Կալցիումը կարևոր է ոսկորների առողջության համար։ Իմացեք, թե որքան կալցիում է ձեզ անհրաժեշտ և ինչպես ստանալ այն:
Կալցիումը կարևոր է ոսկորների առողջության համար ձեր ողջ կյանքի ընթացքում: Սննդակարգը կալցիում ստանալու լավագույն աղբյուրն է, սակայն կալցիումի հավելումները կարող են տարբերակ լինել, եթե ձեր սննդակարգում այս տարրը պակասում է:
Նախքան կալցիումի հավելումներ օգտագործելը, համոզվեք, որ հասկանում եք, թե որքան կալցիում է ձեզ անհրաժեշտ, տեղյակ եք այդ հավելումների դրական և բացասական կողմերին և հստակ գիտեք, թե հավելումների որ տեսակն ընտրել:
Կալցիումի օգուտները
Կալցիումը ձեր օրգանիզմին անհրաժեշտ է ամուր ոսկորներ ձևավորելու և պահպանելու համար: Նորմալ գործելու համար ձեր սիրտը, մկանները և նյարդերը նույնպես կալցիումի կարիք ունեն:
Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ կալցիումը, վիտամին D-ի հետ մեկտեղ, ոսկորների առողջության պահպանումից բացի կարող է դրսևորել լրացուցիչ օգուտներ՝ հավանաբար պաշտպանելով քաղցկեղից, շաքարային դիաբետից և բարձր արյան ճնշումից: Սակայն այս տվյալները դեռևս վերջնական չեն:
Իմացե՛ք ավելին կալցիումի մասին:
Կալցիումի անբավարարության ռիսկերը
Եթե չեք ստանում կալցիումի բավարար քանակներ, կարող եք ունենալ առողջական խնդիրներ՝ կապված թույլ ոսկորների հետ: Օրինակ՝
- երեխաները կարող են չհասնել իրենց լիարժեք հասուն հասակին
- չափահասները կարող են ունենալ ցածր ոսկրային զանգված, որը հանդիսանում է օստեոպորոզի ռիսկի գործոն:
Բազմաթիվ մարդիկ միայն սննդակարգով չեն ստանում բավարար կալցիում: Ռիսկի խմբում են ոչ միայն երեխաները և դեռահասները, այլև 50 տարեկան և ավելի մեծ չափահասներն ու տարեցները:
Կալցիումի պահանջարկը
Այն, թե ինչքան կալցիումի կարիք ունեք, կախված է ձեր տարիքից և սեռից:
Տղամարդիկ | |
---|---|
19-50 տարեկան | 1,000 միլիգրամ (մգ) |
51-70 տարեկան | 1,000 մգ |
71 տարեկան և ավելի մեծ | 1,200 մգ |
Կանայք | |
19-50 տարեկան | 1,000 մգ |
51 տարեկան և ավելի մեծ | 1,200 մգ |
Կալցիումի առաջարկվող վերին սահմանը օրական 2500 մգ է 19-ից 50 տարեկան չափահասների համար, իսկ 51 և ավելի բարձր տարիքի անձանց համար՝ օրական 2000 մգ:
Կալցիումը և սննդակարգը
Ձեր օրգանիզմը կալցիում չի արտադրում, ուստի այն պետք է ստանաք այլ աղբյուրներով: Կալցիումն առկա է տարբեր մթերքներում, այդ թվում՝
- կաթնամթերք, ինչպիսիք են պանիրը, կաթը և յոգուրտը
- մուգ կանաչ տերևավոր բանջարեղեն, ինչպիսիք են բրոկոլին և կաղամբը
- ձուկ՝ ուտելի փափուկ ոսկորներով, ինչպիսիք են սարդինները և պահածոյացված սաղմոնը (лосось)
- կալցիումով հարստացված սնունդ և ըմպելիքներ, ինչպիսիք են սոյայի արտադրանքները, հացահատիկային և մրգային հյութերը և կաթի փոխարինիչները:
Կալցիումը ներծծելու համար ձեր օրգանիզմը նաև վիտամին D-ի կարիք ունի: Որոշ մթերքներ բնականում պարունակում են փոքր քանակությամբ վիտամին D, օրինակ՝ պահածոյացված սաղմոնը՝ ոսկորներով և ձվի դեղնուց: Դուք նաև կարող եք նաև վիտամին D ստանալ հարստացված մթերքներից և արևի ճառագայթներից: Չափահասների մեծ մասի համար վիտամին D-ի օրական առաջարկվող չափը 600 միջազգային միավոր է (15 միկրոգրամ):
Ո՞վ պետք է քննարկի կալցիումի հավելումներ ստանալու հարցը
Նույնիսկ եթե ուտում եք առողջ, հավասարակշռված սնունդ, կարող եք առնչվել բավարար քանակությամբ կալցիում ստանալու խնդրին, եթե դուք՝
- հետևում եք խիստ բուսական (վեգանային) սննդակարգին
- ունեք լակտոզայի անհանդուրժողականություն և սահմանափակում եք կաթնամթերքի օգտագործումը
- օգտագործում եք մեծ քանակությամբ սպիտակուց կամ նատրիում, ինչը կարող է հանգեցնել ձեր օրգանիզմի կողմից ավելի շատ կալցիումի արտազատմանը
- ստանում եք երկարատև կորտիկոստերոիդային բուժում
- ունեք աղիների կամ մարսողական հիվանդություններ, որոնք նվազեցնում են կալցիումի ներծծման ձեր ունակությունը, օրինակ՝ աղիների բորբոքային հիվանդություն կամ ցելիակա:
Այս իրավիճակներում կալցիումի հավելումները կարող են օգնել, որ բավարարեք ձեր կալցիումի պահանջարկը: Խոսեք ձեր բժշկի կամ դիետոլոգի (սննդաբանի) հետ այն մասին, թե արդյոք կալցիումի հավելումները ճիշտ են ձեզ համար:
Արդյո՞ք կալցիումի հավելումների օգտագործումը պարունակում է ռիսկեր
Կալցիումի հավելումները նախատեսված չեն բոլորի համար: Օրինակ, եթե ունեք առողջական խնդիր, որն առաջացնում է ավելցուկային կալցիում ձեր արյան մեջ (հիպերկալցեմիա), պետք է խուսափել կալցիումի հավելումներից:
Թեև տվյալները վերջնական չեն, սակայն կարող է կապվածություն լինել բարձր քանակներով կալցիումի հավելումների և սրտային հիվանդության միջև: Տվյալները հակասական են, և ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ՝ մինչև բժիշկները եզրակացնեն, թե արդյոք կալցիումի հավելումները կարող են ազդել սրտամկանի ինֆարկտի ռիսկի վրա:
Նույն կերպ, հակասական վարկածներ կան կալցիումի և շագանակագեղձի քաղցկեղի միջև հնարավոր կապվածության մասին: Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ կաթնամթերքի և հավելումների միջոցով բարձր քանակներով կալցիումի ընդունումը կարող է մեծացնել ռիսկը, մինչդեռ այլ ավելի թարմ հետազոտություններով շագանակագեղձի քաղցկեղի ռիսկի բարձրացում չի նկարագրվել:
Քանի դեռ հնարավոր ռիսկերի մասին վերջնական տվյալներ չկան, կարևոր է զգույշ լինել՝ խուսափելու ավելորդ քանակությամբ կալցիումի ընդունումից: Ինչպես ցանկացած առողջական խնդրի դեպքում, կարևոր է խոսել ձեր բժշկի հետ՝ որոշելու, թե որն է ճիշտ ձեզ համար:
Կալցիումի հավելումների տեսակները
Որպես կալցիումական հավելումներ, օգտագործվում են կալցիումի միացությունների մի քանի տարբեր տեսակներ: Յուրաքանչյուր միացություն պարունակում է տարբեր քանակությամբ կալցիում, որը կոչվում է տարրական (էլեմենտար) կալցիում: Առավել տարածված կալցիումական հավելումները կարող են պիտակավորվել որպես՝
- Կալցիումի կարբոնատ (40% տարրական կալցիում)
- Կալցիումի ցիտրատ (21% տարրական կալցիում)
- Կալցիումի գլուկոնատ (9% տարրական կալցիում)
- Կալցիումի լակտատ (13% տարրական կալցիում):
Կալցիումական հավելումների երկու հիմնական ձևերն են կարբոնատը և ցիտրատը: Կալցիումի կարբոնատն ամենաէժանն է և, հետևաբար, հաճախ առաջին լավ ընտրությունը: Հավելումների մեջ կալցիումի այլ ձևերը ներառում են գլյուկոնատ և լակտատ:
Բացի այդ, որոշ կալցիումի հավելումներ համակցված են վիտամիններով և այլ միներալներով: Օրինակ, որոշ կալցիումի հավելումներ նաև կարող են պարունակել վիտամին D կամ մագնեզիում: Ստուգեք բաղադրիչների ցանկը՝ տեսնելու, թե ձեր կալցիումի հավելումը որ ձևն է և ինչ լրացուցիչ սննդանյութեր կարող է պարունակել: Այս տեղեկատվությունը կարևոր է, եթե ունեք առողջական կամ սննդակարգի հետ կապված որևէ խնդիր:
Կալցիումի հավելումների ընտրությունը
Կալցիումի հավելումներ օգտագործելուց առաջ հաշվի առեք հետևյալ գործոնները:
Կալցիումի քանակը
Տարրական կալցիումը կարևոր է, քանի որ այն հավելումների մեջ կալցիումի իրական քանակությունն է: Դա այն է, ինչ ձեր օրգանիզմը ներծծում է ոսկորների աճի և առողջական այլ օգուտների համար: Կալցիումի հավելումների պիտակի տեղեկությունն օգնում է որոշել, թե որքան կալցիում կա մեկ չափաբաժնի մեջ: Որպես օրինակ՝ կալցիումի կարբոնատը պարունակում է 40% տարրական կալցիում, ուստի 1250 միլիգրամ (մգ) կալցիումի կարբոնատը պարունակում է 500 մգ տարրական կալցիում։ Անպայման հաշվի առեք ընդունումների (հաբերի) քանակը, որ ճիշտ հաշվարկեք ձեր ընդունած կալցիումի քանակը:
