Skip to main content

Ցիրկումցիզիա - Վիրահատություններ

Թլպատումն առնանդամի ծայրը ծածկող մաշկի՝ ծայրային թլիպի վիրահատական հեռացումն է։

Այս միջամտությունը բավականին տարածված է նորածին տղաների համար աշխարհի որոշ տարածաշրջաններում կամ ազգություններում: Նորածնային շրջանից հետո թլպատումը հնարավոր է, սակայն դա ավելի բարդ միջամտություն է:

Որոշ ընտանիքների համար թլպատումը կրոնական ծես է: Այն նաև կարող է իրականացվել ընտանեկան ավանդույթի, անձնական հիգիենայի կամ կանխարգելիչ դրդապատճառներով: Մյուսների համար, սակայն, թլպատումը կարող է մեկնաբանվել որպես ավելորդություն կամ ձևախեղում:

Ի՞նչ է ծայրային թլիպը

Առնանդամի գլխիկի ազատ ծայրին գտնվում է միզուկի արտաքին բացվածքը։ Առնանդամը ծածկող մաշկը գլխիկի հիմքի մոտ առաջացնում է ազատ ծալք՝ ծայրային թլիպ, իսկ գլխիկի և ծայրային թլիպի միջև մնում է ճեղքային խոռոչ։ Ծայրային թլիպի երկարությունը և ճեղքային խոռոչի մեծությունն անհատականորեն փոփոխական են։ Մինչև 10 տարեկան տղաների ծայրային թլիպը լրիվ ծածկում է գլխիկը։ Ծայրային թլիպի ներքին մակերևույթին տեղադրված են ճարպագեղձեր, որոնց արտազատուկը ծայրային թլիպի և առնանդամի գլխիկի էպիթելային բջիջների հետ գոյացնում է թլիպաճարպ (սմեգմա)։

Ինչո՞ւ է թլպատումն արվում

Թլպատումը կրոնական կամ մշակութային ծես է բազմաթիվ հրեական և իսլամական ընտանիքների, ինչպես նաև Աֆրիկայի և Ավստրալիայի որոշ բնիկ ցեղերի համար: Թլպատումը նաև կարող է լինել ընտանեկան ավանդույթի, անձնական հիգիենայի կամ կանխարգելիչ առողջության խնդիր:

Երբեմն թլպատման բժշկական անհրաժեշտություն առաջանում է, օրինակ, երբ առնանդամի գլխիկի մաշկը (թլիպը) չափազանց ձիգ է կամ սերտաճած է, որ ետ քաշվի գլխիկից, որը կոչվում է ֆիմոզ: Այլ դեպքերում, հատկապես Աֆրիկայի շրջաններում, թլպատումը խորհուրդ է տրվում մեծ տղաներին կամ տղամարդկանց որպես սեռական ճանապարհով փոխանցվող որոշ վարակների ռիսկը նվազեցնելու միջոց:

Թլպատումը կարող է ունենալ տարբեր առողջական օգուտներ, որոնք ներկայացված են ստորև:

  • Ավելի հեշտ հիգիենա. թլպատումը հեշտացնում է առնանդամի լվացումը և խնամքը։ Այնուամենայնիվ, չթլպատված առնանդամ ունեցող տղաներին կարելի է սովորեցնել, թե ինչպես կանոնավոր կերպով լվանան ծայրային թլիպը:
  • Միզուղիների վարակների ռիսկի նվազեցում. տղամարդկանց մոտ միզուղիների վարակների ռիսկը ցածր է, սակայն այս վարակներն ավելի հաճախ հանդիպում են չթլպատված տղամարդկանց մոտ: Կյանքի վաղ շրջանում ծանր վարակները կարող են հետագայում հանգեցնել երիկամային խնդիրների:
  • Սեռական ճանապարհով փոխանցվող վարակների ռիսկի նվազեցում. թլպատված տղամարդիկ կարող են ունենալ սեռական ճանապարհով փոխանցվող որոշ վարակների, այդ թվում՝ ՄԻԱՎ-ի ավելի ցածր ռիսկ: Այնուամենայնիվ, անվտանգ սեռական գործունեությունը մնում է կարևոր:
  • Առնանդամի խնդիրների կանխարգելում. երբեմն, չթլպատված առնանդամի ծայրային թլիպը կարող է դժվար կամ անհնարին լինել ետ քաշել գլխիկից (ֆիմոզ): Սա կարող է հանգեցնել ծայրային թլիպի կամ առնանդամի գլխկիի բորբոքմանը (բալանիտ):
  • Առնանդամի քաղցկեղի ռիսկի նվազում. առնանդամի քաղցկեղը խիստ հազվադեպ հանդիպող հիվանդություն է, սակայն ավելի քիչ է հանդիպում թլպատված տղամարդկանց մոտ: Բացի այդ, արգանդի վզիկի քաղցկեղն ավելի հազվադեպ է հանդիպում թլպատված տղամարդկանց կին սեռական զուգընկերների մոտ:

Թլպատված չլինելու ռիսկերը, սակայն, ոչ միայն հազվադեպ են, այլև դրանցից կարելի է խուսափել առնանդամի պատշաճ խնամքով:

Թլպատումը կարող է ցուցված չլինել, եթե առկա են արյան մակարդման որոշ խանգարումներ: Թլպատումը նաև կարող է տեղին չլինել վաղաժամ ծնված տղա նորածինների համար, ովքեր դեռևս բժշկական խնամք են պահանջում անհետաձգելի նորածնային բաժանմունքում կամ առնանդամի արատներով ծնված երեխաների համար:

Թլպատումը չի ազդում պտղաբերության վրա, ոչ էլ մեծացնում կամ նվազեցնում է սեռական հաճույքը տղամարդկանց կամ նրանց զուգընկերների մոտ, ինչպես սովորաբար ընդունված է համարել:

Ռիսկեր

Թլպատման հետ կապված ամենատարածված բարդությունները արյունահոսությունն է ու վարակը: Անզգայացման հետ կապված կողմնակի ազդեցությունները նույնպես հնարավոր են:

Հազվադեպ, թլպատումը կարող է առաջացնել ծայրային թլիպի հետ կապված խնդիրներ: Օրինակ՝

  • ծայրային թլիպը կարող է շատ կարճ կամ երկար կտրվել
  • ծայրային թլիպը կարող է ճիշտ չապաքինվել
  • մնացած թլիպը կարող է նորից կպչել առնանդամի ծայրին, ինչը պահանջում է փոքր վիրաբուժական վերականգնում (պլաստիկա):

Ինչպե՞ս նախապատրաստվել

Նախքան թլպատումը բժիշկը կբացատրի միջամտության ռիսկերն ու օգուտները: Անկախ նրանից, թե դուք նախատեսում եք ձեր որդուն թլպատել, թե ինքներդ թլպատվել, պետք է միջամտության համար գրավոր համաձայնություն տալ:

Ի՞նչ կարող եք ակնկալել

Միջամտության ընթացքում

Նորածնի թլպատումը հաճախ կատարվում է հիվանդանոցում (ծննդատանը), սովորաբար՝ ծնվելուց հետո 10 օրվա ընթացքում:

Նորածինների թլպատման համար ձեր տղային կպառկեցնեն մեջքի վրա՝ ձեռքերն ու ոտքերը զսպած: Առնանդամի և շրջակա տարածքի մաքրումից հետո առնանդամի հիմքի մեջ կներարկվի անզգայացնող միջոց կամ տեղային նրբաքսուք: Առնանդամի վրա հատուկ սեղմիչ կամ պլաստմասե օղակ կկցվի, իսկ ծայրային թլիպը կհեռացվի։

Այնուհետև առնանդամը կծածկվի քսուքով, օրինակ՝ տեղային հակաբիոտիկով կամ նավթային ժելեով և ոչ կիպ կփաթաթվի բինտով: Միջամտությունը սովորաբար տևում է մոտ 10 րոպե:

Ավելի մեծ տղաների և չափահասների թլպատումը գրեթե նույնն է: Այնուամենայնիվ, հնարավոր է, որ միջամտությունը կատարվի ընդհանուր անզգայացման ներքո: Ավելին, վերականգնումը կարող է ավելի երկար տևել, իսկ բարդությունների ռիսկը կարող է ավելի մեծ լինել, եթե դա արվի ավելի ուշ կյանքում:

Միջամտությունից հետո

Սովորաբար առնանդամի ապաքինման համար պահանջվում է յոթից 10 օր: Հավանաբար, առնանդամի ծայրը սկզբում ցավոտ կլինի, և այն կարող է կարմիր, այտուցված կամ կապտած տեսք ունենալ: Դուք նաև կարող եք առնանդամի ծայրին նկատել դեղին հեղուկի փոքր քանակություն:

Եթե ձեր նորածինն անհանգիստ է, երբ անզգայացնող միջոցի ազդեցությունը վերանում է, զգույշ եղեք, որ նրան գրկելիս խուսափեք առնանդամի վրա ճնշում գործադրելուց:

Լավացող առնանդամը լվանալը խնդրահարույց չէ: Վիրակապը փոխեք ձեր երեխայի բարուրի յուրաքանչյուր փոփոխության հետ և առնանդամի ծայրին քսեք նավթային ժելե, որ այն չկպչի բարուրին: Հաճախ փոխեք ձեր երեխայի տակդիրը և համոզվեք, որ բարուրը թույլ է կապված:

Եթե վիրակապի փոխարեն տեղադրված է պլաստիկ օղակ, այն ինքնուրույն կընկնի, սովորաբար՝ մոտ մեկ շաբաթվա ընթացքում: Երբ առնանդամը լավանա, սովորական լոգանքի ընթացքում լվացեք այն օճառով և ջրով:

Թլպատումից հետո խնդիրները հազվադեպ են: Կապվեք բժշկի հետ, եթե՝

  • նորմալ միզարձակումը չի վերականգնվում թլպատումից հետո 12 ժամվա ընթացքում
  • առկա է մշտական արյունահոսություն
  • առկա է առնանդամի ծայրից գարշահոտ արտադրություն
  • պլաստիկ օղակը մնում է տեղում թլպատումից երկու շաբաթ անց:

Հոդվածը հրապարակվել է՝ 30-05-2023
Վերջին վերանայում՝ 30-04-2024