Նոր կորոնավիրուսային (COVID-19) համաճարակի բռնկման օրերին շատ կարևոր է, որ աշխատավայրերը չվերածվեն վարակի տարածման «օջախների», այլ, հակառակը՝ նպաստեն աշխատողների ու հաճախորդների շրջանում վիրուսի փոխանցման կանխարգելմանը:
Ինչպե՞ս է COVID-19-ը տարածվում
Երբ COVID-19 վիրուսով վարակված որևէ մեկը հազում, փռշտում կամ արտաշնչում է, նա շրջապատող միջավայր է արտանետում վարակված հեղուկի անտեսանելի կաթիլներ: Այս կաթիլների մեծ մասը հայտնվում են մոտակա մակերեսների և առարկաների վրա՝ սեղաններ և աշխատասեղաններ, հեռախոսներ, համակարգիչներ և այլն: Առողջ մարդիկ կարող են COVID-19 վիրուսով վարակվել՝ հպվելով «վարակված» մակերևույթներին և դրանից հետո նույն ձեռքով հպվեն իրենց աչքերին, քթին կամ բերանին: Եթե մարդիկ գտնվեն COVID-19-ով վարակված անձից մինչև 1 մետր հեռավորության վրա, ապա վարակումը կարող է տեղի ունենալ՝ ներշնչելով հիվանդ մարդու հազով կամ արտաշնչմամբ օդ արտազատված վիրուս պարունակող մանրագույն կաթիլները:
COVID-19 վիրուսով վարակված մարդկանց մեծ մասը չի դրսևորում որևէ գանգատ կամ ախտանիշ և ինքնուրույն առողջանում է: Սակայն, որոշ մարդկանց մոտ այս վարակը կարող է ստանալ լուրջ կամ ծանր ընթացք, որն էլ իր հերթին կարող է առաջացնել հիվանդանոցային բուժման անհրաժեշտություն:
COVID-19 հիվանդության ընթացքի ծանրության ռիսկը բարձրանում է տարիքին զուգընթաց: Այս իմաստով, 40-ն անց տարիքով անձանց մոտ վարակը կարող է ծանր ընթացք ստանալ ավելի մեծ հավանականությամբ, քան 40-ը չլրացածների մոտ: Նույն կերպ, ռիսկային են համարվում թուլացած իմունային համակարգը և այնպիսի քրոնիկ առողջական խնդիրները, ինչպիսիք հանդիսանում են բոլորիս ծանոթ դիաբետը, սրտանոթային և թոքային (շնչառական) հիվանդությունները:
Ձեր աշխատավայրում COVID-19-ի տարածումը կանխարգելող պարզ մեթոդներ
Ստորև թվարկված քիչ ծախսատար միջոցները կարող են օգնել ձեր աշխատավայրերում ոչ միայն COVID-19 վիրուսի, այլև մրսածության (ՍՇՎՎ) և գրիպի, ստամոքսային (հելիկոբակտեր) և այլ մանրէների տարածման կանխարգելմանը, ինչպես նաև այս վարակներից կարող են պաշտպանել ձեր հաճախորդներին, գործընկերներին և աշխատակիցներին: Ընդ որում, աշխատակիցները պետք է սկսեն կանխարգելիչ միջոցներին դիմել մինչև վարակի՝ տվյալ համայնք հասնելը:
- Համոզվեք, որ ձեր աշխատավայրը մաքուր և հիգիենիկ է
- Մակերևույթները (օրինակ՝ աշխատասեղաններ, սեղաններ և այլն) և առարկաները (օրինակ՝ հեռախոսներ, համակարգիչների ստեղնաշարներ և այլն) պետք է պարբերաբար մաքրել ախտահանիչ նյութերով:
- Ինչո՞ւ: Որովհետև COVID-19 վիրուսի փոխանցման և տարածման հիմնական ուղիներից մեկն աշխատակիցների կամ հաճախորդների կողմից վարակված մակերևույթներին հպվելն է:
- Օժանդակեք աշխատակիցների, հաճախորդների և գործընկերների կողմից ձեռքերը պարբերաբար և լիարժեք լվանալուն
- Աշխատավայրի տեսանելի վայրերում դրեք ձեռքերն ախտահանող միջոցներ: Հոգ տարեք, որ այս դիսպենսերները երբեք դատարկ չմնան:
- Առկայության դեպքում, ձեր տեղական առողջապահական մարմնից ստացեք և աշխատավայրի տեսանելի վայրերում փակցրեք ձեռքերի ճիշտ լվացման վերաբերյալ պաստառներ:
- Վերոնշյալը զուգակցեք տեղեկատվական-կրթական այլ միջոցառումների հետ, օրինակ՝ աշխատակիցներին տրամադրելով համապատասխան բուկլետներ, այդ մասին քննարկելով (առցանց) ժողովների ընթացքում և այլն:
- Հոգ տարեք, որ հոսող ջուրը (ծորակ) և օճառը հասանելի լինեն բոլորի՝ ինչպես աշխատակիցների, այլնպես էլ հաճախորդների և գործընկերների համար:
- Ինչո՞ւ: Որովհետև լվանալը ոչնչացնում է ձեր ձեռքերի մակերևույթին առկա վիրուսները և կանխարգելում COVID-19-ի տարածմանը:
- Օժանդակեք աշխատավայրում պատշաճ շնչառական հիգիենայի պահպանմանը
- Առկայության դեպքում, ձեր տեղական առողջապահական մարմնից ստացեք և աշխատավայրի տեսանելի վայրերում փակցրեք շնչառական հիգիենայի անհրաժեշտության ու մեթոդների վերաբերյալ պաստառներ: Վերոնշյալը զուգակցեք տեղեկատվական-կրթական այլ միջոցառումների հետ, օրինակ՝ աշխատակիցներին տրամադրեք համապատասխան բուկլետներ, այդ մասին քննարկեք (առցանց) ժողովների ընթացքում և այլն:
- Համոզվեք, որ ձեր աշխատավայրում առկա են դիմակներ (սովորական բժշկական, այլ ոչ թե N95 տեսակի) և թղթե անձեռոցիկներ և թղթե սրբիչներ այն մարդկանց համար, ովքեր ունեն հարբուխ («հոսացող քիթ») կամ հազ, ինչպես նաև դրանք օգտագործելուց հետո դեն նետելու փակ աղբարկղեր:
- Ինչո՞ւ: Որովհետև պատշաճ շնչառական հիգիենան կանխարգելում է COVID-19-ի տարածումը:
- Ձեր աշխատակիցների և գործընկերների հետ քննարկեք COVID-19-ի տարածումը կանխարգելող տարբեր թեմաներ
- Խորհուրդ տվեք ձեր աշխատակիցներին, հաճախորդներին և գործընկերներին, որ մինչև որևէ երկիր կամ տարածաշրջան մեկնելն արժե խորհրդակցել ազգային տուրիստական մարմնի հետ և պետք է հետևել ազգային առողջապահական մարմնի խորհուրդներին կամ նախազգուշացումներին:
- Խորհուրդ տվեք ձեր աշխատակիցներին, հաճախորդներին և գործընկերներին, որ եթե համայնքում գրանցվում է COVID-19-ի տարածում, ապա նույնիսկ թույլ հազի կամ մեղմ ջերմելու (37.3 C կամ բարձր) դեպքում նրանք կարիք ունեն մնալու տանը:
- Նույն կերպ, տնից դուրս գալը չի խրախուսվում, եթե նրանք ստիպված են մինչ այդ ընդունել սովորական ցավազրկող դեղամիջոցներ (Պարացետամոլ/Ացետամինոֆեն, Իբուպրոֆեն կամ Ասպիրին), որոնք կարող են թաքցնել վարակային հիվանդության գանգատներն ու ախտանիշները:
- Մշտապես շրջանառեք այն ուղերձը, որ COVID-19-ի նույնիսկ անախտանիշ կամ թույլ գանգատներով դեպքերում հիվանդ մարդիկ պետք է մնան տանը: Հոգ տարեք, որ նման դեպքերում աշխատակիցները ստանան սահմանված փոխհատուցում:
Ինչպե՞ս կառավարել COVID-19 ռիսկը ժողովներ, հանդիպումներ կամ միջոցառումներ կազմակերպելիս
Ինչո՞ւ պետք է գործատուները և կազմակերպիչները հոգ տանեն COVID-19-ի կանխարգելման մասին
- Առկա է ռիսկ, որ ձեր հանդիպումներին, ժողովներին կամ միջոցառումներին մասնակցող մարդիկ կարող են չիմանալով վիրուսն «իրենց հետ բերել» հանդիպման վայրեր: Մյուսները կարող են չիմանալով հանդերձ COVID-19-ով վարակվել:
- Մարդկանց մեծ մասի համար COVID-19-ը թույլ դրսևորվող հիվանդություն է, սակայն որոշ մարդկանց մոտ այն կարող է ստանալ ծանր կամ գերծանր ընթացք: Միջին հաշվարկով COVID-19-ով վարակված 5 մարդուց մեկը կարող է ունենալ հիվանդանոցային բուժման կարիք:
ՄԻՆՉԵՎ հանդիպման կամ միջոցառման սկսվելը
- Հետևեք ազգային առողջապահական մարմնի ուղեցույցներին և խորհուրդներին:
