Առողջական խնդիրներ

Էնցեֆալոպաթիա

Էնցեֆալոպաթիա

Time Read 3 րոպե

Էնցեֆալոպաթիան գլխուղեղի գործունեության որևէ խանգարումն է, որն ուղեկցվում է գիտակցության ​տարաբնույթ խանգարմամբ և հիշողության կորստով:

Էնցեֆալոպաթիան առանձին հիվանդություն չէ, այլ գլխուղեղի գործունեության խանգարմամբ ուղեկցվող ախտաբանական վիճակ, որը կարող է զարգանալ տարբեր պատճառներից:

Էնցեֆալոպաթիայի տեսակները

Առաջացման պատճառից կախված, տարբերում են էնցեֆալոպաթիայի տարբեր տեսակներ, որոցից մի քանիսը ներկայացված են ստորև:

  • Լյարդային էնցեֆալոպաթիա. այս վիճակն առաջանում է լյարդի ծանր ախտահարման ժամանակ, երբ խանգարվում է վերջինիս կողմից արյան մեջ կուտակվող թույների հեռացումը (որոնք նորմալ վիճակում պետք է վնասազերծվեին այս օրգանի կողմից): Լյարդային էնցեֆալոպաթիան կարող է պատճառվել լյարդի քրոնիկ հիվանդություններով՝ վարակ (օրինակ՝ վիրուսային հեպատիտներ), թմրամիջոցների կամ դեղերի գերդոզավորում, ստամոքս-աղիքային արյունահոսություններ և այլն: Լյարդային ծանր էնցեֆալոպաթիան նույն լյարդային կոման է:
  • Քրոնիկ վնասվածքային էնցեֆալոպաթիա. այս վիճակը հավանաբար պատճառվում է գլխին հաճախակի հարվածներ ստանալով և կրկնվող ուղեղի ցնցումներով (օրինակ՝ բռնցքամարտիկներ կամ ամերիկյան ֆուտբոլի և ռեգբիի մարզիկներ):
  • Հիպօքսիկ-իշեմիկ էնցեֆալոպաթիա. ինչպես հուշում է անվանումը, էնցեֆալոպաթիայի այս տեսակի պատճառն ուղեղի ծանր թթվածնաքաղցն է՝ պայմանավորված առատ արյունահոսությամբ, գրեթե ջրախեղդ կամ շնչահեղձ լինելով:
  • Հաշիմոտոյի էնցեֆալոպաթիա. ըստ այսօր ընդունված տեսության, էնցեֆալոպաթիայի այս տեսակը զարգանում է, երբ մարդու իմունային համակարգը «գրոհում է» գլխուղեղը:

Լյարդային էնցեֆալոպաթիան կարող է զարգանալ նաև որպես հետևյալ հիվանդությունների և վիճակների բարդություն՝

  • բակտերիալ և վիրուսային վարակներ
  • նյութափոխանակության հետ կապված խնդիրներ
  • գլխուղեղի ուռուցքներ
  • թունավոր նյութերի ազդեցություն, օրինակ՝ ներկանյութեր, լուծիչներ կամ ճառագայթում:

Որոշ մարդկանց մոտ կարող է զարգանալ սուր էնցեֆալոպաթիա, որն ունի սուր սկիզբ և հաճախ՝ լրիվ ապաքինում: Մյուսների մոտ լյարդի գործունեության խանգարումը ստանում է դանդաղ զարգացում և ձգձգված ընթացք: Էնցեֆալոպաթիայի որոշ տեսակներ կարող են առաջացնել գլխուղեղի մնայուն ախտահարումներ, մյուսների մոտ՝ անցողիկ: Էնցեֆալոպաթիայի ծանր դեպքերը կարող են ունենալ մահացու ելք:

Էնցեֆալոպաթիայի ախտանիշները

Տարբեր մարդկանց մոտ էնցեֆալոպաթիան կարող է ունենալ տարբեր դրսևորումներ:

Էնցեֆալոպաթիայի հիմնական ախտանիշը մարդու հոգեկան վիճակի փոփոխությունն է, որն ուղեկցվում է հետևյալ խնդիրների հետ՝

  • հիշողության կորուստ
  • հստակ մտածելու կամ ուշադրությունը կենտրոնացնելու ունակության կորուստ
  • անձի փոփոխություններ, օրինակ՝ գերգրգռվածություն, ագրեսիվություն, ջղային վարք կամ ինքնասպանության մտքեր:

Որոշ մարդկանց մոտ կարող են նաև զարգանալ՝

Էնցեֆալոպաթիայի ախտորոշումը

Եթե բժիշկը կարծում է, որ ձեզ մոտ կարող է լինել էնցեֆալոպաթիա, նա փորձում է գտնել այս վիճակի հավանական պատճառը՝ վարակ, դեղեր, թմրամիջոցներ և այլն:

Զրուցելուց և ձեզ զննելուց հետո էնցեֆալոպաթիայի պատճառը և տեսակը պարզելու համար բժիշկը կարող է նշանակել հետևյալ հետազոտությունները՝

  • արյան հետազոտություններ
  • գոտկային պունկցիա և ողնուղեղային հեղուկի հետազոտություն
  • գլխուղեղի պատկերման հետազոտություններ, օրինակ՝ համակարգչային շերտագիր (CT) կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)
  • էլեկտրաուղեղագիր (էլեկտրոէնցեֆալոգրամա, ԷԷԳ)
  • ձեր հոգեկան վիճակի և ունակությունների գնահատման թեստեր

Էնցեֆալոպաթիայի բուժումը

Սուր էնցեֆալոպաթիայով մարդկանց բուժումը կազմակերպվում է հիվանդանոցային պայմաններում, սովորաբար՝ վերակենդանացման բաժանմունքում: Բուժումն ուղղված է ախտանիշների բարելավմանը և կարող է ներառել հետևյալը՝

  • դեղեր, օրինակ, որպեսզի լյարդային էնցեֆալոպաթիայով մարդկանց մոտ մեղմացվեն ցնցումները կամ նվազեցվի արյան մեջ ամոնիակի քանակը
  • սննդակարգի փոփոխություններ կամ սննդանյութերի հավելումների օգտագորոծում:

Որոշ ծանր դեպքերում, երբ լյարդային էնցեֆալոպաթիայի հետ միասին զարգացել է երիկամային անբավարարություն, կարող է առաջարկվել դիալիզ կամ օրգանի փոխպատվաստման վիրահատություն:

Լյարդային էնցեֆալոպաթիան հաճախ բուժման շնորհիվ դառնում է դարձելի վիճակ: Սակայն, հավանական է, որ քրոնիկ լյարդային հիվանդություններով մարդիկ ապագայում ևս ունենան կրկնակի էնցեֆալոպաթիաներ:

Ե՞րբ դիմել օգնության

Եթե դուք նշում եք այնպիսի խնդիրներ, որոնք նմանվում են էնցեֆալոպաթիայի ախտանիշներին, առանց հետաձգելու կապ հաստատեք ձեր բժշկի հետ կամ այցելեք մոտակա հիվանդանոց կամ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն:

Ձեր զգուշությունն ավելի մեծ նշանակություն է ստանում այն ժամանակ, երբ դուք ունեք լյարդային որևէ խնդիր:

Հոդվածը տեղադրվել է՝ 15-05-2019 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: