Հղիության վերջին փուլում առաջ եկող կծկանքները կամ կոնտրակցիաները վկայում են մոտալուտ ծննդաբերության մասին։
Ծննդաբերության սկիզբը նախանշող կծկանքներն առաջացնում են ցավեր՝ նման խիստ ցավոտ դաշտանին։ Ավելի ուշ՝ ծննդաբերության 2-րդ փուլում կծկանքներին միանում են նաև արտամղող ուժերը՝ ճիգերը։
Ծննդաբերական կծկանքներին և ճիգերին այլ կերպ անվանում են երկունքի ցավեր։
Ի՞նչ են կծկանքները
Կծկանքներն առաջանում են, երբ արգանդի մկանները սկսում են կծկվել՝ առաջացնելով ձեր որովայնի ստորին հատվածների և գոտկային ցավեր։ Կծկանքները ձգվում են արգանդով վերևից ներքև։ Կծկանքների միջև դուք կարող եք թուլանալ և հանգստանալ։
Հղիության վերջին մի քանի ամսվա ընթացքում դուք կարող եք զգալ նաև ոչ կանոնավոր՝ Բրաքստոն-Հիկսի կծկանքներ (արգանդի հաջորդական ձգման և թուլացման զգացողություն)։ Ի տարբերություն Բրաքստոն-Հիկսի կեղծ կծկանքների, իսկական ծննդաբերական կծկանքները՝
- ստանում են կանոնավոր բնույթ և աստիճանաբար դառնում են ավելի ուժեղ և ավելի հաճախակի (կրճատվում է դրանց միջև ընկած ժամանակահատվածը)
- տևում են շուրջ 30-ից մինչև 70 վայրկյան
- շարունակվում են, երբ դուք փոփոխում եք ձեր դիրքը։
Կծկանքների տևողությունը հաշվում են որպես մի կծկանքի սկսվելու և մյուսի սկսվելու միջև ընկած ժամանակային միջակայք։ Սովորաբար խորհուրդ է տրվում մնալ տանը, քանի դեռ կծկանքները չեն վերսկսվում յուրաքանչյուր 5 րոպեն մեկ։
Եթե ձեզ մոտ ուժեղ և կանոնավոր կծկանքներ առաջանում են մինչև հղիության 37-րդ շաբաթը լրանալը, դա կարող է լինել վաղաժամ ծննդաբերության նշաններից մեկը։ Եթե կարծում եք, որ ձեզ մոտ սկսվում է վաղաժամ ծննդաբերություն, անհապաղ դիմեք բժշկական օգնության, քանի որ սկսվելուց հետո խիստ դժվար է լինում ծննդաբերության գործընթացը կանգնեցնելը։
Իմացե՛ք ավելին ծննդաբերական «կեղծ» կամ Բրաքստոն-Հիկսի կծկանքների մասին:
Ինչպե՞ս են առաջանում կծկանքները
Կծկանքներն առաջանում են, երբ ձեր մակուղեղը (հիպոֆիզ) սկսում է արտադրել և արյան հուն բաց թողնել օքսիտոցին հորմոնը։ Վերջինս խթանում է արգանդի մկանները և առաջացնում միմյանց հաջորդող կծկումներ և թուլացումներ։
Կծկանքները և դրանց հաջորդող ճիգերն ապահովում են այսպես կոչված ծննդաբերության մեխանիզմը, երբ պտուղը ծննդուղիներով արգանդից արտամղվում է վզիկով դեպի հեշտոց, որից հետո դուրս գալիս արտաքին աշխարհ։
Կծկանքների բուժումը
Բուժման անհրաժեշտություն առաջանում է միայն վաղաժամ ծննդաբերության ռիսկի դեպքում։ Սակայն, կծկանքներն առանձին վերցրած միշտ չէ, որ բերում են ծննդաբերության գործընթացը սկսվելուն։ Նշանակություն ունի այն, թե ինչ փոփոխություններ են ընթանում արգանդի վզիկում։ Վաղ կծկանքներ ունեցող կանանց գրեթե կեսի մոտ վզիկը կարող է ծննդաբերությանը պատրաստ չլինել, և նման դեպքերում կծկանքներն ինքնուրույն դադարում են։
Վաղաժամ ծննդաբերության ռիսկի դեպքում կծկանքները ժամանակավորապես ընդմիջելու համար ձեզ կարող են նշանակվել որոշ դեղեր։ Սա ժամանակ է տալիս, որ պտղի թոքերի հասունացմանն օժանդակելու համար ձեզ ներարկեն որոշ ստերոիդային դեղեր։
Կան սկսված կծկանքների մեղմացման տարբեր մեթոդներ, ինչպիսիք են՝ պրոգեստերոնային գել կամ ներարկումներ, արգանդի պարանոցի «կապում», ֆիզիկական ակտիվության սահմանափակում և այլն։
Կծկանքների ժամանակ ինքնօգնության հմտություններ
Կծկանքները հաղթահարելու լավագույն մեթոդը թուլանալն է։ Հիվանդասենյակում քայլելը նույնպես կարող է օգնել ցավերի մեղմացմանը։ Ձեզ նաև կարող են առաջարկել տաք ու սառը միջոցներ, տաք ցնցուղ, հանգստացնող մերսում և թուլացնող երաժշտություն։
Կան ծննդաբերական կծկանքներին և ճիգերին ուղեկցող ցավերի բուժման տարբեր մեթոդներ, որոնք կարող են ձեզ առաջարկվել, որ ավելի հեշտությամբ հաղթահարեք երկունքի ցավերը։
Ե՞րբ դիմել բժշկական օգնության
Եթե ձեր հղիությունը չի գերազանցում 37 շաբաթականը և դուք յուրաքանչյուր 10 րոպեն մեկ կամ նույնիսկ ավելի հազվադեպ ունենում եք ուժեղ և կանոնավոր կծկանքներ, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն։
Վաղաժամ ծննդաբերության այլ նշաններից են՝
- հեշտոցից հեղուկի արտահոսք
- հեշտոցային արտադրուկի փոփոխություններ
- հեշտոցային արյունահոսություն
- գոտկատեղի կամ ամբողջ մեջքի բութ ցավեր
- հեշտոցի կամ ուղիղ աղիքի շրջանում ուժեղ ճնշման կամ լարվածության զգացողություն
- դաշտանային ցավերին նմանվող որովայնային կծկանքներ
- ձեր որովայնում երեխայի խաղի դադարում (կամ թուլացում)։
Հոդվածը հրապարակվել է՝ 27-04-2019
Վերջին վերանայում՝ 27-04-2024