Առողջական խնդիրներ

Այրվածքներ

Այրվածքներ

Time Read 3 րոպե

Այրվածքները մաշկի կամ լորձաթաղանթների ջերմային, քիմիական կամ էլեկտրական բնույթի վնասվածքներ են։

Այրվածքները կենցաղում կամ արտադրամասերում հաճախ հանդիպող վնասվածքներ են։ Փոքր և մակերեսային այրվածքները բարդությունների բացակայության պայմաններում (օրինակ՝ այրված շրջանի մանրէային վարակում) ինքնուրույն լավանում են 10-12 օրվա ընթացքում։ Ավելի մեծ կամ խոր այրվածքները պահանջում են բուժում։

Այրվածքների տեսակները և պատճառները

Այրվածքների տեսակները սովորաբար դասակարգվում են ըստ դրանց առաջացման պատճառների։

Այրվածքների ամենահաճախ հանդիպող պատճառներն են՝

  • ջերմային (թերմիկ) այրվածքներ, այդ թվում՝
    • տաք հեղուկներից շոգեխաշում՝ թեյով կամ սուրճով լի բաժակներ, թեյնիկների կամ կաթսաների տաք պարունակություն, ծորակի կամ ցնցուղի տաք ջուր և այլն
    • կրակի հետ շփում
    • տաք առարկաների հետ շփում՝ վառարան, արդուկ, վառվող քարածուխ և այլն
  • քիմիական այրվածքներ (լվացքը սպիտակացնող նյութեր, ուժեղ թթուներ կամ հիմքեր, խտանյութեր և այլն) այդ թվում՝
    • քիմիական այրվածք առաջացնող նյութերը կուլ տալուց
    • այդ նյութերը մաշկի կամ լորձաթաղանթների վրա լցվելուց
  • էլեկտրական այրվածքներ։

Տարածուն այրվածքներ ստանալուց անմիջապես հետո դժվար է հասկանալ, թե ինչ խորությամբ են վնասվել մաշկը կամ լորձաթաղաթները, քանի որ այրվածքային դաշտը վերջնականապես ձևավորվում է մինչև 1-2 շաբաթվա ընթացքում։

Այրվածքների ախտանիշները

Այրվածքների ախտանիշները կախված են այրվածքի տեսակից, խորությունից և մակերեսից։

Այրվածքները առաջացնում են՝

  • ցավ
  • այրոցի զգացում
  • կարմրություն
  • այտուց
  • ավելի ծանր դեպքերում՝ մաշկի բշտիկներ կամ սպիտակություն։

Այրվածքների առաջին օգնությունը

  • համոզվեք, որ դուք անվտանգ վիճակում եք
  • մաշկի այրված շրջանն առնվազն 20 րոպե պահեք հոսող մաուր սառը ջրի տակ, սակայն մի օգտագործեք սառույց (օգտագործեք միայն սառը ջուր)
  • հեռացրեք այրված մակերեսի շուրջբոլորը գտնվող այն հագուստը, որը կպած չէ վնասված մաշկին կամ այրված մակերեսին
  • հեռացրեք այրված շրջանին մոտ գտնվող բոլոր տեսակի զարդեղենը, եթե հնարավոր է հեշտությամբ հանել
  • մաքուր վիրակապով կամ մաքուր սավանով ծածկեք այրված շրջանը
  • խմեք որևէ ցավազրկող, օրինակ՝ Պարացետամոլ։

Եթե այրվածքը քիմիական ծագման է, ապա արագ հեռացրեք քայքայիչ նյութով ներծծված ձեր ողջ հագուստը։ Եթե քիմիական նյութը չոր բնույթի է, մինչև այրված տեղամասը ջրի տակ պահելը զգուշությամբ մաքրեք ձեր մաշկի վրայի այդ նյութերը։

Եթե այրվել է ձեր ձեռքը կամ ոտքը, հնարավորության դեպքում քիչ բարձրացրեք ձեր վերջույթը, որ մեղմացնեք այտուցը։

Խուսափեք հետևյալ քայլերից՝

  • մի մտցրեք այրվածքով երեխային սառը ջրով լի վաննայի մեջ
  • մի պոկեք մարմնին կամ այրված շրջանին կպած հագուստը
  • մի փորձեք «պայթեցնել» բշտիկները, թողեք այդ գործը բժշկին
  • մի օծեք այրված մակերեսները որևէ քսուքով կամ կրեմով. դրանք փակում են մաշկը, պահպանում են ջերմությունը և խորացնում հյուսվածքների վնասումը
  • մի փչեք այրվածքի վրա (վերքային մակերեսի վարակման վտանգ)։

Ե՞րբ դիմել բժշկին

Բժշկին դիմեք բոլոր այն դեպքերում, երբ ըստ ձեզ այրված մակերեսները վիրաբուժական մշակման և վիրակապելու անհրաժեշտություն կա։

Ե՞րբ զանգել 1-03 և կանչել շտապբուժօգնություն

Զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն կամ շտապ մեկնեք մոտակա անհետաձգելի բուժօգնության բաժանմունք, եթե՝

  • այրվածքը խորն է, նույնիսկ ցավերի բացակայության պայմաններում
  • այրված շրջանն ընդգրկում է զգալի մեծ մակերս՝ 20% և ավելի
  • այրվածքն ընդգրկում է շնչուղիները, դեմքը, ձեռքերը կամ սեռական օրգանները։

Նման դեպքերում ձեզ կընդունեն հիվանդանոց։

Ի՞նչ կարող է ներառել այրվածքների հիվանդանոցային բուժումը

Ծանր այրվածքների բուժումը ներառում է՝

  • սովորական ցավազրկողներ և ըստ անհրաժեշտության՝ ուժեղ ցավազրկողներ
  • դեղորայքային բուժում (ներերակային կաթիլային հեղուկներ)
  • վիրակապություն
  • հավանաբար՝ որևէ տեսակի վիրահատություն։

Հոդվածը տեղադրվել է՝ 14-05-2018 վերանայվել է՝ 24-01-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով