Համակցված հակաբեղմնավորիչ բերանային (օրալ) հաբը նախատեսված է անցանկալի կամ չնախատեսված հղիությունը կանխարգելելու համար:
Այս դեղամիջոցը նաև կարող է օգնել ձեր դաշտանային արյունահոսության թուլացմանը, ցիկլերի ավելի կանոնավոր դառնալուն և դաշտանային ցավերի մեղմացմանը: Բժիշկներն այս դեղին այլ կերպ անվանում են «կոմբինացված օրալ կոնտրացեպտիվ հաբ», որտեղ «օրալը» ցույց է տալիս, որ հաբը պետք է ընդունել բերանով խմելու ձևով (ի տարբերություն հեշտոցային հաբի), իսկ «կոնտրացեպտիվը» նույն հակաբեղմնավորիչն է կամ բեղմնականխիչը: Այս հաբերը կոչվում են համակցված (կոմբինացված), քանի որ պարունակում են մեկից ավելի ակտիվ ազդող նյութ (հորմոն):
Ի՞նչ է իրենցից ներկայացնում համակցված հաբը
Համակցված հակաբեղմնավորիչ օրալ հաբը բեղմնականխման միջոցներից մեկն է, երբ կանխում եք անցանկալի հղիությունը՝ պարզապես ընդունելով այս հաբերը: Այս դեղամիջոցը համակցված է և պարունակում է երկու հորմոն՝ էստրոգեն և պրոգեստոգեն:
Ինչպե՞ս է համակցված հաբն ազդում
Համակցված հակաբեղմնավորիչ օրալ հաբի գլխավոր ազդեցությունը կնոջ ձվարանների կողմից յուրաքանչյուր ամիս կրկնվող ձվազատման (օվուլյացիա) կանխարգելումն է: Համակցված հաբը նաև արգանդի վզիկի լորձը դարձնում է ավելի մածուցիկ՝ խոչընդոտելով սպերմատոզոիդների տեղաշարժը դեպի արգանդ: Վերջապես, հորմոնային հաբը բարակեցնում է արգանդի լորձաթաղանթը՝ ավելի քիչ հավանական դարձնելով բեղմնավորված ձվաբջջի ներդրումն արգանդի պատին:
Կան համակցված հաբեր, որոնք ազդում են խմելու առաջին իսկ օրվանից և կան այլ հաբեր, որոնց հակաբեղմնավորիչ ազդեցությունը զարգանում է առնվազն 7 օր ընդունելուց հետո:
Համակցված հաբի տեսակները
Կան համակցված հակաբեղմնավորիչ հաբի տարբեր տեսակներ, սակայն դրանք բոլորն էլ ազդում են գրեթե նույն ձևով: Եթե նախատեսում եք օգտագործել համակցված հաբ, արժի նախ զրուցել ձեր բժշկի հետ, որ միասին ընտրեք ձեզ համար ամենահարմար և անվնաս դեղաձևը:
Համակցված հաբը սովորաբար արտադրվում է 28 հաբ պարունակող տուփերով կամ փաթեթներով, և պետք է յուրաքանչյուր օր նույն ժամին խմեք մեկ հաբ: Որոշ տեսակների տուփերը կարող են պարունակել 21 հաբ. սա նախատեսված է 7-օրյա ընդմիջում անելու (հաբի ընդունումն ընդհատելու) համար: Բոլոր դեպքերում, մանրամասն ծանոթացեք դեղատուփում առկա թերթիկին:
Համակցված հակաբեղմնավորիչ հաբից բացի կան նաև բեղմնականխիչ հաբի այլ տեսակներ, օրինակ՝ միայն պրոգեստագեն պարունակող «մինի հաբ» և անհետաձգելի բեղմնականխման «հաջորդ օրվա» հաբ:
Ե՞րբ է համակցված հաբն առավել լավ ազդում
Համակցված հակաբեղմնավորիչ օրալ հաբի արդյունավետությունը խիստ բարձրանում է, եթե ընդունում եք կանոնավոր կերպով և բաց չեք թողնում նույնիսկ մեկ դեղաչափ:
Ի՞նչը կարող է խանգարել համակցված հաբի ազդեցությանը
Եթե ունեք փսխում կամ փորլուծություն, ձեր խմած հաբը կարող է աղեստամոքսային խողովակում լիարժեք չներծծվել:
Միևնույն ժամանակ, այլ խմբի որոշ սակավաթիվ դեղեր կարող են փոխազդել և թուլացնել հակաբեղմնավորիչ հաբի ազդեցությունը: Եթե ստանում եք որևէ լրացուցիչ բուժում, քննարկեք այս խնդիրը ձեր բժշկի հետ:
Նշված պատճառներից ելնելով հակաբեղմնավորիչ օրալ հաբ ընդունող որոշ կայանք կարող են հղիանալ: Եթե վերոնշյալ իրավիճակներից մեկնումեկը ձեր դեպքում առկա է, ներառյալ այն, որ բաց եք թողել ձեր օրական դեղաչափը, մտածեք բեղմնականխման մեկ այլ «պահուստային» տարբերակից օգտվելու մասին (օրինակ՝ պահպանակ)՝ մինչև ձեր հաջորդ դաշտանը:
Համակցված հաբի առավելությունները և թերությունները
Համակցված հորմոնային հաբի հիմնական առավելություններից են՝
- կանանց մեծ մասի համար անվտանգ է
- կարող է օգնել դաշտանային ցիկլի կարգավորմանը, օրինակ՝ հաճախ մեղմացնում է առատ դաշտանը ու ցավերը
- կարող է օգնել ակնեի (կորյակ, պզուկ) լավացմանը, ինչպես նաև նախադաշտանային համախտանիշի և դաշտանադադարի որոշ ախտանիշների բարելավմանը
- հնարավոր է, որ նվազեցնում է էնդոմետրիումի և ձվարանի քաղցկեղների ռիսկը:
Համակցված հաբի հիմնական թերություններից են՝
- չի կարող օգտագործվել բոլոր կանանց կողմից
- կարող է առաջացնել կողմնակի երևույթներ, հատկապես առաջին անգամ ստանալիս, այդ թվում՝
- կրծքագեղձերի ցավոտություն
- սրտխառնոց
- գլխացավ
- քաշի ավելացում
- կարող է բարձրացնել խիստ հազվադեպ հանդիպող խորանիստ երակների թրոմբոզի կամ ինսուլտի ռիսկերը
- ի տարբերություն պահպանակի, չի պաշտպանում սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից:
Ի՞նչ անել, եթե բաց եք թողել ամենօրյա դեղաչափը
Եթե մոռացել կամ մեկ այլ պատճառով չեք խմել ձեր հերթական դեղաչափը, նույնիսկ եթե դա եղել է միայն մեկ անգամ, հավանաբար այլևս հղիանալուց լիարժեք պաշտպանված չեք: Ծանոթացեք ձեր դեղատուփում առկա թերթիկում նշված խորհուրդներին:
Եթե համոզված չեք, թե ինչ քայլ է պետք ձեռնարկել, այցելեք ձեր բժշկին կամ մոտակա ընտանիքի պլանավորման գրասենյակ:
Ծանոթացե՛ք հակաբեղմնավորիչ հաբերի վերաբերյալ հաճախակի տրվող հարցերին և դրանց պատասխաններին:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-04-2020
Վերջին վերանայում՝ 08-05-2024