- Մշակեք և համաձայնեցրեք միջոցառման ժամանակ վարակի կանխարգելմանն ուղղված նախապատրաստական ծրագիր:
- Մեկ անգամ ևս մտածեք, թե արդյոք տվյալ դեմ առ դեմ հանդիպումը, ժողովը կամ միջոցառումը խիստ անհրաժե՞շտ է: Հնարավո՞ր է այն փոխարինել հեռահար (առցանց) միջոցառումով:
- Նախապես պատվիրեք և բավարար քանակով պատրաստ վիճակում ունեցեք անհրաժեշտ պարագաներ և նյութեր, այդ թվում՝ բոլոր մասնակիցների համար հաշվարկած անձեռոցիկներ և ձեռքերի ախտահանիչ միջոցներ: Պատրաստ վիճակում ունեցեք շնչառական գանգատներով անձանց համար նախատեսված մեկանգամյա օգտագործման վիրաբուժական դիմակներ:
- Նախապես խնդրեք հնարավոր մասնակիցներին, որ եթե նրանք վատառողջ են կամ ունեն շնչառական գանգատներ, ապա ցանկալի է չմասնակցել տվյալ միջոցառմանը:
- Հոգ տարեք, որ բոլոր կազմակերպիչները, մասնակիցները, ընդմիջման կազմակերպիչները և հրավիրված այլ անձինք տրամադրեն իրենց կոնտակտային տվյալները (հեռախոսահամար, էլ. փոստ և բնակության հասցե): Խուսափեք ձեր միջոցառմանը ներգրավել այնպիսի անձանց, ովքեր հրաժարվում են այս տվյալները տրամադրել:
- Մշակեք և համաձայնեցրեք միջոցառման ընթացքում մասնակիցներից մեկնումեկի մոտ COVID-19-ի նշանների դրսևորման դեպքում (չոր հազ, ջերմաստիճանի բարձրացում, ինքնազգացողության վատթարացում) ձեր համապատասխան քայլերի ծրագիր:
- Նախապատրաստեք այն սենյակը, որտեղ տվյալ անձը կարող է անվտանգ կերպով մեկուսանալ:
- Նախապատրաստեք նրան անվտանգ տեղափոխելու հարցերը:
- Նախապես իմացեք ձեր ազգային առողջապահական մարմնից, թե ինչ հետագա քայլեր պետք է անել նման իրավիճակում (օրինակ՝ զանգել առողջապահության նախարարության թեժ գիծ):
Հանդիպման կամ միջոցառման ԸՆԹԱՑՔՈՒՄ
- Հանդիպման կամ միջոցառման օրակարգից անկախ, մասնակիցներին հակիրճ ներկայացրեք COVID-19-ի կանխարգելման և տվյալ միջոցառման ընթացքում գործող կանոնների մասին:
- Համոզվեք, որ մասնակիցները վստահում և լուրջ են վերաբերվում ձեր ուղերձներին:
- Աջակցեք, որպեսզի հանդիպման կամ միջոցառման ընթացքում մասնակիցները կանոնավոր կերպով լվացվեն կամ ձեռքերը մաքրեն ախտահանիչ միջոցներով:
- Աջակցեք, որպեսզի հանդիպման մասնակիցները հազալիս կամ փռշտալիս փակեն իրենց բերանը կամ քիթն անձեռոցիկով, որից անմիջապես հետո փակ աղբարկղը նետեն օգտագործված միջոցները և օճառաջրով լվացվեն:
- Կիսվեք մասնակիցների հետ COVID-19-ի կանխարգելման և այլ թեմաների վերաբերյալ ձեր ունեցած տեղկատվական-կրթական նյութերով:
- Հոգ տարեք, որ միջոցառումն անցկացվի այնպիսի տարածքում, որտեղ հնարավոր է ապահովել մասնակիցների միջև առնվազն մեկ (ցանկալի է՝ 2) մետր «սոցիալական» հեռավորություն:
- Հոգ տարեք, որ միջոցառման վայրում կամ մոտակա տեսանելի վայրերում լինեն ալկոհոլային դիսպենսերներ:
- Հաճախակի բացեք միջոցառման վայրի դռներն ու պատուհանները, որպեսզի տարածքը բավարար օդափոխվի:
- Եթե միջոցառման ընթացքում մասնակիցներից որևէ մեկը վատ է զգում, գործի դրեք ձեր նախապատրաստական ծրագիրը կամ զանգեք թեժ գիծ:
- Շնորհակալություն հայտնեք բոլոր մասնակիցներին իրավիճակին ըմբռնումով մոտենալու և կարգուկանոնը պահպանելու համար:
Հանդիպումից կամ միջոցառումից ՀԵՏՈ
- Առնվազն մեկ ամսվա ընթացքում պահպանեք բոլոր մասնակիցների կոնտակտային տվյալները: Սա կարող է անհրաժեշտության դեպքում օգնել առողջապահական մարմիններին:
- Եթե հանդիպման ժամանակ կամ հետո պարզվել է, որ մասնակիցներից մեկնումեկը վատառողջ է կամ կասկածվում է COVID-19-ով վարակված լինելու մեջ, տեղեկացրեք այդ մասին բոլոր մասնակիցներին:
- Հոգ տարեք, որպեսզի միջոցառման տարածքը լիարժեք մաքրվի և ախտահանվի:
Ինչպե՞ս նախապատրաստվել ձեր համայնքում COVID-19 հայտնվելու դեպքերին
- Մշակեք ձեր աշխատավայրում մեկնումեկի մոտ կասկածելի COVID-19-ով հիվանդանալու դեպքում գործողությունների ծրագիր:
- Նախատեսեք և նախապատրաստեք այն սենյակը, որտեղ տվյալ անձը կարող է անվտանգ կերպով մեկուսանալ, ինչպես նաև այդ մարդու հետ այլոց շփումը սահմանափակելը և տեղական առողջապահական մարմիններին տեղեկացնելը:
- Հետևեք ազգային առողջապահական մարմինների ուղեցույցներին և խորհուրդներին:
- Հնարավորության և անհրաժեշտության դեպքում, անցեք հեռահար (առցանց կամ հեռախոսակապ) ռեժիմով աշխատանքներին:
- Տեղեկացրեք ձեր աշխատակիցներին, որ հեռահար աշխատանքների ընթացքում նրանք իրոք մնան տանը, հնարավորինս խուսափեն հանրային տրանսպորտից և մարդկանց կուտակումներից:
- Մշակեք ստեղծված իրավիճակում ձեր աշխատանքների և բիզնեսի շարունակականությունն ապահովելու և վնասները նվազեցնելու ծրագիր:
Քննարկման հարցեր՝ կապված ձեր կամ ձեր աշխատակիցների արտագնա գործուղումների հետ
ՄԻՆՉԵՎ գործուղման մեկները
- Համոզվեք, որ մինչև գործուղման մեկները դուք և ձեր աշխատակիցները լիարժեքորեն տեղեկացված են տվյալ երկում COVID-19-ի տարածման տվյալների մասին:
- Գնահատեք տվյալ երկիր գործուղման օգուտները և ռիսկերը:
- Խուսափեք COVID-19-ի տարածման վայր գործուղել ռիսկի խմբերում ընդգրկված աշխատակիցներին (օրինակ՝ մեծ տարիքով կամ դիաբետ, սրտային կամ թոքային հիվանդություններ ունեցողներ):
- Համոզվեք, COVID-19-ի դեպքերով վայր գործուղվող աշխատակիցներնը համապատասխան առողջապահական կամ բժշկական կառույցից որակյալ խորհրդատվություն են ստացել:
- Մեկնող աշխատակիցներին տրամադրեք գործուղման վայրում ձեռքերը մշակելու համար անհրաժեշտ նյութերով և պարագաներով:
Գործուղման ԸՆԹԱՑՔՈՒՄ
- Խրախուսեք ձեր աշխատակիցներին, որ նրանք գործուղման վայրում կանոնավոր կերպով լվան իրենց ձեռքերը և այլ, հատկապես՝ հազացող կամ հարբուխով անձանց հետ շփվելիս պահպանեն առնվազն 1 մետր «սոցիալական» հեռավորություն:
- Խրախուսեք ձեր աշխատակիցներին, որ գործուղման վայրում հանդիպեն և շփման մեջ գտնվեն միայն այն մարդկանց հետ, ում հետ նախատեսված է աշխատանքային հարաբերություններ ունենալ:
- Համոզվեք, որ ձեր աշխատակիցները տեղեկացված են գործուղման վայրի տեղական կանխարգելիչ սահմանափակումների մասին:
Գործուղումից ՀԵՏՈ
- Խրախուսեք ձեր աշխատակիցներին, որ գործուղումից վերադառնալիս հսկեն իրենց առողջական վիճակը և առաջիկա 14 օրվա ընթացքում օրական 2 անգամ չափեն իրենց մարմնի ջերմաստիճանը
- Խրախուսեք ձեր աշխատակիցներին, որ առողջական որևէ խնդիր հայտնաբերելիս կամ գործուղման վայրում COVID-19-ով կասկածելի դեպքերի հետ շփվելիս դիմեն համապատասխան բուժհաստատություն կամ տեղեկացնեն ազգային առողջապահական մարմին:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-03-2020
Վերջին վերանայում՝ 03-05-2024