առաջացնել ազդրերում տեղակայված ցավեր և թուլություն։
Նեյրոպաթիայի ախտորոշումը
Բժիշկը կարող է տալ հարցեր և զննել՝ առավել ուշադրություն դարձնելով ձեր մարմնի ախտահարված շրջանում տեղկայված զգացողություններին։ Ձեզ կարող է նաև առաջարկվել որոշ հետազոտություններ, օրինակ՝ նյարդի էլեկտրական ակտիվության չափում։
Նեյրոպաթիայի բուժումը
Նեյրոպաթիայի բուժումը կախված է պատճառից։
Օրինակ, եթե պատճառը դեղերն են, բժիշկը կարող է վերանայել ձեր դեղորայքային բուժումը։
Եթե նեյրոպաթիան առաջանում է որպես որևէ հիվանդության հետևանք, բուժման խնդիրը դառնում է տվյալ հիվանդության վերահսկողության բարելավումը։ Օրինակ, դիաբետի ժամանակ կարիք է առաջանում արյան գլյուկոզի խիստ հսկողություն՝ դեղերի կամ դրանց դեղաչափերի վերանայում, սննդակարգի առողջացում կամ ֆիզիկական վարժանքներ։
Երբ նեյրոպաթիայի պատճառը չի հայտնաբերվում կամ չի հաջողվում վերացնել, բժիշկը կարող է նշանակել ձեր ախտանիշները թեթևացնող ֆիզիոթերապևտիկ կամ հոգեբանական բուժման մեթոդներ։
Հոդվածը վերանայվել է՝ 09-05-2021