Եթե հղի եք, հնարավոր է, որ լսած լինեք հետծննդաբերական դեպրեսիայի մասին: Բայց գիտե՞ք արդյոք, որ բազմաթիվ կանայք առնչվում են այս խնդրի հետ նաև հղիության ընթացքում: Ահա թե ինչ է պետք իմանալ հղիության և դեպրեսիայի մասին:
Ինչքա՞ն է տարածված դեպրեսիան հղիության ընթացքում
Հղիությունը կարող է լինել ինչպես ուրախության, այնպես էլ սթրեսով լի ժամանակաշրջան: Հետազոտությունները ցույց են տալիս, որ հղի կանանց մոտ 7%-ը հղիության ընթացքում ունենում է դեպրեսիա: Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում տոկոսները կարող են ավելի բարձր լինել:
Դեպրեսիան տրամադրության խանգարում է, որն առաջացնում է տխրության մշտական զգացում և հետաքրքրությունների կորուստ: Այն ընդհանուր բնակչության շրջանում ամենատարածված տրամադրության խանգարումն է։ Դեպրեսիան հանդիպում է կանանց մոտ երկու անգամ ավելի հաճախ, քան տղամարդկանց մոտ, իսկ դեպրեսիայի նախնական մեկնարկը հասնում է իր գագաթնակետին կնոջ վերարտադրողական տարիներին:
Ինչո՞ւ է հղիության ընթացքում դեպրեսիան հաճախ մնում չհայտնաբերված
Դեպրեսիայի որոշ ախտանիշներ, ինչպիսիք են քնի, կենսաուժի մակարդակի, ախորժակի և սեռական ցանկության (լիբիդոյի) փոփոխությունները, նման են հղիության ախտանիշներին: Այս պատճառով, դուք կամ ձեր բժիշկը կարող եք վերագրել այս ախտանիշները ձեր հղիությանը, այլ ոչ թե դեպրեսիային:
Կանայք նաև կարող են դժկամորեն խոսել բժիշկների հետ հղիության ընթացքում տրամադրության փոփոխությունների մասին՝ դեպրեսիայի հետ կապված խարանի պատճառով: Ընդհանուր առմամբ, հղիության ընթացքում ավելի մեծ ուշադրություն է դարձվում կանանց ֆիզիկական առողջությանը՝ նրանց հոգեկան առողջությունը ոչ հազվադեպ մատնելով անուշադրության:
Որո՞նք են հղիության ընթացքում դեպրեսիայի ռիսկի գործոնները
Հղիության ընթացքում դեպրեսիայի որոշ ռիսկի գործոններից են՝
- անհանգստություն
- կյանքի սթրես
- դեպրեսիայի պատմություն (անամնեզ)
- վատ սոցիալական օժանդակություն
- չնախատեսված հղիություն
- ինտիմ զուգընկերոջ կողմից վատ վերաբերմունք կամ բռնություն:
Որո՞նք են հղիության ընթացքում դեպրեսիայի գանգատներն ու ախտանիշները
Հղիության ընթացքում դեպրեսիայի գանգատներն ու ախտանիշները նույնն են, ինչ ընդհանուր բնակչության շրջանում դեպրեսիայի դեպքում: Այնուամենայնիվ, կան հավելյալ նշաններ, որոնք կարող են վկայել հղիության ընթացքում դեպրեսիայի մասին: Դրանցից են՝
- ապագա երեխայի նկատմամբ չափազանց մեծ անհանգստություն
- ցածր ինքնագնահատական, օրինակ՝ լավ ծնող դառնալու վերաբերյալ անվստահության զգացումներ
- նախկինում սիրելի գործողություններից կամ զբաղմունքներից հաճույք ստանալու անկարողություն
- հավաստիացումներին վատ արձագանք
- նախածննդյան խնամքի և այցերի նկատմամբ անտարբերություն
- ծխախոտի, ալկոհոլի կամ ապօրինի թմրամիջոցների օգտագործում
- կրճատված կամ անբավարար սննդակարգի պատճառով քաշի վատ ավելացում
- ինքնասպանության մտքեր:
Որոշ հետազոտություններ վկայում են, որ դեպրեսիայի դրվագներն ավելի հաճախ հանդիպում են հղիության առաջին և երրորդ եռամսյակում:
Իմացե՛ք ավելին դեպրեսիայի մասին:
Ինչո՞ւ է հղիության ընթացքում դեպրեսիայի բուժումը կարևոր
Դեպրեսիան ուշադրությունից և բուժումից դուրս թողնելը կարող է հանգեցնել նախածննդյան խնամքին և այցերին չհետևելուն, երեխային անհրաժեշտ առողջ սնունդ չստանալուն կամ սեփական առողջության մասին հոգ չտանելուն: Սա նաև կարող է հանգեցնել հետծննաբերական դեպրեսիայի ռիսկի բարձրացման և երեխայի հետ կապվածության դժվարությունների:
Կախված ձեր դեպրեսիայի ծանրության աստիճանից, բուժման տարբերակները կարող են ներառել հոգեթերապիա (փսիխոթերապիա) կամ հակադեպրեսանտներ՝ ի լրումն հոգեթերապիայի:
Որո՞նք են հղիության ընթացքում դեպրեսիայի սքրինինգի առաջարկությունները
Ամերիկյան մանկաբարձների և գինեկոլոգների քոլեջը (ACOG) բժիշկներին խորհուրդ է տալիս հղիության ընթացքում առնվազն մեկ անգամ անցկացնել դեպրեսիայի և անհանգստության սքրինինգ՝ օգտագործելով ստանդարտ գործիք: Սքրինինգի ընթացքում ձեր բժիշկը, հավանաբար, ըստ ստանդարտ հարցաթերթիկի ձեզ կուղղի հարցեր, որոնք վերաբերվում են ձեր տրամադրությանը և անհանգստությանը: Ձեր պատասխանները ստանում են միավորներ, և ձեր գումարային միավորը կարող է օգնել պարզելու, թե արդյոք ունեք դեպրեսիա: Որպես այլընտրանք, բժիշկը կարող է հարցնել ձեզ, թե արդյոք վերջին մեկ ամսվա ընթացքում ձեզ անհանգստացրել է տրամադրության անկումը, ընկճվածությունը կամ հուսահատությունը կամ ինչ-որ բան անելու նկատմամբ ցածր հետաքրքրություն ունենալը:
Սահմանափակ տվյալներ կան այն մասին, որ հղիության ընթացքում դեպրեսիան հայտնաբերելու և բուժելու սքրինինգը բարելավում է արդյունքները: Դա կարող է պայմանավորված լինել միջոցների հասանելիության և դեպրեսիա ախտորոշելիս համապատասխան բուժման մեծ տարբերություններով: Այնուամենայնիվ, հղիության ընթացքում դեպրեսիայի սքրինինգը կարող է որոշակի տեղեկատվություն տրամադրել դեպրեսիայի և անհանգստության ձեր ռիսկի մասին:
Եթե կարծում եք, որ հղիության ընթացքում կարող եք դեպրեսիա ունենալ, մի՛ սպասեք սքրինինգին: Խոսեք ձեր բժշկի հետ այն մասին ձեր զգացողությունների մասին և աշխատեք նրա հետ՝ որոշելու հետագա քայլերը:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-05-2024
Վերջին վերանայում՝ 11-09-2024