Skip to main content

Ինքնօգնություն - Կրոնի հիվանդություն

Երբեմն դուք կարող եք ձեզ անօգնական զգալ, երբ դիմակայում եք Կրոնի հիվանդությանը:

Սակայն ձեր սննդակարգի և ապրելակերպի փոփոխությունները կարող են օգնել ձեր ախտանիշների վերահսկմանը և սրացումնեի (ռեցեդիվների) միջև ընկած ժամանակահատվածի, կամ որ նույնն է՝ ռեմիսիաների երկարացմանը:

Սննդակարգ

Որևէ հաստատուն ապացույց չկա, որ այն, ինչ դուք ուտում եք, իրականում առաջացնում է աղիների բորբոքային հիվանդություն: Սակայն որոշ սննդամթերքներ և ըմպելիքներ կարող են վատթարացնել ձեր գանգատներն ու ախտանիշները, հատկապես սրացման (ռեցեդիվի) ժամանակ:

Կարող է օգտակար լինել սննդի օրագիր պահելը՝ հետևելու, թե ինչ եք ուտում, ինչպես նաև այն, թե ինչ եք զգում: Եթե հայտնաբերեք, որ որոշ մթերքներ ձեր ախտանիշների սրացում են առաջացնում, կարող եք փորձել վերացնել դրանք:

Ահա մի քանի ընդհանուր սննդային առաջարկներ, որոնք կարող են օգնել կառավարելու ձեր վիճակը:

  • Սահմանափակեք կաթնամթերքը. աղիների բորբոքային հիվանդությամբ շատ մարդիկ գտնում են, որ այնպիսի խնդիրները, ինչպիսիք են փորլուծությունը, որովայնի ցավը և գազերը, բարելավվում են՝ սահմանափակելով կամ բացառելով կաթնամթերքը: Դուք կարող եք անհանդուրժող լինել կաթնաշաքարի նկատմամբ, երբ ձեր օրգանիզմը չի կարողանում մարսել կաթնամթերքի մեջ առկա կաթնաշաքարը (լակոտզ): Ֆերմենտային արտադրանքի օգտագործումը, ինչպիսին Լակտէյդն է, կարող է օգնել:
  • Մեծ ճաշերը փոխարինեք խորտիկներով. դուք կարող եք պարզել, որ ավելի լավ եք զգում օրական հինգ կամ վեց փոքր կերակուրներ, քան երկու կամ երեք ավելի մեծ ճաշեր ուտելով:
  • Խմեք շատ հեղուկներ։ փորձեք օրվա մեջ շատ հեղուկներ խմել: Ջուրը լավագույն տարբերակն է: Ալկոհոլը և կոֆեին պարունակող ըմպելիքները խթանում են ձեր աղիքները և կարող են վատթարացնել փորլուծությունը, իսկ գազավորված ըմպելիքները հաճախ աղիքային գազեր են առաջացնում:
  • Քննարկեք մուլտիվիտամիններ օգտագործելու հարցը. Կրոնի հիվանդությունը կարող է խանգարել սննդանյութերը ներծծելու ձեր կարողությանը: Բացի այդ, ձեր սննդակարգը կարող է սահմանափակված լինել: Նման պայմաններում մուլտիվիտամինային և միներալային հավելումները հաճախ օգտակար են: Վիտամիններ կամ հավելումներ ընդունելուց առաջ խորհրդակցեք ձեր բժշկի հետ:
  • Խոսեք դիետոլոգի հետ: եթե սկսում եք նիհարել կամ ձեր սննդակարգը շատ է սահմանափակվել, խորհուրդ հարցրեք հմուտ դիետոլոգից:

Ծխելը

Ծխելը մեծացնում է Կրոնի հիվանդության զարգացման ռիսկը: Եվ երբ դուք ունեք Կրոնի հիվանդություն, ծխելը կարող է վատթարացնել այն: Կրոնի հիվանդությամբ մարդիկ, ովքեր ծխում են, ավելի հավանական է, որ սրացումներ (ռեցիդիվներ) և դեղորայքի ու կրկնակի վիրահատությունների կարիք ունենան: Ծխելը թողնելը կարող է բարելավել ձեր մարսողական խողովակի ընդհանուր առողջությունը, ինչպես նաև ապահովել բազմաթիվ այլ առողջական օգուտներ:

Սթրես

Թեև սթրեսը չի առաջացնում Կրոնի հիվանդություն, այն կարող է վատթարացնել ձեր գանգատներն ու ախտանիշները և կարող է հրահրել հիվանդության սրացում (ռեցեդիվ): Միշտ չէ, որ հնարավոր է խուսափել սթրեսից, սակայն դուք կարող եք սովորել այն կառավարելու եղանակները:

  • Վարժանքներ. նույնիսկ թեթև ֆիզիկական վարժանքները կարող են օգնել նվազեցնել սթրեսը, թեթևացնել դեպրեսիան և կարգավորել աղիների գործունեությունը: Խոսեք ձեր բժշկի հետ վարժանքների ծրագրի մասին, որը լավագույնս կարող է համապատասխանել ձեր իրավիճակին:
  • Կենսաբանական հետադարձ կապ (բիոֆիդբեք). սթրեսը նվազեցնելու այս տեխնիկան կարող է օգնել ձեզ նվազեցնելու մկանային լարվածությունը և դանդաղեցնելու ձեր սրտի զարկերը հետադարձ կապի սարքի օգնությամբ: Նպատակն է օգնել ձեզ մտնել հանգիստ՝ ռելաքսացիայի վիճակի մեջ, որ կարողանաք ավելի հեշտ հաղթահարել սթրեսը:
  • Պարբերաբար ռելաքսացիայի և շնչառական վարժանքներ. սթրեսը հաղթահարելու միջոցներից մեկը կանոնավոր ռելաքսացիան է՝ թուլանալը և այնպիսի մեթոդներ օգտագործելը, ինչպիսիք են խորը դանդաղ շնչառությունը, որը կարող է օգնել ձեր հանգստանալուն: Կարող եք նաև մասնակցել յոգայի և մեդիտացիայի դասընթացներին կամ տանը օգտագործել գրքեր, CD կամ DVD սկավառակներ:

Այլընտանքային բժշկություն

Կրոնի հիվանդությամբ բազմաթիվ մարդիկ փորձել են հավելյալ և այլընտրանքային բժշկության որևէ տեսակ՝ իրենց վիճակը բուժելու համար: Այնուամենայնիվ, այս բուժումների անվտանգության և արդյունավետության վերաբերյալ լավ մշակված հետազոտություննեը խիստ սակավաթիվ են:

Հոդվածը հրապարակվել է՝ 08-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024