Այն, որ դուք անհանգստանում եք ձեր կյանքի կարևոր հարցերի կամ իրավիճակների համար, լրիվ բնական երևույթ է:
Սակայն, եթե զգում եք, որ սկսել եք անհանգստանալ ամեն փոքր կամ չնչին առիթով, ուրեմն ձեր ավելորդ կամ հավելյալ անհանգստությունը կարող է լինել որևէ խնդրի նշաններից մեկը, ինչպիսին է որևէ տագնապային խանգարումը, երբ անհանգստությունը, լարվածությունը կամ վախը դառնում է ձեր առօրյա կյանքի մշտական ուղեկիցը և սկսում ազդել ձեր աշխատանքի, շփումների ու փոխհարաբերությունների, քնի, կենտրոնանալու և տարբեր գործեր կատարելու վրա։
Փորձեք դիմակայել ձեզ անհանգստացնող մտքերին՝ հանգիստ վիճակում մեկ անգամ ևս հիշելով ձեզ անհանգստություն պատճառած իրավիճակը և ինքներդ ձեզ տալով հետևյալ հարցերը՝
- արդյոք ես չե՞մ չափազանցեցնում կամ չափից դուրս մեծ կարևորություն տալիս այս հարցին
- արդյոք ես չափից դուրս արագ չե՞մ եզրահանգումներ անում
- արդյոք ես չափից դուրս շատ չե՞մ կենտրոնացել իմ կյանքի միայն վատ կամ բացասական կողմերի վրա:
Ինչպե՞ս հաղթահարել ավելորդ անհանգստությունը
Իրականում, ոչ ոք չի կարող կասկածել, որ դուք կյանքում ունեք որևէ խնդիր կամ անհանգստանալու առիթ ու պատճառ: Իսկ ո՞վ չունի դրանք:
Իհարկե, բոլորիս կյանքում էլ անհանգստությունը և տագնապը կարևոր դեր են խաղում՝ օգնելով մեզ տարբեր խնդրահարույց և վտանգավոր իրավիճակներում կանխազգալու հնարավոր վտանգը և պահպանելու մեր անվտանգությունը։ Բայց, արդյոք մեր անհանգստությունները պե՞տք է դարձնել մեր թիվ խնդիրը:
Փորձեք հաղթահարել ձեր ավելորդ անհանգստությունն ու լրացուցիչ լարվածությունը՝ հետևելով այս օգտակար խորհուրդներին:
- Վերցրեք թուղթ ու գրիչ կամ նստեք համակարգչի առաջ և գրի առեք ձեր բոլոր անհանգստությունները կամ խնդիրները:
- Մտածեք, պրպտեք և դրա խնդիրների տակ գրեք բոլոր այն լուծումները, որոնք ձեր մտքով անցնում են: Քանակը կարևոր չէ՝ գրի առեք այն բոլոր մտքերը, որոնք ըստ ձեզ կլուծեն այդ խնդիրը:
- Կենտրոնացեք դրականի վրա և մի՛ փորձեք դրանց խոչընդոտող պատճառներ հորինել:
- Վերհիշեք, թե անցյալում ինչպե՞ս եք դուք որևէ խնդիր հաջողությամբ լուծել:
- Հարցրեք ձեր ընկերոջը կամ ընտանիքի անդամին, թե ինչպե՞ս նրանք կհաղթահարեին այդ խնդիրը:
- Խորհեք այն մասին, թե ի՞նչ խորհուրդ կտայիք ձեր ընկերոջը, եթե նա ունենար նույն ձեր խնդիրը:
Եթե գտնում եք, որ անհանգստությունը ազդում է ձեր կյանքի վրա, կարող եք սովորել, թե ինչպես հետաձգել ձեր անհանգստությունը: Ձեր անհանգստության համար «նշանակեք» ժամ և տեղ: Երբ այդ անհանգստությունը ձեր «գլխից դուրս է ցատկում», մի՛ փորձեք տարվել դրանով և հետաձգեք մինչև ձեր նշանակած ժամը: Սա ձեզ կտա ինքնահսկողության զգացում:
Իմացե՛ք ավելին ձեր ներքին լարվածությունը հաղթահարելու մոտեցումների մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-05-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024