Առողջական խնդիրներ
Հոգնածությունը հղիության ընթացքում

2 րոպե
Սովորականից ուժեղ հոգնածության և թուլության զգացումները հղիության ընթացքում բավականին տարածված երևույթներ են:
Բազմաթիվ կանայք նաև ունենում են գիտակցությունը կորցնելուն նմանվող նշաններ, և բոլոր այս անցանկալի երևույթները զարգանում են հորմոնային տեղաշարժերի պատճառով:
Թուլություն
Հղի կանայք հաճախ զգում են ընդհանուր թուլություն, որի պատճառը հղիության ընթացքում օրգանիզմում ընթացող հորմոնային փոփոխություններն են: Թուլությունն ի հայտ է գալիս, երբ ձեր գլխուղեղը բավարար քանակով արյուն և արյան հետ՝ թթվածին չի ստանում: Երբ թթվածնի մակարդակը խիստ նվազում է, կարող է զարգանալ ուշագնացություն: Ավելի հավանական է, որ դուք զգաք ուշագնցություն, երբ աթոռի, զուգարանակոնքի վրա նստած կամ վաննայում պառկած վիճակից արագ ոտքի կանգնեք, սակայն նման երևույթի հետ կարող եք նաև առնչվել մեջքի վրա պառկած վիճակում:
Ահա որոշ մեթոդներ, որոնք կօգնեն այսպիսի իրավիճակներից խուսափելուն:
- Պառկած կամ նստած վիճակից փորձեք վեր կենալ և կանգնել դանդաղորեն և աստիճանաբար, այլ ոչ թե կտրուկ:
- Եթե ձեզ մոտ ուշագնացության զգացում է առաջանում, արագորեն գտեք որևէ հարմար տեղ և նստեք: Եթե նստելուց հետո այս զգացումը չի մեղմանում, պառկեք կողքի վրա:
- Եթե ուշագնացության զգացումն ի հայտ է գալիս մեջքի վրա պառկած վիճակում, շուռ եկեք կողքի վրա (ճիշտ կլինի, որ ուշ հղիության ընթացքում խուսափեք մեջքի վրա հորիզոնական պառկած դիրքից):
- Եթե եղանակը շոգ է, խմեք առատ ջուր:
Շոգի զգացում
Հղիության ընթացքում դուք կարող եք նաև ունենալ շոգի կամ ջերմության զգացում: Սա նույնպես հորմոնային տեղաշարժերի արդյունք է, որը խթանում է մաշկի արյունամատակարարումը: Հավանական է նաև, որ դուք սովորականից ավելի շատ քրտնեք:
Նման իրավիճակներում օգտակար կարող են լինել հետևյալ խորհուրդները:
- Հագեք բնական թելից գործած հագուստ կամ զգեստ: Բնական կտորն ավելի ներծծող է և ավելի «շնչող», քան արհեստականը:
- Պահեք ձեր սենյակը զով: Դուք կարող եք օգտագործել էլեկտրական հովհար:
- Հաճախակի լվացվեք, որը կօգնի թարմանալուն:
- Առատորեն ջուր խմեք:
Հոգնածությունը և քունը
Հղիության ընթացքում հոգնածությունը տարածված խնդիր է, հատկապես առաջին 12 շաբաթվա ընթացքում կամ ավելի ուշ: Ձեր օրգանիզմում տեղի ունեցող հորմոնային փոփոխությունները կարող են առաջացնել հոգնածության և սրտխառնոցի զգացումներ, ինչպես նաև ձեզ դարձնել ավելի զգայուն և հուզական:
Այսպիսի իրավիճակի հաղթահարման պատասխանը մեկն է. փորձեք հանգստանալ այնքան շատ, որքան հնարավոր է: Օրվա ընթացքում գտեք ժամանակ և պառկեք ոտքերը բարձրացրած դիրքով: Ընդունեք ձեզ օգնության ձեռք մեկնող աշխատակիցների և ընտանիքի անդամների առաջարկները:
Հոգնած լինելը և գերհոգնածությունը կարող են ընկճել ձեզ: Փորձեք հոգ տանել ձեր ֆիզիկական առողջության մասին՝ ուտելով առողջ սնունդ և ապահովելով առավել, քան բավարար հանգիստ և քուն:
Ուշ հղիության ընթացքում դուք կարող եք հոգնածություն զգալ նաև այն պատճառով, որ կրում եք լրացուցիչ կշիռ: Համոզվեք, որ այս շրջանում ևս ձեր հանգիստը և քունը առավել, քան բավարար են: Որքան ձեր երեխան մեծանում է, այդքան դժվարանում է գիշերային անխռով քուն ունենալը: Ձեզ կարող է անհարմար թվալ ձեր պառկած դիրքը կամ, երբ արդեն հարմարվում եք, ստիպված եք վեր կենալ և շտապել զուգարան:
Իրականում, հոգնածության զգացումը չի վնասում ձեզ կամ ձեր երեխային, սակայն ձեր կյանքը դարձնում է դժվար և անհարմարավետ: Բոլոր դեպքերում, փորձեք օրվա ընթացքում ավելի շատ հանգիստ վիճակում լինել, քան ֆիզիկական գործ կատարել:
Իմացե՛ք ավելին հղիության ընթացքում քնի և հանգստի մասին:
Հոդվածը տեղադրվել է՝ 21-05-2020 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: