Skip to main content

Բուժում - Կրոնի հիվանդություն

Ներկայումս Կրոնի հիվանդության բուժում չկա, և չկա մեկ բուժում, որն արդյունավետ է բոլորի համար:

Բուժման նպատակներից մեկը բորբոքումը մեղմացնելն է, որն առաջացնում է ձեր գանգատներն ու ախտանիշները: Մյուս նպատակն է բարելավել երկարաժամկետ ելքը (պրոգնոզը)` կրճատելով բարդությունները: Լավագույն դեպքերում դա կարող է հանգեցնել ոչ միայն ախտանիշների թեթևացման, այլև երկարատև ախտադադարի (ռեմիսիայի):

Հակաբորբոքային դեղամիջոցներ

Հակաբորբոքային դեղերը հաճախ աղիների բորբոքային հիվանդության բուժման առաջին քայլն են: Դրանք ներառում են հետևյալը:

  • Կորտիկոստերոիդներ. կորտիկոստերոիդները, ինչպիսիք են Պրեդնիզոնը և Բուդեսոնիդը (Էնտոկորտ EC) կարող են օգնել նվազեցնել ձեր օրգանիզմում բորբոքումը, սակայն դրանք հավասաապես չեն օգնում Կրոնի հիվանդությամբ բոլոր մարդկանց: Կորտիկոստերոիդները կարող են օգտագործվել ախտանիշների կարճաժամկետ (3-ից 4 ամիս) բարելավման և ռեմիսիա զարգացնելու համար: Կորտիկոստերոիդները կարող են օգտագործվել նաև իմունային համակարգի սուպրեսորների հետ համատեղ: Այնուհետև դրանց դեղաչափերն ի վերջո կրճատվում են:
  • Բերանային (օրալ) 5-ամինոսալիցիլատներ. այս դեղերն, ընդհանուր առմամբ, օգտակար չեն Կրոնի հիվանդության դեպքում: Դրանք ներառում են Սուլֆասալազին (Ազուլֆիդին), որը պարունակում է Սուլֆա և Մեսալամին (Դելզիկոլ, Պենտասա և այլն): Բերանային 5-ամինոսալիցիլատները նախկինում լայնորեն օգտագործվում էին, սակայն այժմ ընդհանուր առմամբ համարվում են շատ սահմանափակ օգտակար միջոցներ:

Իմունային համակարգի ճնշողներ (սուպրեսորներ)

Այս դեղամիջոցները նույնպես նվազեցնում են բորբոքումը, սակայն դրանք ուղղված են ձեր իմունային համակարգին, որն արտադրում է բորբոքում առաջացնող նյութեր: Որոշ մարդկանց մոտ այս դեղերի համակցությունն ավելի լավ է աշխատում, քան միայն մեկ դեղամիջոցը:

Իմունային համակարգի սուպրեսոները ներառում են հետևյալ դեղամիջոցները:

  • Ազաթիոպրին (Ազասան, Իմուրան) և Մեկապտոպուրին (Պուրինեթոլ, Պուրիքսան). սրանք աղիների բորբոքային հիվանդության բուժման համար ամենաշատ օգտագործվող իմունոսուպրեսորներն են: Դրանց ընդունումը պահանջում է, որ ձեր բժշկի հետո ուշադիր հետևեք ձեր վիճակի փոփոխություննեին և պարբերաբար ստուգեք ձեր արյունը՝ կողմնակի ազդեցությունները հայտնաբերելու համար, ինչպիսիք են վարակի նկատմամբ դիմադրողականության նվազումը և լյարդի բորբոքումը: Դրանք նաև կարող են առաջացնել սրտխառնոց և փսխում:
  • Մեթոտրեքսատ (Տրեքսալ). այս դեղամիջոցը երբեմն օգտագործվում է Կրոնի հիվանդությամբ մարդկանց համար, ովքեր լավ չեն արձագանքում այլ դեղերին: Ձեզ անհրաժեշտ է ուշադիր հետևել հնարավոր կողմնակի ազդեցությունների առաջացմանը:

Կենսապատրաստուկներ (բիոլոջիկներ)

Թերապիայի այս դասը թիրախավորում է իմունային համակարգի կողմից ստեղծված սպիտակուցները: Կրոնի հիվանդության բուժման համար օգտագործվող կենսաբանական միջոցների տեսակները ներառում են հետևյալը:

  • Վեդոլիզումաբ (Էնտիվիո). այս դեղն ազդում է՝ կանգնեցնելով իմունային բջիջների որոշ մոլեկուլների՝ ինտեգրինների կապվելը ձեր աղիքային լորձաթաղանթի այլ բջիջների հետ: Վեդոլիզումաբն աղիքային հատուկ միջոց է և հաստատված է Կրոնի հիվանդության համար: Վեդոլիզումաբի նման դեղամիջոցը, որը հայտնի է որպես Նատալիզումաբ, նախկինում օգտագործվել է Կրոնի հիվանդության համար, սակայն այլևս չի օգտագործվում կողմնակի ազդեցությունների պատճառով, որոնցից են գլխուղեղի մահացու հիվանդությունը:
  • Ինֆիքսիմաբ (Ռեմիկադ), Ադալիմումաբ (Հումիրա) և Ցետոլիզումաբ պեգոլ (Ցիմզիա). այս դեղամիջոցները, որոնք նաև հայտնի են որպես TNF արգելակիչներ, ազդում են՝ չեզոքացնելով իմունային համակարգի սպիտակուցը, որը հայտնի է որպես ուռուցքային նեկրոզի գործոն (TNF):
  • Ուստեկինումաբ (Ստելարա). որպես ինտերլեյկինի ազդեցությունը խոչընդոտող միջոց, որը բորբոքման մեջ ներգրավված սպիտակուց է, այս դեղամիջոցը հաստատվել է Կրոնի հիվանդության բուժման համար:
  • Ռիսանկիզումաբ (Սկիրիզի). այս դեղամիջոցը գործում է ինտերլեյկին-23 անունով հայտնի մոլեկուլի դեմ և վերջերս հաստատվել է Կրոնի հիվանդության բուժման համար:

Հակաբիոտիկներ

Հակաբիոտիկները կարող են նվազեցնել խուղակներից և թարախակույտերից արտահոսքի քանակը և երբեմն բուժել դրանք Կրոնի հիվանդությամբ մարդկանց մոտ: Որոշ հետազոտողներ նաև կարծում են, որ հակաբիոտիկները օգնում են վնասակար բակտերիաների կրճատմանը, որոնք կարող են աղիքներում բորբոքում առաջացնել: Հաճախ նշանակվող հակաբիոտիկները ներառում են Ցիպրոֆլոքսացինը (Ցիպրո) և Մետրոնիդազոլը (Ֆլագիլ):

Այլ դեղամիջոցներ

Բորբոքումը վերահսկելուց բացի, որոշ դեղամիջոցներ կարող են օգնել ձեր գանգատների և ախտանիշների թեթևացմանը: Այնուամենայնիվ, միշտ խոսեք ձեր բժշկի հետ դեղատոմս չպահանջող դեղեր ընդունելուց առաջ: Կախված ձեր Կրոնի հիվանդության ծանրության աստիճանից՝ ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ հետևյալներից մեկը կամ մի քանիսը:

  • Հակալուծային միջոցներ. բջջանքային (բջջանյութային) հավելումը, ինչպիսիք են Պսիլիումի փոշին (Մետամուցիլ) կամ Մեթիլցելյուլոզը (Ցիտուկել), կարող է օգնել թեթև և չափավոր փորլուծությունից ազատվելուն՝ ավելացնելով ձեր կղանքի զանգվածը: Ավելի ծանր փորլուծության դեպքում Լոպերամիդը (Իմոդիում A-D) կարող է արդյունավետ լինել: Այս դեղամիջոցները կարող են անարդյունավետ կամ նույնիսկ վնասակար լինել աղիների կպումներով (ստրիկտուրաներ) կամ որոշակի վարակներով որոշ մարդկանց մոտ: Ուստի, բոլոր դեպքերում պետք է խորհրդակցել ձեր բժշկի հետ, նախքան այս դեղերն ընդունելը:
  • Ցավազրկողներ. թեթև ցավի դեպքում ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ Ացետամինոֆեն (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն), սակայն ոչ՝ այլ սովորական ցավազրկողներ, ինչպիսիք են Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն) կամ Նապրոքսեն նատրիումը (Ալեվե): Այս դեղերը, ամենայն հավանականությամբ, կվատթարացնեն ձեր ախտանիշները և կարող են նաև ծանացնել ձեր հիվանդությունը:
  • Վիտամիններ և հավելումներ. եթե դուք բավարար քանակությամբ սննդանյութեր չեք ներծծում, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ վիտամիններ և սննդային հավելումներ:

Սննդային թերապիա

Եթե ունեք ծանր Կրոնի հիվանդություն, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ հատուկ սննդակարգ, որը տրվում է բերանով, կերակրող խողովակով (էնտերալ սնուցում) կամ երակի մեջ ներարկվող սնուցող լուծույթներով (պարենտերալ սնուցում): Սա կարող է բարելավել ձեր ընդհանուր սնուցումը և թույլ տալ, որ աղիները հանգստանան: Աղիների հանգիստը կարող է կարճ ժամանակում նվազեցնել բորբոքումը:

Ձեր բժիշկը կարող է օգտագործել սննդային թերապիան կարճաժամկետ և համատեղել այն դեղամիջոցների հետ, ինչպիսիք են իմունային համակարգը ճնշող միջոցները: Աղիքային (էնտերալ) և հարաղիքային (պարէնտերալ) սնուցումը սովորաբար օգտագործվում է մարդկանց առողջացնելու համար վիրահատությունից առաջ կամ երբ այլ դեղամիջոցները չեն կարողանում վերահսկել ախտանիշները:

Ձեր բժիշկը նաև կարող է խորհուրդ տալ ցածր մնացորդային սննդակարգ կամ ցածր բջջանքային (բջջանյութային) սննդակարգ՝ նվազեցնելու աղիների խցանման վտանգը, եթե ունեք նեղացած աղիքներ՝ կպումներ (ստրիկտուրա): Ցածր մնացորդային դիետան նախատեսված է ձեր կղանքի չափը և քանակը նվազեցնելու համար:

Վիրահատություն

Եթե սննդակարգի և ապրելակերպի փոփոխությունները, դեղորայքային բուժումը կամ այլ բուժումները չեն վերացնում ձեր գանգատներն ու ախտանիշները, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ վիրահատություն: Կրոնի հիվանդություն ունեցող մարդկանց գրեթե կեսը պահանջում է առնվազն մեկ վիրահատություն: Այնուամենայնիվ, վիրահատությունը չի բուժում Կրոնի հիվանդությունը:

Վիրահատության ընթացքում ձեր վիրաբույժը հեռացնում է ձեր մարսողական խողովակի վնասված հատվածը և այնուհետև նորից միացնում առողջ հատվածների ծայրերը: Վիրահատությունը կարող է օգտագործվել նաև խուղակների (ֆիստուլների) փակման և թարախակույտերի (աբսցեսների) դատարկման համար:

Կրոնի հիվանդության վիրահատության օգուտները սովորաբար ժամանակավոր են: Հիվանդությունը հաճախ կրկնվում է, հաճախ միմյանց միացված հյուսվածքի մոտ: Լավագույն մոտեցումը վիրահատությունից հետո դեղորայքային բուժումը շարունակելն է, որ նվազագույնի հասցվի կրկնության ռիսկը:

Հոդվածը հրապարակվել է՝ 27-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024