Բժիշկները վստահ չեն, թե ինչն է առաջացնում հաստ աղիքի քաղցկեղի մեծ մասը:
Ընդհանուր առմամբ, հաստ աղիքի քաղցկեղը սկսվում է այն ժամանակ, երբ հաստ աղիքի առողջ բջիջների ԴՆԹ-ում զարգացում են փոփոխություններ (մուտացիաներ): Բջջի ԴՆԹ-ն պարունակում է մի շարք հրահանգներ, որոնք բջջին ասում են, թե ինչ անել:
Առողջ բջիջները աճում և բաժանվում են կանոնավոր կերպով, որ ձեր օրգանիզմը նորմալ գործի: Բայց երբ բջիջի ԴՆԹ-ն վնասվում է և այն դառնում է քաղցկեղային, բջիջները շարունակում են բաժանվել, նույնիսկ երբ նոր բջիջների կարիքը չկա: Երբ բջիջները կուտակվում են, գոյացնում են ուռուցք:
Ժամանակի ընթացքում քաղցկեղի բջիջները կարող են աճել՝ ներխուժելով և ոչնչացնելով մոտակայքում գտնվող նորմալ հյուսվածքները: Քաղցկեղային բջիջները կարող են շարժվել դեպի մարմնի այլ մասեր՝ այնտեղ ստեղծելով կուտակումներ (մետաստազներ):
Ռիսկի գործոններ
Գործոնները, որոնք կարող են մեծացնել հաստ աղիքի քաղցկեղի ռիսկը, ներառում են հետևյալը:
- Ավելի մեծ տարիք. հաստ աղիքի քաղցկեղը կարող է ախտորոշվել ցանկացած տարիքում, սակայն քաղցկեղի այս տեսակն ունեցող մարդկանց մեծամասնությունը 50 տարեկանից մեծ է: Հաստ աղիքի քաղցկեղի դեպքերը 50-ից երիտասարդ մարդկանց մոտ աճել են, սակայն բժիշկները չգիտեն, թե ինչու:
- Աֆրոամերիկյան ռասա. աֆրոամերիկացիներն ունեն հաստ աղիքի քաղցկեղի ավելի մեծ ռիսկ, քան այլ ռասաների պատկանող մարդիկ:
- Կոլոռեկտալ քաղցկեղի կամ պոլիպների անձնական պատմություն. եթե դուք արդեն ունեցել եք հաստ աղիքի քաղցկեղ կամ հաստ աղիքի ոչ քաղցկեղային պոլիպներ, ապագայում հաստ աղիքի քաղցկեղի ավելի մեծ ռիսկ ունեք:
- Աղիների բորբոքային հիվանդություններ. հաստ աղիքի քրոնիկ բորբոքային հիվանդությունները, ինչպիսիք են խոցային կոլիտը և Կրոնի հիվանդությունը, կարող են մեծացնել հաստ աղիքի քաղցկեղի ռիսկը:
- Ժառանգական համախտանիշներ, որոնք մեծացնում են հաստ աղիքի քաղցկեղի ռիսկը. որոշ գենային մուտացիաներ, որոնք փոխանցվել են ձեր ընտանիքի սերունդներին, կարող են զգալիորեն մեծացնել հաստ աղիքի քաղցկեղի ռիսկը: Հաստ աղիքի քաղցկեղի միայն փոքր տոկոսն է կապված ժառանգվող գեների հետ: Ամենատարածված ժառանգական համախտանիշները, որոնք մեծացնում են հաստ աղիքի քաղցկեղի ռիսկը, ընտանեկան ադենոմատոզ պոլիպոզն է (ԸԱՊ, FAP) և Լինչի համախտանիշը, որը նաև հայտնի է որպես ժառանգական ոչ պոլիպոզային կոլոռեկտալ քաղցկեղ (ԺՈՊԿՔ):
- Հաստ աղիքի քաղցկեղի ընտանեկան պատմություն. դուք ավելի հավանական է, որ ունենաք հաստ աղիքի քաղցկեղ, եթե ունեք արյունակից հարազատ, ով ունեցել է այդ հիվանդությունը: Եթե ընտանիքի մեկից ավելի անդամ ունի հաստ աղիքի կամ ուղիղ աղիքի քաղցկեղ, ձեր ռիսկն ավելի մեծ է:
- Ցածր բջջանքով, բարձր յուղայնությամբ սննդակարգ. հաստ աղիքի քաղցկեղը և ուղիղ աղիքի քաղցկեղը կարող են կապված լինել տիպիկ արևմտյան սննդակարգի հետ, որը պարունակում է քիչ բջջանք (բջջանյութ) և շատ ճարպեր և կալորիաներ: Այս ոլորտում հետազոտությունները հակասական արդյունքներ են ունեցել: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ հաստ աղիքի քաղցկեղի ռիսկը մեծանում է այն մարդկանց մոտ, ովքեր սնվում են կարմիր և վերամշակված միսով հարուստ սննդակարգերով:
- Ֆիզիկական թերակտիվ (նստակյաց) ապրելակերպ. մարդիկ, ովքեր ֆիզիկապես ակտիվ չեն, ավելի հավանական է, որ ունենան հաստ աղիքի քաղցկեղ: Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող է նվազեցնել հաստ աղիքի քաղցկեղի ռիսկը:
- Շաքարային դիաբետ. դիաբետով կամ ինսուլինակայունությամբ մարդկանց մոտ մեծանում է հաստ աղիքի քաղցկեղի ռիսկը:
- Գիրություն. մարդիկ, ովքեր գեր են, ունեն հաստ աղիքի քաղցկեղի ավելի մեծ ռիսկ և հաստ աղիքի քաղցկեղից մահանալու ավելի մեծ ռիսկ՝ համեմատած նորմալ քաշ ունեցող մարդկանց հետ:
- Ծխելը. ծխող մարդկանց մոտ կարող է աճել հաստ աղիքի քաղցկեղի ռիսկը:
- Ալկոհոլ. ալկոհոլի շատ օգտագործումը մեծացնում է հաստ աղիքի քաղցկեղի ռիսկը:
- Ճառագայթային թերապիա քաղցկեղի համար. ճառագայթային թերապիան, որն ուղղված է դեպի որովայնի խոռոչ՝ նախկին քաղցկեղի բուժման համար, մեծացնում է հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-06-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024