Խայթոցները համարվում են վնասվածքների հաճախակի առաջացման պատճառներ։ Ցանկացած կենդանի (և մարդ) կարող է խայթել, սակայն գերակշռող են շների և կատուների խայթոցները։
Խայթոցները սովորաբար առաջացնում են փոքր վերքեր, սակայն կենդանու թքի կամ լորձի միջոցով բակտերիաները կարող են անցնել վերքի մեջ, որտեղից էլ՝ արյան հուն, առաջացնելով տեղային կամ ընդհանուր վարակային բարդություններ։
Խայթոցները հաճախ բերում են հետևյալ տեսակի վնասվածքների՝
- ծակած վերքեր
- պատռված վերքեր
- կտրված վերքեր
- արյունազեղումներ (կապտուկ) և այտուց։
Խայթոցները կարող են լինել խիստ ցավոտ և տհաճ։ Դուք կարող եք զննել և հայտնաբերել նաև խայթոցից առաջացված վերքի վարակման նշաններ։
Խայթոցի վերքի վարակման նշաններից են՝
- այտուց
- կարմրություն
- վերքի հարակից հյուսվածքների լարվածություն կամ պնդություն
- վերքի ցավոտության սաստկացում
- վերքից արտադրություն
- խայթոցի շրջանի ավշային հանգույցների այտուցվածություն
- ծանր դեպքերում՝ դող-սարսուռ և մարմնի ջերմաստիճանի բարձրացում (38 °C և ավելի բարձր)։
Շան խայթոցներ
Շան խայթոցների մեծ մասը տեղի է ունենում կամ ձեր տան կամ մեկ այլ ուրիշի (օրինակ՝ հարևանի) շան միջոցով։ Շները կարող են խայթել ցանկացած մարդու, սակայն առողջական հետևանքների տեսանկյունից ավելի ռիսկային են համարվում մինչև 5 տարեկան երեխաները։
Շունը կարող է խայթել, եթե՝
- կենդանին հրահրված է, սթրեսով լի կամ վախեցած
- հոգ է տանում և անհանգստացած է իր փոքրիկների մասին
- վատառողջ է կամ ցավեր ունի
- անակնկալ ձևով ընդհատվել է նրա սնունդ ընդունելը կամ քունը
- խաղի ընթացքում դարձել է գերգրգռված կամ գերակտիվ
- երիտասարդ է։
Շան խայթոցը սովորաբար առաջացնում է մաշկի ծակած վերք, ինչպես նաև պատռվածքներ կամ կտրվածքներ։
Մանկահասակ երեխաների դեպքում ավելի հավանական է, որ շան խայթոցը ներառի նրա գլուխը, պարանոցը կամ դեմքը՝ շրթունքների, այտերի կամ քթի շրջանում։ Շան խայթոցը կարող է առաջացնել վարակային բարդություններ և վերքի սպիացում։
Կատվի խայթոցներ
Կատվի խայթոցները սովորաբար առաջացնում են միայն փոքր վնասվածքներ, սակայն հակված են բարձրացնելու վարակային բարդության ռիսկը։ Կատուներն ունեն փոքր սրածայր ատամներ, ուստի խայթելիս կարող են առաջացնել խորը ծակած վերքեր, որոնք կարող են հասնել ոսկրեր։
Կատվի խայթոցները հիմնականում առաջանում են տուժողի վերջին վերջույթների շրջանում (դաստակ և ձեռքեր), սակայն երեխաների պարագայում չի բացառվում նաև դեմքի կամ պարանոցի շրջանի վնասվածքները։
Բուժում և ինքնօգնություն
Վարակի կանխարգելում
Դեպքերի մեծ մասի ժամանակ որպես կենդանիների խայթոցից հետո վարակի կանխարգելման միջոց ստանդարտ հակաբիոտիկ ստանալու անհրաժեշտություն չի ծագում։ Սակայն, դուք պետք է այցելեք ձեր բժշկին և հակաբիոտիկների վերաբերյալ լսեք նրա խորհուրդը, եթե՝
- խայթոցից առաջացած վերքը խորը ծակած բնույթի է (օրինակ՝ կատվի խայթոցի դեպքում)
- խայթոցը ոսկրին կամ հոդին խիստ մոտ է գտնվում (հատկապես պրոթեզավորված հոդի դեպքում)
- առկա է բուժման կամ արյան շրջանառության հետ կապված խնդիրներ
- խայթոցը դեմքի կամ սեռական օրգանների շրջանում է
- դուք ունեք օրգանիզմի դիմադրողականության (իմունիտետի) հետ կապված խնդիրներ (օրինակ՝ քրոնիկ ձգձգվող հիվանդություններ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ և այլն)։
Փայտացում (տետանուս)
Տետանուսը լուրջ բակտերիալ վարակ է։ Բակտերիան հիմնականում մուտք է գործում վնասված մաշկով և արտադրում է թույն, որն ազդում է մկանների կծկման վրա և առաջացնում բնորոշ ախտանիշներ (ծամիչ մկանների սպազմ կամ տրիզմ), իսկ ծանր դեպքերում կարող է ունենալ մահացու ելք։ Եթե ձեզ մոտ առկա է կենդանու խայթոց և ձեր մաշկի ամբողջականությունը վնասված է, բժիշկն ամենայն հավանականությամբ խորհուրդ կտա հակատոքսիկ անատոքսինի և (կամ) շիճուկի ներարկում։
Խայթոցից առաջացած փոքր վերքերի կամ կտրվածքների բուժում
Դուք ինքներդ կարող եք հեշտությամբ բուժեք փոքր վերքերը կամ կտրվածքները։ Սակայն, մեծ կամ խորը վերքերի դեպքում անհրաժեշտ է իրականացնել դրանց վիրաբուժական մշակում և հսկողություն (վիրակապություններ, այլ դեղերի նշանակում և այլն)։
Վերքը կամ կտրվածքը համարվում է խորը, եթե անզեն աչքով երևում են մաշկի տակ ընկած հյուսվածքները, օրինակ՝ փակեղներ, ջլեր և այլն։ Խայթոցից կարող է առաջանալ նաև բացազատված վերքեր, որոնց եզրերը հնարավոր չէ մոտեցնել միմյանց։
Եթե վերքը շարունակում է արնահոսել՝
- ծածկեք այն ստերիլ, քիչ սեղմող վիրակապով (ճնշող ազդեցություն ստանալու համար կարող եք օգտագործել կպչուն սպեղանի կամ բինտ), որից 15 րոպե հետո փորձեք ճնշումը թուլացնել՝ ստուգելով արյունահոսության վերսկսման առկայությունը
- առատ արյունահոսության դեպքում արտեն դրված վիրակապի վրա կարող եք տեղադրել երկրորդ ճնշող վիրակապը
- շտապ մեկնեք մոտակա վիրաբուժական ծառայություն կամ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն։
Եթե վերքը չի արնահոսում՝
- ողողեք վերքը հոսող մաքուր ջրով մոտ 2 րոպե, որից հետո ծածկեք այն չոր ստերիլ և ոչ սեղմող վիրակապով
- ամեն օր զննեք և ստուգեք ձեր վերքը՝ համոզվելու, որ վարակման նշանները բացակայում են (ցավերի սաստկացում, կարմրություն, այտուց կամ դեղնավուն արտազատուկ)
- եթե դուք չեք ստացել փայտացման դեմ պատվաստման լիարժեք կուրս, կապ հաստատեք ձեր բժշկի հետ
- եթե ցավեր կան, դիմեք ձեր բժշկին, որ նշանակի ձեզ համար առավել ցուցված ցավազրկող դեղը։
Հոդվածը հրապարակվել է՝ 18-03-2020
Վերջին վերանայում՝ 05-05-2024