Առողջական խնդիրներ
Անկղապահություն

3 րոպե
Անկղապահությունը վիճակ է, երբ ձեր հաստ աղիների գործունեության և հսկողության խաթարման հետևանքով կղանքը սկսում է հետանցքից դուրս հոսել։
Դուք կարող եք նշել նաև աղիքային գազերի մեծ քանակի հետ կապված խնդիրներ և ներքնաշորերի հաճախակի կեղտոտում։ Ընդհանուր առմամբ, 20 մարդուց 1-ի մոտ կարող է լինել հաստ աղիների գործունեության հսկողության հետ կապված գանգատներ, սակայն հիշեք, որ դեպքերի մեծ մասի համար առկա է բուժում։
Հաստ աղիների գործունեության վերահսկման խնդիրների տեսակները
Անկղապահության մասին խոսք է գնում, երբ ինչ-որ մեկը կղում է ոչ ճիշտ ժամանակ կամ ոչ ճիշտ վայրում։ Նման դեպքերում կարող է գրանցվել նաև ավելցուկային աղիքային գազերի ակամա հեռացում։
Այս խնդիրն ավելի հաճախանում է տարիքի հետ կապված, սակայն երիտասարդների մոտ նույնպես կարող են դիտարկվել անկղապահության դեպքեր։ Որոշ դեպքերում անկղապահությունը կարող է ուղեկցվել անմիզապահության հետ։
Անկղապահությունը կարող է տեղի ունենալի հայտ գալ զուգարանից օգտվելու վատ սովորույթի պատճառով։ Այն կարող է նաև զարգանալ որոշ դեղերի ընդունման, կոնքի հատակի մկանների թուլության, փորկապության կամ ուժեղ փորլուծության, առողջական որոշ խնդիրների, օրինակ՝ դիաբետի կամ աղիքային, նյարդային հիվանդությունների պատճառով, օրինակ՝ ցրված սկլերոզ կամ Պարկինսոնի հիվանդություն։
Անկղապահության ախտանիշները
Անկղապահության հիմնական ախտանիշներն են՝
- կղանքը պահելու և չկղելու անունակություն
- կղելու համար զուգարան խիստ շտապելու կարիք
- փորլուծություն
- փորկապության պատճառով աղիների խցանում, երբ հետանցքով հոսում է որոշակի քանակով աղիքային հեղուկ։
Կարևոր է նաև դիմել բժշկին, եթե դուք նկատում եք ձեր աղիների գործունեության հետ կապված սովորույթի արտասովոր խախտումներ։
Ինչպե՞ս է անկղապահությունն ախտորոշվում
Առաջին քայլը ձեր բժշկին այցելելն է, որի ժամանակ պետք չէ անտեսել և նրան չհայտնել ցանկացած գանգատի մասին, օրինակ՝ կղելու սովորույթի կտրուկ շեղումներ, հետանցքից արյունահոսություն, կղանքի գույնի փոփոխություններ (օրինակ՝ մգացում կամ սևացում), աղիները լիարժեք չդատարկվելու մշտական զգացողություն, մարմնի կշռի անհիմն կորուստ և այլն։
Բժիշկը կզրուցի ձեզ հետ, կզննի ձեզ և ըստ անհրաժեշտության կնշանակի որոշ հետազոտություններ՝ լաբորատոր թեստեր, ռենտգեն պատկերում և այլն։
Կախված անկղապահության պատճառից, բժիշկը կարող է ձեզ խորհուրդ տալ նաև այլ մասնագետների, այդ թվում նաև՝ հոգեբանի խորհրդատվության։
Անկղապահության բուժումը
Անկղապահության լավագույն բուժումը կախված է այս վիճակին բերող պատճառից։ Բժիշկը կմշակի բուժման պլան՝ կախված ձեր առողջական վիճակից, սննդակարգից, շարժունակության մակարդակից և այլն։
Փորլուծության կամ փորկապության բուժումը կամ այսպիսի երևույթներ առաջացնող դեղերի փոխարինումն այլ դեղերով կարող է զգալիորեն մեղմացնել անկղապահությունը։ Կան դեղեր, որոնք կարգավորում են աղիների գործունեությունը կամ նպաստում նորմալ բնույթի և պնդության աղիների պարունակության ձևավորմանը։
Կարևոր է նաև, որպեսզի դուք բարելավեք կղելու սովորույթը,ստանաք բավարար քանակության բջջանք պարունակող սնունդ և խմեք բավարար ծավալի ջուր և հեղուկներ։
Կոնքի հատակի մկանների թուլության դեպքում բժիշկը կարող է ձեզ նշանակել դրանք ամրացնող ֆիզիոթերապևտիկ միջոցներ։
Անկղապահությամբ ապրելու հմտություններ
Անկղապահության ժամանակ կարևոր է, որ դուք զուգարանից օգտվեք պատշաճ ձևով։ Զուգարանակոնքի վրա նստեք այնպես, որ ձեր ծնկները լինեն կոնքերից քիչ բարձր, իսկ արմունկները դրեք ծնկների վրա։ Ներս ձգեք ձեր որովայնը, ուղղեք ձեր մեջքը և մի գերձգվեք։
Անկղապահության հետ կապված խնդիրների խորացումը կանխարգելելու համար՝
- զուգարանում մի գերձգվեք
- ամեն առիթով մի մտեք զուգարան, այլ փորձեք աղիները դատարկել միայն խիստ կարիք զգալիս
- հաճախակի մի մտեք զուգարան
- մարզեք ձեր կոնքի հատակի մկանները
- բարելավեք ձեր կենսակերպը, այդ թվում՝ սննդակարգը։
Հոդվածը տեղադրվել է՝ 17-03-2020 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: