Կլաուստրոֆոբիա (վախ փակ տարածություններից)
27-05-2019
2 րոպե
Կլաուստրոֆոբիան վախն է փակ տարածություններում գտնվելուց, որը հաճախ ուղեկցվում է ինքնատիրապետումը կորցնելու վախով կամ տհաճ զգացումներով:
Կլաուստրոֆոբիան ագորաֆոբիայի մի տեսակ է, որի ժամանակ մարդիկ անհանգստանում և խուսափում են այնպիսի իրավիճակներից, որտեղից փախչելը կամ օգնություն ստանալը դժվար է: Երկու վիճակներն էլ ուղեկցվում են խիստ արտահայտված տագնապի զգացողությամբ:
Կլաուստրոֆոբիան ունի խիստ անհատական դրսևորում: Որոշ մարդիկ սահմանափակ կամ մարդաշատ տարածքներում կարող են թեթև անհանգստություն զգալ, մյուսների մոտ կարող է սկսվել խիստ անհանգստություն և խուճապի նոպա (պանիկա):
Կան կլաուստրոֆոբիայի առաջացման դրդապատճառներ (տրիգեր) հանդիսացող տարբեր իրավիճակներ, օրինակ՝
- վերելակներ
- թունելներ
- գնացքներ
- մարդաշատ սենյակներ
- պտտվող դռներ
- հասարակական զուգարաններ
- հանրային տրանսպորտ, որի դռները կառավարում է վարորդը
- ավտոլվացման սրահներ
- մեծ խանութների խճճված սրահներ
- առանց պատուհանի սենյակներ
- ինքնաթիռներ
- կիպ հագուստ:
Եթե նման իրավիճակներում կամ միջավայրերում զգում եք ներքին տագնապ և անհանգստություն, զրուցեք ձեր բժշկի հետ: Կլաուստրոֆոբիան տագնապի մյուս խանգարումների նման բուժելի է:
Կլաուստրոֆոբիայի ախտանիշները
Կլաուստրոֆոբիա ունեցող մարդկանց մոտ հաճախ կարող է սկսվել խուճապի նոպա՝ վախի հանկարծակի և սուր դրվագ: Ֆիզիկական և հոգեկան զգացողությունը կարող են դառնալ անդիմադրելի:
Խուճապի նոպայի հիմնական ախտանիշներից են՝
- ինքնատիրապետման կորստի վախ կամ ուշագնացություն
- մահվան վախի զգացում
- արագացած մտքերի հոսք, որը դժվարացնում է նորմալ դատողություն անելուն
- սրտազարկի հաճախացում
- շնչառության հաճախացում կամ օդի պակասի զգացում ու հևոց
- շնչահեղձության զգացում
- առատ քրտնարտադրություն և դող
- թուլության զգացում կամ գլխապտույտ
- մարմնով տարածվող «տաք ներհոս» կամ սարսուռ
- շփոթվածության, ապակողմնորոշման կամ իր անձից օտարման զգացողումներ
- սրտխառնոց:
Մարդկանց գրեթե կեսն իր կյանքի որևէ պահին ունենում է խուճապի նոպա:
Ինչպե՞ս է կլաուստրոֆոբիան ազդում մարդկանց կյանքի վրա
Կլաուստրոֆոբիան կարող է սահմանափակ տարածքներում առաջացնել խիստ անհարմարավետության (դիսկոմֆորտ) և անհանգստության զգացումներ: Խուճապի նոպաները կարող են լինել խիստ վախեցնող և այնպիսի ուժգնության, որ սկսեք խուսափել նման իրավիճակներց, որպեսզի կանխեք նոպայի կրկնությունը:
Օրինակ, դուք կարող եք փոխել ձեր սովորական ճանապարհը, շրջանցել ձեր կյանքում անպայման ի հայտ եկող տարատեսակ վիճակները, մերժել հանդիպումներին կամ իրադարձություններին ձեր մասնակցությունը, իսկ ծանր դեպքերում՝ խուսափել նաև ձեր բնակարանից:
Ինչպե՞ս է կլաուստրոֆոբիան բուժվում
Եթե ձեզ մոտ ախտորոշվել է տագնապային խանգարման այս տեսակը, բժիշկը կարող է առաջարկել հոգեբանական բուժման (փսիխոթերապիա) որևէ մեթոդ, օրինակ՝ կոգնիտիվ-վարքաբանական թերապիա:
Ըստ անհրաժեշտության, բժիշկը կամ հոգեթերապևտը կարող են նաև ձեզ նշանակել որոշ դեղեր, որոնք կգնեն ձեր որոշ ախտանիշների մեղմացմանը:
Զրուցեք բժշկի հետ բուժման տարբեր տեսակների և դրանց տարբերությունների մասին:
Հոդվածը վերանայվել է՝ 29-06-2021