Քաղցկեղի իմունոթերապիա (կենսաբանական բուժում)
14-06-2019
5 րոպե

Իմունոթերապիան, որը երբեմն անվանում են նաև «կենսաբանական բուժում», քաղցկեղի բուժման առանձնահատուկ տեսակ է, որի նպատակը քաղցկեղի դեմ պայքարում ձեր իմունային համակարգը խթանելն է:
Ներկայումս քաղցկեղի որոշ տեսակների բուժման մեջ իմունոթերապիայի արդյունավետությունը ապացուցվել է:
Այնուամենայնիվ, բուժման այս տարբերակը չի կարող է համընդհանուր կերպով նշանակել քաղցկեղ ունեցող բոլոր մարդկանց: Զրուցեք այս թեմայով ձեր բժշկի կամ ուռուցքաբանի հետ, որպեսզի ճշտեք, թե արդյոք իմունոթերապիան նպատակահարմա՞ր է ձեր դեպքում:
Ինչպե՞ս է իմունոթերապիան ազդում
Սովորաբար ձեր իմունային համակարգը պայքարում է հիվանդություն պատճառող «օտար» բջիջների դեմ: Սակայն, որոշ բակտերիաներ, վիրուսներ և քաղցկեղային բջիջներ կարողանում են գտնել իրենց դեմ պայքարող ձեր իմունային համակարգի պաշտպանողական գործունեությունն արգելակելու ուղիներ, որից հետո կարողանում են անարգել աճել, բազմանալ ու ձեր օրգանիզմով տարածվել:
Այսպիսի պայմաններում իմունոթերապիան կարող է օգտակար լինել ազդեցության հետևյալ երկու մեխանիզմներից մեկնումեկով՝
- օրգանիզմի բնական պաշտպանական մեխանիզմների՝ իմունային համակարգի գործունեության բարելավում, որն արդեն ունակ է դառնում պայքարելու օտար բջիջների դեմ
- օտար բջիջների դեմ ձեր իմունային համակարգի պայքարին խանգարող ու նախականխող գործոնների վերացում:
Քաղցկեղի բուժումն իմունոթերապիայի օգտագործման կարևոր ոլորտներից մեկն է:
Ե՞րբ է քաղցկեղի ժամանակ օգտագործվում իմունոթերապիան
Իմունոթերապիան չի օգտագործվում այնպիսի հաճախականությամբ, ինչպեն քաղցկեղի բուժման այլ տեսակները, օրինակ՝ ճառագայթային բուժումը, վիրահատությունը կամ քիմիոթերապիան:
Կախված մարդու ընդհանուր առողջական վիճակից և հիվանդությունից, իմունոթերապիան կարող է օգտագործվել հետևյալ տեսակի քաղցկեղների բուժման մեջ՝
- գլխի, պարանոցի, թոքի, երիկամի, լյարդի կամ միզապարկի քաղցկեղի որոշ տեսակներ
- մելանոմա (մաշկի ամենավտանգավոր քաղցկեղի տեսակ)
- Հոջկինի լիմֆոմա:
Այն կարող է նաև փորձարկվել քաղցկեղի այլ տեսակների բուժման մեջ, այդ թվում՝ լեյկոզ և կրծքագեղձի քաղցկեղ:
Իմունոթերապիան հիմնականում նշանակվում է արդեն ախտորոշված և բավականաչափ զարգացած, ինչպես նաև բուժման այլ տարբերակներից հետո կրկնված կամ տարածվող քաղցկեղների ժամանակ: Այս փուլում իմունոթերապիան կարող է լավ արդյունք դրսևորել այն մարդկանց մոտ, ովքեր քաղցկեղի ախտանիշներ չունեն կամ նշում են թույլ արտահայտված գանգատներ:
Իմունոթերապիա նշանակելուց առաջ բժիշկն ուշադրություն է դարձնում հետևյալի վրա՝
- ձեր ընդհանուր վիճակը
- ձեր քաղցկեղի տեսակը
- ձեր քաղցկեղի աճի կամ տարածման աստիճանը
- ձեր ստացած հակաքաղցկեղային բուժումը:
Քաղցկեղի իմունոթերապիայի տեսակները
Մոնոկլոնալ հակամարմիններ (mAbs)
Այս դեղերը ազդում են հետևյալ մեխանիզմներից մեկնումեկով՝
- կպնում են քաղցկեղային բջիջների մակերեսի սպեցիֆիկ սպիտակուցներին և խթանում ձեր իմունային համակարգը, որպեսզի այն ավելի լավ գործի, հայտնաբերի և ոչնչացնի այդ բջիջները
- արգելափակում են քաղցկեղային բջջի մի մասը կամ դրա սպիտակուցը՝ դադարեցնելով կամ դանդաղեցնելով վերջինիս աճը (թիրախային թերապիա)
- ճառագայթային բուժումը կամ քիմիոթերապիան դարձնում են ավելի թիրախավորված՝ դրանց ազդեցությունը կենտրոնացնելով քաղցկեղային բջիջների վրա:
Աշխարհում ամենահաճախ օգտագործվող մոնոկլոնալ իմունոթերապիայի (mAbs) տեսակը հայտնի է որպես բուժում «իմունային ստուգակետերի արգելակիչներով»: Սրանք արտադրում են սպիտակուցի մի տեսակ, որը «բացահայտում է» ձեր իմունային համակարգից «թաքնված» քաղցկեղային բջիջները: Արդյունքում, ձեր T-բջիջները («T-սպանիչներ» կամ «քիլերներ») կարողանում են հայտնաբերել և գրոհել քաղցկեղային բջիջները:
Իմունային ստուգակետերի արգելակիչներից են՝ Ipilimumab (Yervoy), Nivolumab (Opvido), Pembrolizumab (Keytruda), Atezolizumab (Tecentriq), Avelumab (Bavencio) և Durvalumab (Imfinzi):
Ոչ սպեցիֆիկ իմունոթերապիաներ
Այս բուժումները հաճախ նշանակվում են քիմիոթերապիայի կամ ճառագայթային բուժման հետ միասին: Նման դեպքում նշանակվում են արյան սպիտակ գնդիկների (լեյկոցիտներ) կողմից արտադրվող որոշ սպիտակուցներ, որոնք օգնում են քաղցկեղային բջիջները ոչնչացնելուն ուղղված իմունային համակարգի գործունեությունը:
Տարբերում են ոչ-սպեցիֆիկ իմունաթերապիայի երկու հիմնական տեսակներ՝
- ինտերֆերոններ կամ ինտերֆերոն ալֆա՝ Roferon-A[2a], Intron A [2b], Alferon [2a]
- ինտերլեյկիններ՝ ինտերլեյկին-2, IL-2 կամ Aldesleukin (Proleukin):
Քաղցկեղի դեմ պատվաստումներ
Քաղցկեղի դեմ պատվաստումները օգնում են ձեր օրգանիզմին, որպեսզի ավելի հեշտությամբ հայտնաբերի քաղցկեղային բջիջները: Ներկայումս օգտագործվում է այս մեթոդի երկու տարատեսակ՝
- քաղցկեղի դեմ կանխարգելիչ պատվաստումներ, որոնք օգնում են վարակային ծագման որոշ քաղցկեղների նախականխմանը
- քաղցկեղի դեմ բուժական պատվաստումներ, որոնք օգնում են արդեն գոյություն ունեցող քաղցկեղի դեմ ձեր օրգանիզմի պայքարին:
Օնկոլիտիկ վիրուսային թերապիա
Բուժման այս մեթոդի ժամանակ քաղցկեղային բջիջների ոչնչացման համար կիրառվում են գենետիկորեն ձևափոխված վիրուսներ։ Նախ, բժիշկը վիրուսը ներարկում է ուռուցքի մեջ, որից հետո այդ վիրուսը մուտք է գործում քաղցկեղային բջիջներ և ստեղծում է իր իսկ կրկնօրինակները։ Որպես արդյունք, բջիջները պատռվում են և մահանում։ Երբ դա տեղի է ունենում, բջիջներից արտադրվում են հատուկ նյութեր՝ հակածիններ, որը դրդապատճառ է հանդիսանում, որ իմունային համակարգը թիրախավորի այդ հակածնով օժտված բոլոր քաղցկեղային բջիջները։ Վիրուսը առողջ բջիջներ չի մտնում։
T-բջջային թերապիա
Բուժման այս մեթոդի դեպքում պացիենտի արյունից վերցվում են T բջիջներ։ Այնուհետև, լաբորատորիայում դրանք ենթարկվում են այնպիսի փոփոխությունների, որ կրեն հատուկ սպիտակուցներ՝ ընկալիչներ։ Այդ ընկալիչները թույլ են տալիս T բջիջներին ճանաչել քաղցկեղային բջիջները։ Փոփոխված T բջիջներն աճեցվում են լաբորատոր պայմաններում և վերադարձվում են պացիենտի օրգանիզմ։ Այստեղ դրանք փնտրում և ոչնչացնում են քաղցկեղային բջիջները։ Այս բուժման մեթոդը կոչվում է քիմերային հակածնային ընալիչներով (CAR) T-բջջային թերապիա։
Ինչպե՞ս է իմունոթերապիան նշանակվում
Իմունոթերապիայի տեսակից կախված, դեղերը կարող են նշանակվել հետևյալ եղանակներով՝
- հաբը կամ հեղուկը խմելով (կուլ տալով) (օրալ)
- երակի մեջ ներարկելով (ներերակային)
- մաշկի վրա քսելով (տեղային կամ տոպիկ)
- անմիջապես միզապարկի մեջ ներդնելով (ներխոռոչային):
Ձեզ կարող են առաջարկել յուրաքանչյուր 2-3 շաբաթը մեկ իմունոթերապիայի ցիկլի կրկնություն: Որոշ դեպքերում ձեզ կարող են միաժամանակ նշանակել իմունոթերապիայի երկու դեղ:
Որո՞նք են քաղցկեղի ժամանակ նշանակվող ինունոթերապիայի օգուտները
Թեև քաղցկեղով տարբեր մարդկանց մոտ իմունոթերապիան կարող է դրսևորել արդյունավետության տարբեր աստիճաններ, բուժման այս մեթոդը, օրինակ, իմունային ստուգակետերի արգելակիչները կարող են՝
- թիրախավորել քաղցկեղային բջիջները՝ առանց վնասելու առողջ բջիջները
- բարելավել քաղցկեղի որոշ տեսակների բուժման արդյունքներն ու ելքը
- դրսևորել ավելի չափավոր կողմնակի ազդեցություններ
- երբեմն կարող են կրճատել ուռուցքի չափսերը՝ հնարավոր դարձնելով վիրահատական հեռացումը:
Որո՞նք են իմունոթերապիայի հնարավոր կողմնակի ազդեցությունները
Հաճախակի հանդիպող կողմնակի ազդեցություններ
- աչքի բորբոքում, որն առաջացնում է աչքի չորություն կամ գրգռվածություն
- հոդերի բորբոքում, որն առաջացնում է հոդացավեր
- աղիների բորբոքում, որն առաջացնում է որովայնի շրջանի սպաստիկ ցավեր, կղանքում արյուն, մետեորիզմ (աղիների փքվածություն) կամ փորլուծություն
- դերմատիտ (մաշկաբորբ), որն առաջացնում է մաշկի ցանավորում
- հոգնածության զգացում:
Ավելի հազվադեպ հանդիպող կողմնակի ազդեցություններ
- գլխացավ և տեսադաշտի հետ կապված խանգարումներ
- վահանաձև գեղձի խնդիրներ, որը բերում է մարմնի կշռի կորստի կամ ավելացման
- թոքերի բորբոքում, որը պատճառում է հազ և հևոց
- լյարդի բորբոքում, որի պատճառով զարգանում են դեղնուկ, մեզի մգացում և աջ թուլակողի ցավեր:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021