Ականջի վարակները հաճախ հանդիպող առողջական խնդիրներ են, որոնք ավելի տարածված են երեխաների շրջանում։
Ներթափանցելով ականջ, վարակն առաջացնում է ականջացավ և լսողության հետ կապված ժամանակավոր խնդիրներ։
Ականջի վարակները սովորաբար լավանում են ինքնուրույն, մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում, սակայն երբեմն կարիք է լինում նախաձեռնել հակաբիոտիկներով բուժում՝ միայն բժշկի նշանակմամբ։
Դուք կամ ձեր երեխան նաև կարող եք ունենալ սովորական ցավավազրկողների կարիք։ Որոշ երեխաների մոտ, հատկապես ականջի կրկնակի վարակներից հետո կարող են զարգանալ երկարաժամկետ լսողության խնդիրներ։ Նման դեպքերում բժիշկը կարող է առաջարկել վիրահատական բուժում։
Որոշ դեպքերում նաև կարող է առաջանալ թմբկաթաղանթի պատռում, որը թուլացնում է միջին ականջում բարձր ճնշումը և ինքնուրույն լավանում է մի քանի օրվա ընթացքում։ Դիմեք ձեր բժշկին, եթե ձեր գանգատները չեն բարելավվում, առկա է սուր ականջացավ կամ ականջից հեղուկ կամ թարախային արտադրություն։
Ըստ միջազգային տարբեր ուղեցույցների, խորհուրդ է տրվում 2-12 տարեկան երեխաների մոտ միջին ականջի վարակը չբուժել հակաբիոտիկներով, քանի դեռ չեն առաջացել ջերմություն և ինքնազգացողության վատացման այլ նշաններ։
Ի՞նչ է ականջի վարակը
Կան ականջի վարակային բորբոքման տարբեր տեսակներ, սակայն ամենատարածվածը միջին ականջի վարակն է (միջին օտիտ)։ Նորածինները և մանկահասակ երեխաներն առանձնահատուկ հակված են միջին օտիտի նկատմամբ։
Իմացե՛ք ավելին միջին ականջի վարակի մասին:
Մյուս տեսակը արտաքին ականջի վարակն է (արտաքին օտիտ), որի ժամանակ վարակային բորբոքումն ընդգրկում է արտաքին լսողական անցուղին։ Արտաքին օտիտն ավելի հաճախ զարգանում է լողալուց կամ լողանալուց հետո ականջներում մնացած ջրից (հայտնի է նաև որպես «լողորդների ականջ»):
Ականջի վարակները կարող են պատճառվել վիրուսներով կամ բակտերիաներով։
Ականջի վարակային բորբոքումից հետո երեխան կարող է դրսևորել կամ նշել լսողության հետ կապված խնդիրներ, որոնք կարող են տևել 2-6 շաբաթ։ Եթե լսողության նվազումը պահպանվում է ավելի երկար, դիմեք ձեր երեխայի բժշկին։
Ականջի վարակի ախտանիշները
Ականջի վարակային բորբոքումները կարող են ընթանալ հետևյալ նշաններով՝
- ականջացավ
- ջերմություն կամ գլխացավեր
- ծանրալսություն կամ լսողության կորուստ
- ականջների փակվածության զգացում, որը որոշ դեպքերում ուղեկցվում է ականջներում աղմուկով (տինիտուս)
- գլխապտույտ կամ հավասարակշռության խանգարումներ
- սրտխառնոց կամ փսխումներ։
Նորածինների և մանկահասակ երեխաների մոտ կարող են ի հայտ գալ հետևյալ նշանները՝
- ձեռքը տանում է դեպի հիվանդ ականջը կամ քորում այն
- ջերմություն (38 °C կամ ավելի)
- ականջի շուրջը կարմրություն
- լաց, անհանգստություն կամ գերգրգռված վիճակ
- սովորաբար երեխայի ուշադրությունը գրավող ձայների կամ աղմուկների նկատմամբ անտարբերություն։
Ականջի վարակի կանխարգելումը
Միջին ականջի վարակները հաճախ զարգանում են մրսածությանն ուղեկցող քթի փակվածության պատճառով (քթային կանգ)։ Երեխաների մոտ ականջի վարակման ռիսկը կարող է նվազեցվել, եթե հոգ տանեք, որ լողավազաններից օգտվելիս կրեն ականջները փակող պաշտպանիչ միջոցներ կամ վերջում լիարժեք չորացնեն ականջները։
Հաճախակի կրկնվող ականջի վարակների դեպքում բժիշկը հավանաբար խորհուրդ կտա կանխարգելիչ այլ՝ հատուկ միջոցներ։
Ահա որոշ խորհուրդներ ևս՝
- մի՛ դրեք ականջների մեջ ոչ մի բան (օրինակ՝ բամբակե խցան), նույնիսկ եթե այն փակված է կամ ցավում է
- մի՛ օգտագործեք ականջի կաթիլներ, քանի դեռ խորհուրդ չի տվել ձեր բժիշկը։
Այցելեք ձեր բժշկին, եթե ականջացավը տևական է, աստիճանաբար սաստկանում և ուղեկցվում է ինքնազգացողության վատացմամբ կամ բարձր ջերմությամբ։
Հոդվածը հրապարակվել է՝ 04-05-2019
Վերջին վերանայում՝ 30-04-2024