Իրականում, բժշկական կլինիկաներում աշխատում են բազմաթիվ հմուտ բժիշկներ, սակայն, երբ հերթը հասնում է կոնկրետ ձեր դեպքին, սկսում եք որոնել լավերի մեջից՝ լավագույնին:
Բաներ, որոնք պետք է հիշել բժիշկին ընտրելիս
Կան որոշ հանգամանքներ, որոնք պետք է հաշվի առնել, երբ դուք որոնում եք բժիշկ-մասնագետ:
Նախ, որոշ կլինիկաներ ավելի հեշտ է այցելել, քան մյուսները: Օրինակ, դուք կարող եք ավելի հեշտությամբ գտնել մասնագետ ձեր բնակավայրին կամ աշխատավայրին մոտ կլինիկաներում, քան ավելի հեռու վայրերում կամ այլ քաղաքում: Գուցե դա ամենահարմար տարբերակն է, բայց դեռ չի նշանակում, որ մոտակայքում աշխատող բժիշկը լավագույնն է (թեև չի բացառվում նաև, որ այդպես էլ կա):
Հաջորդ հարցը ծագում է բժշկի սեռն ընտրելիս: Ե՞րբ դուք ավելի անկաշկանդ կզգաք, որ ձեզ հետ հարցուփորձ անի, զննի և հետագայում ձեր բուժմամբ և վերահսկողությամբ զբաղվի տղամարդ, թե կին բժիշկ: Գուցե կոնկրետ ձեր դեպքում սա որևէ նշանակություն չունենա, իսկ մեկ այլ դեպքում՝ ստանա որոշիչ կարևորություն:
Մյուս հարցը կապված է այն իրողության հետ, որ կան ավելի լայն և խիստ նեղ բժշկական մասնագիտություններ: Օրինակ՝ դուք կարող եք ցանկացած հարցով դիմել ձեր ընտանեկան բժշկին, ով՝
- անձամբ կզբաղվի ձեր բուժմամբ,
- ձեզ կուղեգրի մեկ այլ մասնագետի խորհրդատվության, որից հետո կշարունակի ձեր բուժումը
- ձեզ կուղեգրի մեկ այլ մասնագետի խորհրդատվության, ով կշարունակի ձեր բուժումը:
Այս առումով, միգուցե ձեզ ավելի հարմար լինի դիմել այնպիսի կլինիկա, որտեղ աշխատում են տարբեր մասնագետներ և կատարվում տարբեր հետազոտություններ, և կարիք չի լինի մեկ կլինիկայից հետո այցելել մեկ այլ կլինիկա:
Ոչ պակաս կարևորություն ունեն բուժհիմնարկների աշխատանքային ժամերը, պայմանները, վճարման տարբերակները, օգտագործվող լեզուն և ընդհանուր սպասարկման առանձնահատկությունները:
Ուստի, որևէ կլինիկա ձեր առաջին այցից հետո ինքներդ ձեզ տվեք և փորձեք պատասխանել այս հարցերին՝
- Արդյոք ես ինձ հարմարավե՞տ էի զգում տվյալ կլինիկայում և տվյալ բժշկի հետ շփվելիս:
- Արդյոք ես ինձ հարմարավե՞տ էի զգում, որպեսզի տամ հարցեր:
- Լսո՞ւմ էր բժիշկը ինձ և բավարար անկեղծ և լիարժե՞ք էր պատասխանում իմ հարցերին:
Իմացե՛ք ավելին ձեր բժշկին տրվող հարցերի մասին, ներառյալ՝ ձեր առողջական խնդիրներին, բուժումներին, դեղերին և հետազոտություններին վերաբերող ձեր մտահոգությունները:
Ինչպե՞ս գտնել կամ ընտրել բժիշկ
Բազմաթիվ մարդիկ բժիշկ գտնում կամ ընտրում են՝ ելնելով ընտանիքի անդամների, ընկերների, աշխատակիցների կամ այլ բժիշկների (ընտանեկան բժիշկ, այլ մասնագետներ) խորհուրդներից:
Բժիշկների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ նաև տվյալ կլինիկայից կամ համացանցից: Սակայն բոլորիս էլ պարզ է, որ շատ անգամ նման տեղեկատվությունը կենտրոնանում է տվյալ մասնագետի հմտությունների և առավելությունների վրա և չի կարող 100%-ոց անկեղծ և հավաստի աղբյուր հանդիսանալ (նաև՝ համեստորեն լռում ենք այն մասին, որ դրանց մեծ մասը գովազդային բնույթի է):
Նման դեպքերում ձեզ կարող է օգնել հետևյալ տեղեկատվությունը՝
- բժշկի մասնագիտական ունակությունները
- բժշկի աշխատանքային փորձը
- բժշկագիտական աշխատանքներին բժշկի ներգրավվածությունը (տպագիր աշխատանքներ և այլն)
- բժշկի անդամակցությունը մասնագիտական ասոցիացիաներին
- բժշկից գոհունակության աստիճանը, որի մասին միջնորդված կարծիք կարող է տալ նաև այցելուների հոսքը
- այլ այցելուների կարծիքը, ովքեր անմիջականորեն շփվել են տվյալ բժշկի հետ կամ ում բուժմամբ անձամբ զբաղվել է տվյալ մասնագետը
- ձեր ընտանեկան բժշկի կարծիքը:
Հոդվածը հրապարակվել է՝ 30-05-2020
Վերջին վերանայում՝ 03-05-2024