Միջին օտիտը կամ ականջաբորբը երեխաների մոտ հաճախ հանդիպող հիվանդություն է, որի հիմքում ընկած է միջին ականջի վարակային բորբոքումը:
Միջին օտիտը (Otitis media) հաճախ ինքնուրույն անհետանում է, սակայն երբեմն անհրաժեշտություն է առաջանում ձեռնարկել բուժում: Միջին օտիտը կարող է ախտորոշվել նաև չափահասների մոտ:
Միջին օտիտի պատճառները
Միջին օտիտը սովորաբար սկսվում է ընդհանուր մրսածության (ՍՇՎՎ) կամ ըմպանաբորբի (ֆարինգիտ) հետ միասին, իսկ դրանք հարուցվում են վիրուսներով կամ բակտերիաներով: Վարակն ըմպանի հետ միացած է բարակ խողովակով՝ եվստախյան փողով, որի միջոցով էլ վարակն ըմպանից տարածվում է ետ՝ հասնելով միջին ականջ: Միջին ականջի վարակային բորբոքումը դրսևորվում է վերջինիս այտուցվածությամբ և հեղուկային արտադրանքի առաջացմամբ, որն էլ սկսում է ճնշել թմբկաթաղանթը:

Միջին օտիտը զարգանում է միջին ականջում, երբ թմբկաթաղանթը սկսում է ճնշվել այտուցից և հեղուկ արտադրանքից: Վերջինս կարող է լինել շճային (սերոզ), լորձային (մուկոիդ) և թարախային:
Միջին օտիտի ախտանիշները
Միջին օտիտի առաջին նշանները սովորաբար նույն ընդհանուր մրսածության կամ ֆարինգիտի նշաններն են՝ ըմպանացավ, քթահոսություն և մարմնի ջերմաստիճանի բարձրացում: Երբ վարակը տարածվում և հասնում է մինչև միջին ականջ և թմբկաթաղանթը սկսում է ճնշվել, ի հայտ են գալիս նոր նշաններ:
Ավելի բարձր տարիքի երեխաները կարող են բողոքել ականջի շրջանի ցավերից, գլխացավից և անգամ պարանոցի շրջանի ցավերից: Ավելի մանկահասակ երեխաները, ովքեր դեռ չեն կարողանում բառերով արտահայտել զգացողությունները, կարող են՝
- շարունակ լաց լինել
- ձեռքերով հպվել կամ քորել ականջները
- ունենալ քնի խանգարում:
Երբեմն թմբկախոռոչի ճնշման ներքո թմբկաթաղանթը կարող է պատռվել կամ ծակվել (պերֆորացիա): Ծակված թմբկաթաղանթը սովորաբար ինքնուրույն լավանում է, բայց դա չի նշանակում, որ կարելի է բժշկին չայցելել:
Միջին օտիտի ախտորոշումը
Միջին օտիտի կասկած չհարուցող ախտորոշումը բավականին դժվար է: Թմբկաթաղանթը ինքնին ոչ հեշտ երևացող տեղակայում ունի, հատկապես մանկահասակ երեխաների մոտ, իսկ վարակային բորբոքման նշանները ոչ միշտ են հստակ տարբերակելի:
Ձեր բժիշկը կամ բուժքույրը կզննեն երեխայի թմբկաթաղանթը հատուկ գործիքի՝ օտոսկոպի միջոցով: Բժիշկը կարող է նշանակել նաև տիպմանոմետրիա, որի նպատակը երեխայի թմբկաթաղանթի շարժունակության ստուգումն է:
Եթե երեխայի մոտ գրանցվում է միջին օտիտի կրկնություններ, ապա գուցե կարիք լինի ստուգել նաև նրա լսողությունը:
Սուր միջին օտիտի բուժումը
Եթե ձեր երեխան ունի ցավեր կամ ջերմության բարձրացում, ապա դուք կարող եք ձեր բժշկի իմացությամբ նրան տալ պարացետամոլ: Ականջի տաք (բայց ոչ խիստ տաք) կոմպրեսը նույնպես կարող է օգտակար լինել: Ձգտեք, որ ձեր երեխան ընդունի մեծ քանակով հեղուկներ: Երեխաների մեծ մասի ինքնազգացողությունը սովորաբար 1-2 օրվա ընթացքում բարելավվում է:
Դուք պետք է դիմեք ձեր բժշկին, եթե ձեր երեխան՝
- հիվանդությունը սկսվելուց 48 ժամ անց շարունակում է զգալ ոչ բավարար
- գանգատվում կամ արտահայտում է խիստ ուժեղ ցավեր
- մշտապես գրգռված և անհանգիստ է
- ունի փորլուծություն, փսխումներ կամ շատ բարձր ջերմություն
- ցուցաբերում է լսողության հետ կապված խնդիրներ
- հաճախակի հիվանդանում է վարակային հիվանդություններով
- 12 ամսականից փոքր է:
Սովորաբար բժիշկները խուսափում են որևէ հակաբիոտիկ նշանակելուց, քանի որ հաճախ դրանք որևէ օգուտ չեն տալիս, թեև որոշ դեպքերում կարող են լինել արդյունավետ:
Երեխային մի տվեք հակահիստամինային կամ հակականգային դեղեր, քանի որ միջին օտիտի դեպքում դրանք արդյունավետ չեն:
Միջին օտիտի կանխարգելումը
Եթե ծխող եք, դադարեցրեք այն, որ նվազեցնեք ձեր երեխայի մոտ միջին օտիտի առաջացման ռիսկը:
Եթե երեխան մանկահասակ է, ապա օգտակար կարող է լինել՝
- շարունակել նրան կրծքի կաթով կերակրելը առնվազն մինչև 6 ամսականը
- ձերբազատվել ծծակից (եթե օգտագործում է) գոնե 6 ամսական տարիքում:
Ավելի մեծ տարիքի երեխաների դեպքում կարելի է՝
- հազալուց կամ քիթը «քչփորելուց» հետո լվանալ նրա ձեռքերը
- լողավազաններում կրել պաշտպանիչ ականջակալներ:
Հոդվածը վերանայվել է՝ 25-05-2019