Առողջական խնդիրներ
Անկղապահությունը երեխաների մոտ

2 րոպե
Անկղապահությունն այն վիճակն է, երբ աղիների դատարկման սովորույթ ձեռք բերելու տարիքից բարձր երեխան կղում է ոչ զուգարանում։
Այս վիճակի մյուս անվանումն է «էնկոպրես»։ Անկղապահության էությունն այն է, որ երեխան չի կարողանում վերահսկել աղիների դատարկումը և այն, թե երբ և որտեղ կղի։
Անկղապահության պատճառները
Երեխաների անկղապահության ամենատարածված պատճառը քրոնիկ փորկապությունն է։
Եթե ձեր երեխայի փորկապությունը շարունակվում է երկար ժամանակ, նրա աղիների պարունակությունը կուտակվում է ուղիղ աղիքում՝ հետանցքից անմիջապես վերև, ինչը բերում է ուղիղ աղիքի ձգման։ Երեխան կորցնում է զուգարան գնալու ցանկությունը, քանի որ նրա ուղիղ աղիքը մշտապես լարված է։ Աղիների ավելի հեղուկ պարունակությունը անցնում է պնդացած պարունակության կողքերով և դուրս գալիս հետանցքից՝ առանց երեխայի իմացության և զուգարան գնալու ցանկության զգացման։
Անկղապահությունը կարող է զարգանալ նաև երեխայի հուզական խնդիրների պատճառով՝ սթրես, զուգարան չգնալու ցանկություն և այլն։
Խիստ հազվադեպ անկղապահությունը կարող է լինել նյարդաբանական հազվադեպ հանդիպող հիվանդությունների կամ հետանցքի հետ կապված անատոմիական խնդիրների պատճառով։
Անկղապահության ախտանիշները
Անկղապահությունը կարող է հանդես գալ՝ սկսած երեխայի ներքնաշորերի վրա կղանքի հետքերից և վերջացրած կղանքի մեծ զանգվածներով։
«Տակը կղելուց» բացի երեխայի մոտ կարող է գրանցվել նաև փորկապության ախտանիշներ՝ աղիները դատարկելիս ցավ, որը կարող է երեխայի մոտ զուգարան գնալու վախ առաջացնել։ Երեխայի մոտ կարող է կարող է առաջանալ նաև որովայնի շրջանի ժամանակ առ ժամանակ ի հայտ եկող կծկանքային ցավեր։
Անկղապահությամբ երեխաների մոտ հաճախ կարող է դրսևորվել նաև ցերեկային կամ գիշերային անմիզապահություն։ Նրանց 30-50%-ի մոտ առկա են նաև հուզական կամ վարքագծային խնդիրներ։
Ե՞րբ դիմել բժշկին
Դուք պետք է տեղեկացնեք ձեր բժշկին, եթե ձեր երեխան 4 տարեկան կամ ավելի մեծ է և ունի կայուն անկղապահության կամ փորկապություն։
Անկղապահության կամ ակամա կեղտոտելու բուժումը
Անկղապահության բուժումը կախված է այն առաջացնող պատճառից։
Եթե այս վիճակի պատճառը քրոնիկ փորկապությունն է, բժիշկը ձեզ հետ կքննարկի, թե որոնք են ձեր երեխայի մոտ աղիների կանոնավոր դատարկման սովորույթ սերմանելու կամ լուծողական միջոցներին դիմելու լավագույն տարբերակները։
Դուք նույնպես կարող եք օգնել ձեր երեխային, որ նրա մոտ ձևավորվի աղիները դատարկելու կանոնավոր ռեժիմ՝ առաջարկելով և խրախուսելով երեխային, որ նա պարբերաբար զուգարան գնա և փորձի կղել։ Կարելի է այս տարբերակը փորձել նրա սնունդ ընդունելուց հետո՝ յուրաքանչյուր 20-30 րոպեն մեկ։
Եթե անկղապահությունը կապ ունի ձեր երեխայի մոտ վարքագծային որևէ խնդրի հետ, դուք կարող եք դիմել հոգեբանական օժանդակության կամ խորհրդատվության ծառայություն։
Անկախ այն հանգամանքից, թե ինչ քայլեր են ձեռարկել, երեխաների մեծ մասի մոտ անկղապահության երևույթը տարիքի հետ անհետանում է։
Հոդվածը տեղադրվել է՝ 03-05-2018 վերանայվել է՝ 24-01-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: