Կան մի շարք միջոցներ, որոնք կարող են օգնել ձեզ մոտ հաստ աղիքի քաղցկեղի կանխարգելմանը:
Հաստ աղիքի քաղցկեղի սքրինինգ
Բժիշկները խորհուրդ են տալիս, որ հաստ աղիքի քաղցկեղի միջին ռիսկ ունեցող մարդկիկ մոտ 45 տարեկանում անցնեն հաստ աղիքի քաղցկեղի սկրինինգ: Սակայն, բարձր ռիսկ ունեցող մարդիկ, ինչպիսիք են հաստ աղիքի քաղցկեղի ընտանեկան պատմություն ունեցողները, պետք է սքրինինգի մասին մտածեն ավելի շուտ:
Գոյություն ունեն սքրինինգի մի քանի տարբերակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու թերությունները: Խոսեք տարբերակների մասին ձեր բժշկի հետ և միասին որոշեք, թե որ սքրինինգային թեստերն են ձեզ ավելի օգտակար:
Հաստ աղիքի քաղցկեղի ռիսկը նվազեցնող ապրելակերպի փոփոխություններ
Դուք կարող եք քայլեր ձեռնարկել՝ նվազեցնելու հաստ աղիքի քաղցկեղի ռիսկը՝ փոփոխություններ կատարելով ձեր առօրյա կյանքում:
- Կերեք բազմատեսակ մրգեր, բանջարեղեն և ամբողջհատիկ ձավարեղեն. մրգերը, բանջարեղենը և ամբողջահատիկ ձավարեղենը պարունակում են վիտամիններ, միներալներ, բջջանքներ և հակաօքսիդանտներ, որոնք կարող են դեր խաղալ քաղցկեղի կանխարգելման գործում: Ընտրեք տարբեր մրգեր և բանջարեղեն, որ ստանաք բազմաթիվ վիտամիններ և սննդանյութեր:
- Եթե օգտագործում եք ալկոհոլ, արեք դա չափավոր քանակներով. եթե ընտրում եք ալկոհոլ օգտագործել, սահմանափակեք ձեր խմած ալկոհոլի քանակը օրական ոչ ավելի, քան մեկ չափաբաժին կանանց համար և երկու՝ տղամարդկանց համար:
- Դադարեցրեք ծխելը. խոսեք ձեր բժշկի հետ ծխելը թողնելու ուղիների մասին, որոնք կարող են արդյունավետ լինել ձեզ համար:
- Վարժանքներ արեք շաբաթվա օրերի մեծ մասը. փորձեք առնվազն 30 րոպե մարզվել օրերի մեծ մասում: Եթե ակտիվ չեք եղել, սկսեք դանդաղորեն և աստիճանաբար ավելացրեք՝ հասնելով 30 րոպեին: Բացի այդ, խոսեք ձեր բժշկի հետ նախքան որևէ վարժանք սկսելը:
- Պահպանեք առողջ քաշը. եթե առողջ քաշ ունեք, աշխատեք պահպանել ձեր քաշը՝ համատեղելով առողջ սննդակարգը ամենօրյա վարժանքների հետ: Եթե ձեզ անհրաժեշտ է նիհարել, հարցրեք ձեր բժշկին ձեր նպատակին հասնելու առողջ ուղիների մասին: Նպատակ դրեք դանդաղորեն նիհարել՝ ավելացնելով ձեր ստացած վարժանքների չափը և նվազեցնելով ձեր կերած կալորիաների քանակը:
Հաստ աղիքի քաղցկեղի կանխարգելումը բարձր ռիսկային մարդկանց համար
Պարզվել է, որ որոշ դեղամիջոցներ նվազեցնում են նախաքաղցկեղային պոլիպի կամ հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը: Օրինակ, որոշ ապացույցներ կապում են պոլիպների և հաստ աղիքի քաղցկեղի ռիսկի նվազեցումը Ասպիրինի կամ ասպիրինանման դեղամիջոցների կանոնավոր օգտագործման հետ: Սակայն պարզ չէ, թե ինչ դեղաչափ և ինչ ժամանակահատված է անհրաժեշտ հաստ աղիքի քաղցկեղի ռիսկը նվազեցնելու համար: Ասպիրինի ամենօրյա ընդունումն ունի որոշ ռիսկեր, այդ թվում՝ ստամոքս-աղիքային արյունահոսություն և խոցեր:
Այս տարբերակները հիմնականում վերապահված են հաստ աղիքի քաղցկեղի բարձր ռիսկ ունեցող մարդկանց համար: Չկան բավարար ապացույցներ այս դեղամիջոցները խորհուրդ տալու համար այն մարդկանց, ովքեր ունեն հաստ աղիքի քաղցկեղի միջին ռիսկ:
Եթե ունեք հաստ աղիքի քաղցկեղի բարձր ռիսկ, քննարկեք ձեր ռիսկի գործոնները ձեր բժշկի հետ՝ որոշելու, թե արդյոք կանխարգելիչ դեղամիջոցներն անվտանգ են ձեզ համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024