Քիմիոթերապիա
21-05-2018
3 րոպե

Քիմիոթերապիան քաղցկեղների բուժման մեթոդներից մեկն է, որի նպատակը դեղերի միջոցով քաղցկեղային բջիջները ոչնչացնելն է կամ դրանց աճը դանդաղեցնելը:
Քիմիոթերապիայի թերևս ամենաբացասական կողմերից մեկն այն է, որ ուռուցքաբանի կողմից նշանակված դեղերն ազդում են ոչ միայն քաղցկեղային, այլև առողջ բջիջների և հյուսվածքների վրա:
Քիմիոթերապիայում կիրառվում են տարբեր խմբերի կամ տեսակների դեղեր: Դրանց որոշ մասը նշանակվում է որպես քաղցկեղի հիմնական բուժում, մյուսները կարող են զուգակցվել քաղցկեղի բուժման այլ մեթոդների, օրինակ՝ ճառագայթային բուժման հետ:
Ինչպե՞ս է քիմիոթերապիան ազդում
Քիմիոթերապիայի նպատակը բջիջները ոչնչացնելն է: Քաղցկեղային բջիջներն աճում և բազմանում են ավելի արագ, քան առողջ բջիջները, ուստի քիմիոթերապիան ավելի շատ վնաս է հասցնում քաղցկեղային, քան առողջ բջիջներին: Կան նաև քիմիոթերապիայում օգտագործվող այնպիսի դեղեր, որոնք «թիրախավորում» են գլխավորապես քաղցկեղային բջիջները:
Քիմիոթերապիան նշանակվում է քաղցկեղը փոքրացնելու կամ կրճատելու, բուժման մյուս մեթոդների արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև բուժումից հետո քաղցկեղի «վերադարձի» հավանականությունը նվազեցնելու համար: Այն կարող է նշանակվել նաև պալիատիվ բուժման ընթացքում:
Քիմիոթերապիան կարող է նշանակվել տարբեր ճանապարհներով, օրինակ՝
- ներերակային
- խմելու ձևով՝ հաբեր կամ պատիճներ
- որպես քսուք կամ կրեմ
- ուղղակիորեն մարմնի տարբեր շրջաններում ներարկվելով:
Քիմիոթերապիան սովորաբար նշանակվում է «կուրսերով» և ընդմիջումներով: Վերջինիս նպատակն օրգանիզմի վերականգնվելուն ժամանակ հատկացնելն է: Բուժումը կարող է շարունակվել օրեր, շաբաթներ, ամիսներ և ավելի երկար:
Քիմիոթերապիան ավելի հաճախ նշանակվում է հիվանդանոցներում կամ ամբուլատոր պայմաններում: Երբեմն հիվանդանոցային հսկողությունը լինում է քիմիոթերապիայի պարտադիր պահանջներից մեկը: Քիմիոթերապևտիկ որոշ դեղեր կարող են տրվել բժշկի աշխատասենյակում կամ նույնիսկ տնային պայմաններում:
Քիմիոթերապիայի տեսակները
Կախված քաղցկեղի տեսակից և փուլից, ձեզ կարող են նշանակել տարբեր դեղեր կամ դրանց զուգակցումներ: Ուռուցքաբանը կառաջարկի այն բուժումը, որը ձեր պարագայում ամենահարմարն ու առավել արդյունավետն է:
Քիմիոթերապիայի կողմնակի ազդեցությունները
Քիմիոթերապիան ազդում է ոչ միայն քաղցկեղային ձևափոխված, այլև նորմալ բջիջների և հյուսվածքների վրա, ուստի առաջացնում է մի շարք կողմնակի ազդեցություններ:
Քիմիոթերապիայի կողմնակի ազդեցությունները կախված են նշանակված դեղերի տեսակներից, դրանց զուգակցումից և դեղաչափերից: Բոլոր դեպքերում, քիմիոթերապիայի հիմնական կողմնակի ազդեցություններն են՝
- ախորժակի կորուստ
- սրտխառնոց և փսխում
- մազաթափություն
- մկանային թուլություն
- քնկոտություն
- վարակների նկատմամբ «խոցելիություն»
- մաշկային արյունազեղումներ
- աչքերի չորություն
- բերանի խոռոչում խոցեր (ստոմատիտ):
Կողմնակի ազդեցությունների արտահայտված լինելու դեպքում բժիշկը կարող է նշանակել որոշ դեղեր, որոնք կարող են մեղմացնել բուժման հետ կապված ձեր գանգատները:
Որո՞նք են քաղցկեղի բուժման մյուս մեթոդները
Քաղցկեղի բուժման մյուս մեթոդներն են՝
- ճառագայթային բուժում
- հորմոնային բուժում, երբ նշանակվում են քաղցկեղի աճն արգելակող հորմոններ
- իմունային բուժում (իմունոթերապիա), որն օժանդակում է քաղցկեղի դեմ իմունային համակարգի պայքարին
- թիրախային բուժում, երբ նշանակվում են դեղեր, որոնք «գրոհում են» միայն քաղցկեղային բջիջները
- վիրահատական բուժում, որը կախված է քաղցկեղի տեսակից, տարածման և մետաստազավորման աստիճանից և մի շարք այլ գործոններից:
Սովորաբար քաղցկեղի համալիր բուժումը ներառում է մի քանի մեթոդների հաջորդական կամ միաժամանակյա կիրառում:
Ի՞նչ է պալիատիվ բուժումը
Պալիատիվ կամ ամոքիչ բուժման նպատակը հիվանդի տառապանքների թեթևացումն է, նրա ու ընտանիքի անդամների կյանքի որակի բարելավումը, հոգեբանական և հոգևոր աջակցություն ցուցաբերելը: Պալիատիվ բուժումը սովորաբար նշանակվում է այն դեպքերում, երբ քաղցկեղի բուժումը դառնում է անհնար:
Պալիատիվ խնամքը տրամադրվում է բժիշկների, բուժքույրերի և առողջապահական այլ մասնագետների կողմից։ Դեղորայքը և բուժման ձևերը համարվում են պալիատիվ, եթե դրանք մեղմացնում են ախտանիշները՝ առանց հիվանդության վրա բուժիչ ազդեցության։
Պալիատիվ խնամքի կարևոր հատկանիշ է այն, որ ինչպիսին էլ լինի հիվանդությունը, ինչպիսի փուլում էլ այն գտնվի, ինչպիսի բուժումներ էլ անցկացված լինեն, այնուամենայնիվ, գլխավոր նպատակը հիվանդի տառապանքների թեթևացումը և կյանքի որակի բարելավումն է, ինչը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է։
Հոդվածը վերանայվել է՝ 22-04-2021