Գրադարան

Դիվերտիկուլյար հիվանդություն (դիվերտիկուլիտ և դիվերտիկուլոզ)

Դիվերտիկուլյար հիվանդություն (դիվերտիկուլիտ և դիվերտիկուլոզ)

Time Read 2 րոպե

Դիվերտիկուլյար հիվանդությունը աղեստամոքսային ուղու հիվանդություն է, որի ժամանակ հաստ աղու պատի վրա առաջանում է պարկանման արտափքում:

Այդ արտափքումները կամ գրպանիկները կոչվում են դիվերտիկուլներ և հաճախ որևէ գանգատ չեն առաջացնում: Դիվերտիկուլյար հիվանդությունը կապված է ցածր բջջանքով սննդակարգի հետ և ավելի տարածված է մեծ տարիքով այլապես առողջ մարդկանց շրջանում:

Դիվերտիկուլիտ

Դիվերտիկուլիտը զարգանում է, երբ հաստ աղիքի պատի վրա առաջացածա գրպանիկը՝ դիվերտիկուլը բորբոքվում կամ արտափքված պարկերից մեկում առկա բակտերիաներով վարակվում է: Հազվադեպ սա կարող է բերել բարդությունների, օրինակ՝ մոտակա միջգալարային թարախակույտի (աբսցես):

Դիվերտիկուլիտի ախտանիշները

Դիվերտիկուլիտի ամենահաճախ հանդիպող ախտանիշը ցավն է, որը կարող է լինել թույլ կամ ուժեղ և սովորաբար ընդգրկում է որովայնի ձախ ստորին շրջանը:

Դիվերտիկուլիտի այլ ախտանիշներից են՝

  • ջերմություն
  • սրտխառնոց կամ փսխում
  • աղիների դատարկման սովորույթի փոփոխություն, օրինակ՝ փորկապություն կամ փորլուծություն
  • աղիների փքվածություն
  • դիվերտիկուլյար արյունահոսության ժամանակ՝ արյուն կղանքում
  • լորձային կղանք:

Ախտանիշները կարող են լինել թեթև կամ ծանր՝ կախված վարակի և բարդությունների տարածվածությունից: Այլ հիվանդություններ ևս, օրինակ՝ գրգռված աղու համախտանիշը, կարող են ընթանալ համանման ախտանիշներով:

Առանց հետաձգելու այցելեք ձեր բժշկին, եթե ունեք՝

  • ուժեղ որովայնային ցավեր
  • ջերմություն
  • սկսված փսխումներ
  • ինքնազգացողության վատթարացում
  • արյուն կղանքային արտաթորանքներում:

Դիվերտիկուլիտի ախտորոշումը

Դիվերտիկուլիտն ախտորոշելու համար բժիշկը ձեզ հետ զրուցելուց և ձեզ զննելուց հետո կարող է նշանակել որոշ հետազոտություններ, օրինակ՝ կոլոնոսկոպիա, բարիումային ռենտգեն կամ որովայնի խոռոչի օրգանների համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ):

Դիվերտիկուլիտի բուժումը

Եթե ունեք թեթև դիվերտիկուլիտ, բժիշկը ձեզ կնշանակի տնային պայմաններում անցկացվող համապատասխան բուժում, օրինակ՝ հակաբիոտիկներ կամ ըստ անհրաժեշտության՝ թույլ ցավազրկողներ: Բժիշկը նաև ձեզ խորհուրդ կտա սննդում կրճատել բջջանքը կամ ժամանակավորապես անցնել միայն հեղուկ սննդատեսակների, որը ձեր աղիների համար կստեղծի որոշակի հանգիստ պայմաններ և կարող է նպաստել դրանց գործունեության վերականգնմանը:

Եթե ունեք ծանր դիվերտիկուլիտ, հավանաբար ձեզ կընդունեն հիվանդանոց, որտեղ կնշանակեն հակաբիոտիկներ, ներերակային կաթիլային հեղուկներ և ուժեղ ցավազրկողներ: Բազմաթիվ մարդկանց մոտ բուժումն օգնում է գանգատների զգալի մեղմացմանը: Սակայն, եթե սննդակարգով և դեղորայքով կայուն բարելավում չի հաջողվում կամ հազվադեպ զարգանում են բարդություններ, բժիշկը կարող է առաջարկել վիրահատություն:

Դիվերտիկուլոզ

Եթե դիվերտիկուլն այտուցված կամ վարակված չէ, ասում են, որ առկա է դիվերտիկուլոզ: Դիվերտիկուլոզով բազմաթիվ մարդիկ որևէ անհարմարավետություն կամ գանգատներ չեն նշում:

Սակայն, որոշ մարդիկ կարող են նշել որոշ ախտանիշներ, օրինակ՝ թույլ որովայնային կծկանքներ, փքվածություն, փորկապություն կամ փորլուծություն: Եթե ձեզ մոտ ի հայտ են եկել այսպիսի նշաններ, այցելեք ձեր բժշկին: Դիվերտիկուլոզը սովորաբար ախտորոշվում է հաստ աղու քաղցկեղի և մարսողական այլ խնդիրների սքրինինգով:

Դիվերտիկուլյար հիվանդության կանխարգելումը

Թեև դիվերտիկուլոզի կամ դիվերտիկուլիտի պատճառն անհայտ է, բջջանքից (բջջանյութից) աղքատ սննդակարգը բարձրացնում է դիվերտիկուլյար հիվանդության զարգացման հավանականությունը: Հակառակը, բջջանքով հարուստ սնունդն օգնում է փորկապության կանխարգելմանը, հետևաբար՝ դիվերտիկուլի ձևավորմանը: Խորհուրդ է տրվում նաև կանոնավոր վարժանքներ և բավարար քանակով ջրի ընդունում (օրական՝ 8 բաժակ):

Հոդվածը տեղադրվել է՝ 02-06-2020 վերանայվել է՝ 08-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: