Դիաբետը հիվանդությունների խումբ է, որոնց դեպքում մարդու օրգանիզմն ի վիճակի չի լինում պահպանելու արյան մեջ շաքարի առողջ մակարդակներ:
Արդյունքում, արյան մեջ շաքարի նորմալից բարձր մակարդակները (կոչվում է հիպերգլիկեմիա) ժամանակի ընթացքում առաջացնում են ամենատարբեր առողջական խնդիրներ:
Ինչ-որ մեկը կարող է ունենալ դիաբետ՝ առանց որևէ գանգատ զգալու: Ձեր բժիշկը կարող է առաջարկել որոշ լաբորատոր թեստեր, եթե կարծում է, որ ձեզ մոտ առկա է դիաբետի զարգացման ռիսկ:
Ո՞ւնեմ ես արդյոք դիաբետի ռիսկ
Դիաբետի զարգացման ձեր անհատական ռիսկերի մասին կարող եք հարցնել ձեր բժշկից: Դուք ինքներդ կարող եք որոշակի պատկերացում կազմել 2-րդ տիպի դիաբետի ռիսկի մասին` պատասխանելով մի շարք պարզ հարցերի: Ձեզ մոտ 2-րդ տիպի դիաբետի ռիսկը կարող է բարձրացած լինել, եթե դուք՝
- 55 տարեկանից մեծ եք
- 45 տարեկանից մեծ եք և ունեք ավելորդ քաշ կամ բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
- ունեք 2-րդ տիպի դիաբետով ընտանիքի անդամ
- ֆիզիկապես ակտիվ չեք
- ծխող եք
- սննդակարգում քիչ եք ներառում բանջարեղեններ ու մրգեր։
Ո՞վ պետք է անցնի դիաբետի թեստեր
Բժիշկները սովորաբար մարդկանց առաջարկում են դիաբետի թեստեր, եթե նրանց մոտ առկա է 2-րդ տիպի դիաբետի զարգացման բարձր ռիսկ:
Դիաբետի զարգացման ռիսկը նաև բարձրանում է, եթե դուք՝
- ունեցել եք սրտամկանի ինֆարկտ կամ ինսուլտ
- կին եք և հղիության ընթացքում ունեցել եք գեստացիոն («հղիների») դիաբետ
- կին եք և ունեք ձվարանի պոլիկիստոզային համախտանիշ
- ընդունում եք փսիխոզի բուժման դեղեր:
Դուք պետք է առնվազն տարին մեկ անգամ անցնել դիաբետի հետազոտություններ, եթե ունեք նախադիաբետ:
Ի՞նչ է ներառում դիաբետի հետազոտությունը
Դիաբետը սովորաբար հետազոտվում է արյան շաքարի թեստով (կոչվում է գլյուկոմետրիա): Այս թեստի առավել ճշգրիտ արդյունք ստացվում է երակային արյան նմուշառմամբ:
Կան նաև դիաբետի վաղ հայտնաբերման արյան այլ թեստր ևս՝ ինչպես քաղցած վիճակում, այնպես էլ շաքարով «ծանրաբեռնվածության» (տոլերանտության) թեստեր: Երկրորդ դեպքում մի քանի ժամվա ընթացքում ձեզնից մի քանի անգամ նմուշառվում է արյուն՝ նախ քաղցած վիճակում, որից հետո քաղցրահամ հեղուկ ընդունելուց 2 ժամ անց:
Այսօր մեծ հանրաճանաչություն է ստացել նաև գլիկոզիլացված հեմոգլոբինի թեստը:
Ի՞նչ անել ստուգվելուց հետո
Անպայման կապ հաստատեք ձեր բժշկի հետ և քննարկեք ձեր թեստի արդյունքները: Հետագա քայլերը կախված են թեստի արդյունքներից և ձեզ մոտ դիաբետի զարգացման ռիսկի աստիճանից:
Հոդվածը հրապարակվել է՝ 31-01-2021
Վերջին վերանայում՝ 30-04-2024