Դիալիզ
25-05-2018
3 րոպե

Երիկամները գործում են որպես օրգանիզմի «զտիչ»՝ արյունը մաքրելով տարբեր արգասիքներից և դրանք օրգանիզմից հեռացնելով մեզի միջոցով:
Երբ ձեր երիկամները նորմալ չեն գործում, նյութափոխանակության ոչ պիտանի արգասիքները սկսում են կուտակվել ձեր արյան մեջ: Դիալիզը կարող է օգնել ախտահարված երիկամներին՝ դրանց փոխարեն կատարելով արյան զտման գործը:
Ի՞նչ է դիալիզը
Դիալիզն արյունը մաքրելու արհեստական ճանապարհ է, որին դիմում են, երբ երիկամները չեն կարողանում կամ չեն հասցնում օրգանիզմը բնական ճանապահով մաքրել նյութափոխանակության թունավոր արգասիքներից:
Կան դիալիզի երկու հիմնական տեսակներ՝
- հեմոդիալիզ, երբ ձեր արյունը «զտվում» է օրգանիզմից դուրս՝ դիալիզի սարքի օգնությամբ
- պերիտոնեալ դիալիզ, երբ արյունը մաքրվում է օրգանիզմի ներսում՝ այս նպատակով օգտագործվելով որովայնի խոռոչը ծածկող որովայնամիզը:
Ե՞րբ է դիալիզի անհրաժեշտությունը ծագում
Դիալիզը սովորաբար նշանակվում է երիկամային անբավարարության բուժման մեջ:
Երիկամային անբավարարությունը երբեմն կարող է զարգանալ հարաբերականորեն կարճատև ժամանակի ընթացքում (օրեր կամ շաբաթներ): Նման իրավիճակի պատճառ կարող են դառնալ ծանր հիվանդությունները, վնասվածքները կամ թունավորումները:
Ավելի հաճախ երիկամային անբավարարությունը դրսևորվում է որպես քրոնիկ երկիկամային հիվանդության վերջնական փուլ, երբ երիկամների գործունեությունը կրճատվում է 90%-ով կամ ավելի շատ: Նման դեպքերում դիալիզը շարունակվում է հիվանդի մնացած ողջ կյանքի ընթացքում:
Ինչպե՞ս է դրսևորվում դիալիզի բուժական ազդեցությունը
Հեմոդիալիզ
Հեմոդիալիզի ժամանակ ձեր արյունն անոթային հատուկ խողովակների՝ կաթետրների միջոցով «դուրս է հանվում» օրգանիզմից, շրջանառվում և «մաքրվում» է հատուկ սարքերի՝ դիալիզի ապարատի միջոցով և նորից «վերադարձվում» է օրգանիզմ:
Պերիտոնեալ դիալիզ
Պերիտոնեալ դիալիզի ժամանակ որովայնամզի խոռոչ ներմուծվում և հեռացվում են ստերիլ հեղուկներ, որոնք անցնելով այս խոռոչով, մաքրում են որովայնամզի միջոցով զտված արգասիքները: Այն կարող է իրականացվել մանուալ կամ ավտոմատ՝ հատուկ սարքի միջոցով:
Դիալիզի արդյունքները
Դիալիզը միայն մարդու կյանքը երկարացնող միջամտություն չէ: Այն թույլ է տալիս նաև բարձրացնել քրոնիկ երիկամային հիվանդություններով մարդկանց կյանքի որակը: Մասնավորապես, բարձորակ և ճիշտ վերահսկվող դիալիզը թույլ է տալիս, որ նման մարդիկ շարունակեն իրենց՝
- աշխատանքը
- ֆիզիկապես ակտիվ կյանքը
- առողջ սննդակարգը
- հանրային ակտիվությունը
- ինտիմ հարաբերությունները
- կարճատև շրջագայությունները:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021