Առողջական խնդիրներ

Քիմիական այրվածքներ

Քիմիական այրվածքներ

Time Read Chemical Burns րոպե

Տանը, դպրոցում կամ աշխատավայրում լայնորեն օգտագործվող բազմաթիվ քիմիական նյութեր կարող են առաջացնել մաշկի լուրջ այրվածքներ:

Եթե դուք կասկածում եք, որ դուք կամ ձեր շրջապատից որևէ մեկի մոտ առկա է քիմիական այրվածք, շատ կարևոր է, որ այն հնարավորինս արագ լվացվի ջրի մեծ քանակներով:

Քիմիական այրվածքների մեծ մասը փոքր է, սակայն կարող է լինել ավելի խորը, քան կարող է թվալ առաջին հայացքից: Այս այրվածքների բնույթը և ծանրության աստիճանը կախված է քիմիայան նյութից, դրա թնդությունից և մաշկի հետ շփման տևողությունից.

Բոլոր տեսակի քիմիական այրվածքները պետք է դիտարկել որպես անհետաձգելի բուժօգնություն պահանջող դեպք: Եթե կասկածում եք, որ դուք կամ որևէ մեկը ստացել է քիմիական այրվածք, ապա անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն:

Քիմիական այրվածքի առաջին օգնությունը

Եթե մաշկի վրա հայտնվել է այրվածք առաջացնող ուժեղ քիմիական նյութ, անհապաղ և առնվազն 20 րոպե տևողությամբ լվացեք այն առատ ջրով:

Հանեք այդ նյութով կեղտոտված կամ ներծծված հագուստը կամ կոշիկը, սակայն աշխատեք դա անելուց չվնասել ձեր մաշկը: Նույն կերպ, մի փորձեք ամբողջապես մերկացնել մարմնի վնասված շրջանը, եթե համոզված եք, որ այդ քայլով կվնասեք մաշկը: Համոզվեք, որ առաջին օգնություն ցուցաբերող անձը չի հպվում քիմիական նյութին:

Եթե քիմիական նյութը լցվել է աչքի մեջ, կախեք գլուխը նույն կողմի վրա, որպեսզի պաշտպանեք մյու աչքը: Զգուշությամբ առատ և սառը ջրով առնվազն 20 րոպե լվացեք տուժած աչքը:

Մաշկի այրված տեղամասի վրա դրեք ստերիլ (մանրէազերծած) ոչ կպչուն վիրակապ:

Քիմիական այրվածքի տեսակները

Քիմիական այրվածք առաջացնող նյութերի մեծ մասը կամ ուժեղ թթուներ են կամ էլ ուժեղ հիմքեր: Այսպիսի նյութեր կարող եք գտնել հետևյալ արտադրանքներում՝

  • գունաթափող կամ սպիտակեցնող նյութեր
  • բետոնային և արտադրական այլ խառնուրդներ, լուծիչներ և այլն
  • ջրահեռացնող համակարգը կամ զուգարանակոնքը մաքրող-ախտանահող նյութեր
  • մետաղի մաքրման միջոցներ
  • ջրավազանի քլորային ախտազերծող նյութեր
  • ֆոսֆոր (հանդիպում է հրանյութերի և պարարտանյութերի մեջ)
  • բենզին:

Քիմիական այրվածքները հաճախ առաջանում են պատահականորեն, սակայն կարող են լինել հարձակման, ինքնավնասման կամ ինքնասպանության փորձի հետևանքով: Նման դեպքերում ավելի հաճախ վնասվում են դեմքը, աչքերը և վերջույթները՝ դաստակները կամ ոտնաթաթերը: Բերանով ընդունելիս այս նյութերը կարող են առաջացնել նաև ներքին այրվածքներ:

Քիմիական այրվածքի ախտանիշները

Քիմիական այրվածքը նման է ջերմային այրվածքին: Ավելի հաճախ այրված շրջանում առաջանում է՝

  • կարմրություն
  • սուր կամ այրող ցավ կամ թմրածություն
  • բշտեր
  • մաշկի սևացում:

Աչքի քիմիական այրվածքը կարող է առաջացնել տեսողական խնդիրներ, իսկ թոքերի այրվածքի դեպքում՝ հազ կամ շնչարգելություն:

Երբ այրվածքը խիստ ծանր է, ապա զարգանում է՝

Քիմիական այրվածքի ախտորոշումը

Քիմիական այրվածքները պետք է անպայման զննվի բժշկի կողմից, ով կստուգի ձեր շնչուղիները, շնչառությունը և արյան շրջանառությունը: Բժիշկը նաև հարցեր կտա՝ այրվածք առաջացրած նյութի վերաբերյալ հնարավորինս շատ տեղեկություններ ստանալու համար:

Քիմիական այրվածքի բուժումը

Փոքր քիմիական այրվածքի ժամանակ դուք հավանաբար հիվանդանոց չեք այցելի, բայց սա չի նշանակում, որ ձեր ընտանեկան բժիշկին կարող եք դեպքի մասին չտեղեկացնել: Այցելեք ձեր բժշկին, հետևեք այրված մակերեսի խնամքի և վիրակապության նրա ցուցումներին: Ըստ անհրաժեշտության նա կարող է նշանակել սովորական ցավազրկող դեղեր, մաշկային կրեմներ և վերքի առանց բարդության լավացման այլ միջոցներ:

Ավելի ծանր այրվածքների ժամանակ առաջանում է հիվանդանոցային բուժման անհրաժեշտություն:

Քիմիական այրվածքի կանխարգելումը

  • Քիմիական նյութեր պարունակող արտադրանքների հետ աշխատելիս նախապես ընթերցեք հրահանգները և տեղեկատվական թերթիկները:
  • Քիմիական նյութեր պարունակող արտադրանքների հետ աշխատեք միայն պաշտպանիչ ձեռնոցներով և ակնոցով:
  • Քիմիական նյութեր պարունակող արտադրանքների հետ աշխատելուց հետո միշտ լվացեք ձեր ձեռքերը:
  • Քիմիական նյութեր պարունակող տարողությունները պահեք փակ վիճակում և փակցրեք զգուշացնող պիտակներ:
  • Քիմիական նյութեր պարունակող բոլոր տեսակի տարողությունները (շշեր, տարաներ և այլն) պիտակավորեք այնպես, որ մինչև դրանք բացելն իմանաք, թե ինչ նյութեր են դրանք պարունակում:
  • Քիմիական նյութերը միշտ պահեք անվտանգ, երեխաների տեսադաշտից և հասանելիությունից հեռու հատուկ առանձնացված տեղերում:
  • Տանը պահեք առաջին օգնության հավաքածու:

Հոդվածը տեղադրվել է՝ 03-04-2020 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով