Շաքարային դիաբետին ուղեկցող արյան շաքարի նորման գերազանցող բարձր մակարդակները, որը կոչվում է հիպերգլիկեմիա, ժամանակի ընթացքում բերում է առողջական լուրջ խնդիրների:
Դուք կարող եք ունենալ դիաբետ՝ չիմանալով այդ մասին, քանի դեռ չունեք գանգատներ կամ ախտանիշներ: Բժիշկը կարող է առաջարկել որոշ հետազոտություններ, եթե կարծում է, որ դուք դիաբետի զարգացման նկատմամբ ռիսկային խմբում եք:
Արդյոք դիաբետի զարգացման նկատմամբ ունե՞մ բարձր ռիսկ
Հարցրեք ձեր բժշկին ձեզ մոտ դիաբետի զարգացման ռիսկի մասին: Դուք կարող եք գնահատել ձեզ մոտ 2-րդ տիպի դիաբետի առաջացման ռիսկը՝ օգտվելով ռիսկի գնահատման տարբեր սանդղակներից:
2-րդ տիպի կամ ինսուլին-անկախ շաքարային դիաբետի ձեր ռիսկը բարձրանում է, եթե դուք՝
- 40-ն անց եք
- ունեք 2-րդ տիպի դիաբետով ընտանիքի անդամ (ժառանգականություն)
- ֆիզիկապես ակտիվ չեք (նստակյաց ապրելակերպ)
- հակված եք անառողջ սննդակարգի
- ունեք որովայնային գիրություն, երբ մարմնի ավելորդ ճարպը կուտակված է գլխավորապես որովայնի շրջանում։
Ո՞վ պետք է անցնի դիաբետի սքրինինգ
Բժիշկը ձեզ կառաջարկի անցնել դիաբետի սքրինինգային թեստ, եթե ունեք 2-րդ տիպի դիաբետի զարգացան նկատմամբ բարձրացած ռիսկ: Դիաբետի նկատմամբ ձեր ռիսկը կարող է նաև բարձրանալ, եթե դուք՝
- նախկինում ունեցել եք սրտամկանի ինֆարկտ կամ ինսուլտ
- հղիության ընթացքում ունեցել եք գեստացիոն դիաբետ (որոշ հղիների մոտ դիաբետի տեսակ)
- ունեք պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ
- ստանում եք փսիխոզի բուժման դեղեր:
Եթե բժիշկը տեղեկացրել է, որ ունեք նախադիաբետ, ապա դիաբետի սքրինինգային հետազոտություն պետք է անցնեք տարեկան առնվազն մեկ անգամ:
Ի՞նչ է իրենից ներկայացնում դիաբետի հետազոտությունը
Դիաբետը սովորաբար հայտնաբերվում է արյան շաքարի թեստով: Որպես կանոն, արյունը նմուշառվում է երակից, իսկ հետազոտությունը կատարվում է բիոքիմիական լաբորատորիայում:
Կան գլյուկոզի հետազոտության տարբեր տեսակներ: Ձեր կարող են խնդրել, որ արյան նմուշառման նախորդ գիշերը սնունդ չընդունեք (գլյուկոզի թեստ քաղցած վիճակում):
Բժիշկը կարող է նաև նշանակել այսպես կոչված բերանային ընդունման (օրալ) գլյուկոզի տոլերանտության թեստ, երբ դուք լաբորատորիա ներկայանում եք քաղցած վիճակում, ձեզ տալիս են խմելու քաղցր հեղուկ, որից անմիջապես հետո և կրկնակի՝ 2 ժամ անց նմուշառում են արյուն և որոշում արյան գլյուկոզի մակարդակը:
Հետազոտությունից հետո
Հետազոտության պատասխանները ստանալուց հետո քննարկեք դրանք ձեր բժշկի հետ: Հարցրեք նրան, թե երբ եք հաջորդ անգամ հանձնելու այս թեստը: Հարցրեք նաև այլ լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտության մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 07-06-2020
Վերջին վերանայում՝ 03-05-2024