Տանելիություն (հանդուրժողականություն)
Կալցիումի հավելումները չեն առաջացնում կամ, ծայրահեղ դեպքում, առաջացնում են սակավաթիվ կողմնակի ազդեցություններ: Սակայն դրանք երբեմն կարող են ի հայտ գալ որպես աղիքային գազեր, փորկապություն և փքվածություն: Ընդհանուր առմամբ, փորկապության հետ առավել կապված է կալցիումի կարբոնատը։ Ձեզ կարող է անհրաժեշտ լինել փորձել մի քանի տարբեր արտադրանքներ կամ տարբեր տեսակի կալցիումի հավելումներ՝ մինչև գտնեք այն տարբերակը, որը լավագույնս եք հանդուրժում:
Ինչ այլ դեղամիջոցներ եք ընդունում
Կալցիումի հավելումները կարող են փոխազդել բազմաթիվ տարբեր դեղամիջոցների հետ՝ արյան ճնշման դեղեր, վահանաձև գեղձի արհեստական հորմոններ, բիսֆոսֆոնատներ, հակաբիոտիկներ և կալցիումական անցուղիների պաշարիչներ: Կախված ձեր դեղորայքից, ձեզ կարող է անհրաժեշտ լինել հավելումն ընդունել ճաշի հետ կամ ճաշերի միջև ընկած ժամանակահատվածում: Հարցրեք ձեր բժշկին կամ դեղագործին հնարավոր փոխազդեցությունների մասին, ինչպես նաև ճշտեք, թե կալցիումի հավելումների որ տեսակն է առավելագույնս անվտանգ ձեր պարագայում:
Որակ և գին
Արտադրողները պատասխանատվություն են կրում ապահովելու համար, որ հավելումներն անվտանգ են, իսկ ներկայացվող օգուտները՝ ճշմարիտ: Որոշ ընկերություններ իրենց արտադրանքը փորձարկում են ԱՄՆ դեղագործական կոնվենցիայի (USP), ConsumerLab.com-ի (CL) կամ NSF International-ի միջոցով: Հավելումները, որոնք կրում են USP, CL կամ NSF հապավումը, համապատասխանում են որակի, մաքրության, ազդեցության ուժի և հաբերի տարրալուծման արտադրական չափորոշիչներին: Կալցիումի հավելումների տարբեր տեսակներ ունեն տարբեր գներ: Համեմատեք գները, եթե դա ձեզ համար կարևոր գործոն է:
Հավելումի դեղաձևը
Կալցիումի հավելումները հասանելի են տարբեր ձևերով՝ հաբեր, պարկուճներ (կապսուլաներ), ծամոններ, հեղուկներ և փոշիներ: Եթե դժվարանում եք կուլ տալ հաբերը, կարող եք փորձել ծամելու կամ հեղուկ կալցիումի հավելումներ:
Ներծծելիություն
Յուրացնելու համար ձեր օրգանիզմը պետք է կարողանա ներծծել կալցիումը: Կալցիումի հավելումների բոլոր տեսակներն ավելի լավ են ներծծվում, երբ ընդունվում են փոքր դեղաչափերով (500 մգ կամ ավելի քիչ) ճաշի ժամանակ: Կալցիումի ցիտրատը հավասարապես լավ է ներծծվում, երբ ընդունվում է սննդի հետ կամ առանց սննդի, և այն դեղաձևն է, որը խորհուրդ է տրվում ստամոքսի ցածր թթվայնությամբ (ավելի տարածված է 50-ից բարձր կամ թթվային արգելակիչներ ընդունող մարդկանց մոտ), աղիների բորբոքային հիվանդություններով կամ ներծծման խանգարումներով անձանց համար:
Միշտ չէ, որ ավելի շատը համարվում է ավելի լավ. չափազանց շատ կալցիումը պարունակում է ռիսկեր
Սննդային կալցիումն ընդհանուր առմամբ անվտանգ է, բայց դա չի նշանակում, որ շատ կալցիում ընդունելը ապահովում է լրացուցիչ օգուտներ:
Եթե կալցիումի հավելումներ եք ընդունում և ուտում եք կալցիումով հարստացված սնունդ, կարող եք ավելի շատ կալցիում ստանալ, քան կարող եք պատկերացնել: Ստուգեք սննդամթերքի և հավելումների պիտակները՝ վերահսկելու, թե օրական որքան ընդհանուր կալցիում եք ստանում և արդյոք հասնում եք խորհուրդ տրվող չափերին, բայց և՝ չեք գերազանցում առաջարկվող վերին սահմանը: Անպայման տեղեկացրեք ձեր բժշկին, եթե կալցիումի հավելումներ եք ընդունում:
Իմացե՛ք ավելին օստեոպորոզի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-06-2024
Վերջին վերանայում՝ 17-06-2024