Առողջական խնդիրներ
Կորոնավիրուսներ

4 րոպե
Կորոնավիրուսները կազմում են վիրուսների մեծ ընտանիք, որոնք կարող են առաջացնել սուր շնչառական վիրուսային վարակ (ՍՇՎՎ կամ ընդհանուր մրսածություն), հազվադեպ՝ ավելի լուրջ հիվանդություններ, օրինակ՝ սուր ծանր շնչառական համախտանիշ (SARS) և մերձավորարևելյան շնչառական համախտանիշ (MERS), իսկ վերջերս՝ նաև կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19)
Կորոնավիրուսները նոր չեն հայտնվել. դրանք գոյություն ունեն բազմաթիվ տարիներ, որի շնորհիվ մարդկանց օրգանիզմը դրանց հանդեպ «հարմարվել է»՝ զարգացնելով ընդհանուր իմունիտետ։ Սա նշանակում է, որ երբ մենք կորոնավիրուսային ՍՇՎՎ (ընդհանուր մրսածություն) ենք ունենում, հիվանդությունը չի ստանում շատ բուռն ընթացք։
Սակայն, կորոնավիրուսները միայն մարդկանց օրգանիզմում չեն հայտնաբերվում։ Բազմաթիվ կենդանիների մոտ նույնպես զարգանում է կորոնավիրուսի հետ կապված հիվանդություններ և երբեմն վիրուսները կարող են ձևափոխվել՝ մուտացիայի ենթարկվել և փոխանցվել մարդկանց։ Երբ սա տեղի է ունենում, հիվանդությունը կարող է ստանալ ավելի լուրջ ընթացք, քանի որ մարդու օրգանիզմը նախկինում չի շփվել այդ վիրուսների հետ և չի մշակել «պայքարի տարբերակ»։ Ինչպես SARS-ը, այնպես էլ MERS-ը վերջին տարիներին ի հայտ եկած այսպիսի վարակների օրինակներ են։
Երբ կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվում, այն կոչվում է «նոր» կորոնավիրուս, օրինակ՝ COVID-19-ը։
Որո՞նք ենք կորոնավիրուսի ախտանիշները
Կորոնավիրուսները կարող են հարուցել տարբեր վարակային հիվանդություններ, որոնք կարող են միմյանցից տարբերվել ինչպես ախտանշաններով, այնպես էլ զարգացման ընթացքով և ծանության աստիճանով։
Կորոնավիրուսային վարակների ամենահաճախ հանդիպող նշաններն են՝
- ջերմության բարձրացում և տենդ
- հազ
- գլխացավ
- ցավ և դիսկոմֆորտ ըմպան-կոկորդում
- շնչառական խնդիրներ, որը կարող է հարաճուն կերպով վերածվել թոքաբորբի
- փորլուծություն
- փսխումներ
- մկանացավեր։
Ինչպե՞ս է կորոնավիրուսը փոխանցվում
Ավելի հաճախ հանդիպող կորոնավիրուսները սովորաբար մարդկանց միջև տարածվում են, երբ առողջ մարդը շփվում է մեկ այլ՝ վարակված անձի հետ։
Ավելի հազվադեպ հանդիպող կորոնավիրուսները, օրինակ՝ SARS-ը և MERS-ը զարգանում են, երբ վարակը կենդանիներից փոխանցվում է մարդուն։ SARS-ը փոխանցում է կատվազգիներից (ցիվետա կամ վիվերա), իսկ MERS-ը՝ ուղտերից, թեև կորոնավիրուսի այս երկու տեսակների համար «բնական ռեզերվուարներ» են համարվում չղջիկները։ Երբ վիրուսը բազմանում է, այն կարող է վարակակիր մարդուց տարածվել սերտ շփման մեջ գտնվող այլ մարդկանց՝ ընտանիքի անդամներ, աշխատանքային գործընկերներ, բուժաշխատողներ և այլն։
Ինչպե՞ս է կորոնավիրուսն ախտորոշվում
Նոր կորոնավիրուսի հայտնաբերումը (ախտորոշումը) պահանջում է լաբորատոր ախտորոշում։
Ինչպե՞ս է կորոնավիրուսը բուժվում
Կորոնավիուսային վարակի դեմ որևէ հատուկ բուժում գոյություն չունի, ուստի բժիշկներն ավելի շուտ բուժում են հիվանդության դրսևորումները, օրինակ՝ շնչառական վարակները կամ թոքաբորբը։ Հակաբիոտիկները վիրուսների վրա չեն ազդում:
Ինչպե՞ս է կորոնավիրուսային վարակը կանխարգելվում
Ինչպես վիրուսների մեծ մասի, այնպես էլ կորոնավիրուսային վարակից խուսափելու լավագույն ճանապարհը վարակված անձանց հետ շփումը բացառելը կամ կտրուկ սահմանափակելն է, ինչպես նաև ձեռքերի հիգիենան և սննդի անվտանգության կանոնները պահպանելը։ Մի հպվեք ձեր դեմքին և բերանին, քանի դեռ չեք լվացել ձեր ձեռքերը։ Խուսափեք շնչառական հիվանդության նշաններով (օրինակ՝ հազ կամ փռշտոց) մարդկանց հետ սերտ շփումից։
Երբ ի հայտ է գալիս վարակի նոր բռնկում, առողջապահական կազմակերպությունները և պետությունները նույնականացնում են ռիսկերը և տարածում տեղեկատվական-կրթական նյութեր։
Որո՞նք են կորոնավիրուսային վարակի նկատմամբ առավել ռիսկային խմբերը
Վարակված կենդանու կամ մարդու հետ ուղղակի շփվող ցանկացած մարդ կրում է վարակվելու ռիսկ։ Նոր կորոնավիրուսները բռնվկվել են աշխարհագրական որոշակի վայրերում և տարածվել ճանապարհորդող մարդկանց միջոցով։
Մեծահասակ մարդիկ, մանկահասակ երեխաները և քրոնիկ առողջական խնդիրներ ունեցող անձինք համարվում են կորոնավիրուսով վարակվելու ամենառիսկային խմբերը։ Ընդ որում, նույն այս խմբերում վիրուսային վարակը կարող է ստանալ բարդացած ընթացք։
Հոդվածը տեղադրվել է՝ 17-03-2020 վերանայվել է՝ 26-12-2022
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: