Skip to main content

Իգական պտղաբերության հմտություններ - Կանանց առողջություն

Ապրելակերպի ընտրությունը կարող է ազդել հղիանալու հնարավորության վրա: Մտածեք մի քանի պարզ քայլեր ձեռնարկելու մասին, եթե նախատեսում եք հղիանալ:

Փորձո՞ւմ եք հղիանալ: Ցանկանալ պարզե՞լ, թե կարող եք ինչ-որ բան ձեռնարկել ձեր բեղմնավորումը և հղիացումը հեշտացնելու համար: Որոշ բաներ կարող են ձեր վերահսկողությունից դուրս լինել կամ պահանջել համապատասխան բուժօգնություն, օրինակ՝ առողջական խնդիրներ, որոնք ազդում են հղիանալու հնարավորության վրա: Այնուամենայնիվ, ձեր ապրելակերպի ընտրությունը նաև կարող է ազդել պտղաբերության վրա: Ահա թե ինչ է պետք իմանալ:

Ի՞նչ է իգական պտղաբերությունը

Իգական պտղաբերությունը հղիանալու կարողությունն է: Արդյո՞ք դուք և ձեր զուգընկերը փորձել եք հղիանալ և չի հաջողվել՝ առնվազն մեկ տարի առանց հակաբեղմնավորիչի սեռական հարաբերություն ունենալով: Այս ընթացքում չհղիանալը կարող է ձեզ մոտ հարց առաջացնել, թե ինչքան է ձեր բեղմնունակությունը: Պտղաբերության հետ կապված մտահոգությունները կամ խնդիրները կարող են առնչվել ցանկացածի հետ:

Ի՞նչը կարող է առաջացնել իգական պտղաբերության խնդիրներ

Կանանց պտղաբերության վրա ազդող գործոնները ներառում են հետևյալը:

  • Ձվաբջիջների ազատման (ձվազատման) հետ կապված դժվարություններ կամ կանոնավոր դաշտանի հետ կապված խնդիրներ. հորմոնների հետ կապված խնդիրները կարող են ազդել ձվարաններից ձվաբջիջների ազատման վրա: Այս վիճակներից են պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը, պրոլակտին հորմոնի բարձր մակարդակը և վահանաձև գեղձի հիվանդությունները: Այլ վիճակները, որոնք կարող են փոփոխել ձվազատումը կամ դաշտանները, վատ վերահսկվող դիաբետն է և որոշ աուտոիմուն հիվանդությունները, ինչպիսին է համակարգային կարմիր գայլախտը (լուպուս):
  • Արգանդի կամ արգանդի վզիկի հիվանդություններ. օրինակներից են արգանդային գոյացությունները, ինչպիսիք են պոլիպները կամ ֆիբրոդները (միոմաներ):
  • Արգանդափողի (Ֆալոպյան փողի) վնասում կամ խցանում. սա կարող է լինել մեկ կամ երկու փողերում, որոնց միջոցով ձվաբջիջները ձվարաններից անցնում են դեպի արգանդ: Պատճառը հաճախ փոքր կոնքի բորբոքային հիվանդությունն է:
  • Արգանդը ներսից ծածկող հյուսվածքի աճ արգանդից դուրս. սա կոչվում է էնդոմետրիոզ:
  • Վաղ դաշտանադադար, որը նաև կոչվում է ձվարանների առաջնային անբավարարություն. սա զարգանում է, երբ ձվարանները դադարում են գործել, իսկ դաշտանները դադարում են մինչև 40 տարեկանը:
  • Սպական հյուսվածքի ձգաններ, որոնք պահում են օրգանները. այս ձգանները կոչվում են կոնքի կամ արգանդի կպումներ (ադհեզիաներ): Կպումներ կարող են առաջանալ կոնքային վարակից, ապենդիցիտից կամ որովայնի կամ փոքր կոնքի խոռոչի վիրահատությունից հետո:
  • Տարիքի մեծացում (ծերացում). հղիանալու փորձին սպասելը կարող է նվազեցնել բեղմնավորման հնարավորությունը: Երբ մոտենում եք ձեր 40-ին, սկսում եք կորցնել ձեր ձվաբջիջներն ավելի արագ տեմպերով: Իսկ ձեր ունեցած ձվաբջիջնեն ավելի քիչ հավանական է, որ բեղմնավորվեն:

Իմացե՛ք ավելին պտղաբերությանը վնասող գործոնների մասին:

Ի՞նչ կարող եմ անել՝ բարձրացնելու իմ պտղաբերությունը

Առողջ ապրելակերպի ընտրությունները կարող են օգնել: Ձեռնարկեք հետևյալ քայլերը:

  • Մնացեք առողջ քաշի մեջ. չափազանց ավելորդ քաշը կամ չափազանց թերքաշ լինելը կարող է խաթարել ձվաբջիջների ազատումը, որը կոչվում է ձվազատում (օվուլյացիա) և կանոնավոր ցիկլեր ունենալը:
  • Կանխարգելեք սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները. սեռավարակներ, ինչպիսիք են քլամիդիան և գոնորեան, բեղմնավորումն անհնարին դարձնեող հիմնական պատճառն են:
  • Փորձեք խուսափել գիշերային հերթափոխից. գիշերային հերթափոխով անընդհատ աշխատելը կարող է ազդել ձեր հորմոնների մակարդակի վրա: Սա կարող է բարձրացնել չբեղմնավորվելու ռիսկը: Եթե աշխատում եք գիշերային հերթափոխով, փորձեք բավականաչափ քնել, երբ չեք աշխատում:

Սթրեսը հավանական չէ, որ խանգարի հղիացմանը: Սակայն սթրեսը լավ չէ ձեր առողջության համար: Մտածեք սթրեսը նվազեցնելու ուղիների մասին: Փորձեք մեդիտացիա, խոր շնչառություն, յոգա կամ այլ գործողություններ՝ սթրեսը նվազեցնելու և կառավարելու համար, երբ փորձում եք հղիանալ:

Ի՞նչ է արգելվում

Ձեր պտղաբերությունը պաշտպանելու համար կատարեք այս առողջ ապրելակերպի այս ընտրությունները:

  • Մի' ծխեք. ծխախոտի օգտագործումը կապված է ցածր պտղաբերության հետ։ Ծխելը ծերացնում է ձվարանները, որը շատ վաղ է սպառում ձվաբջիջների պաշարը: Եթե ծխում եք, խնդրեք ձեր բժշկին օգնել, որ հրաժարվեք այս վնասակար սովորույթից:
  • Սահմանափակեք կամ խուսափեք ալկոհոլից, երբ փորձում եք հղիանալ. շատ ալկոհոլ խմելը կապված է ձվազատման հետ կապված խնդիրների բարձր ռիսկի հետ: Ուստի, երբ փորձում եք հղիանալ, դադարեցրեք ալկոհոլի օգտագործումը: Չխմելը լավագույն ընտրությունն է ինչպես հղիացման ժամանակ, այնպես էլ հղիության ընթացքում:
  • Սահմանափակեք կոֆեինը. օրական 200 միլիգրամից պակաս կոֆեինի օգտագործումը հավանաբար չի ազդում հղիանալու հնարավորության վրա: Այս քանակությունը կազմում է օրական մեկ կամ երկու սուրճի փոքր բաժակ:
  • Մի՛ զբաղվեք շատ ծանր կամ շատ երկարատև ֆիզիկական գործերով. առողջ քաշ ունեցող մարդկանց համար չափազանց ծանրաբեռնվածության վարժանքները կարող են ազդել ձվազատման վրա և նվազեցնել պրոգեստերոն հորմոնի մակարդակը: Եթե ցանկանում եք մոտակա ժամանակներում հղիանալ, մտածեք ծանր վարժանքները սահմանափակելու մասին, ինչպիսիք են վազքը կամ արագ հեծանվավարությունը:
  • Խուսափեք թույներից (տոքսիններից). эրջակա միջավայրում կան բազմաթիվ թունավոր նյութեր՝ թունաքիմիկատներ, քիմմաքրման լուծիչներ, կապար և այլն: Այս նյութերը կարող են վնասել պտղաբերությանը: Տեղյակ եղեք այս թունավոր նյութերի մասին և քննարկեք դրանց ազդեցությունը սահմանափակելու ուղիները ձեր բժշկի հետ:

Ամփոփում

Եթե մտածում եք հղիանալու մասին, կարող եք անհանգստանալ, որ որոշ կենսակերպի ընտրություններ կարող են դժվարացնել հղիանալը: Խոսեք ձեր բժշկի հետ ձեր պտղաբերությունը բարելավելու և հղիանալու ձեր հնարավորությունները բարձրացնելու ուղիների մասին:

Եթե չեք հղիացել մեկ տարի կանոնավոր անպաշտպան սեռական հարաբերությունից հետո կամ եթե ունեք առողջական խնդիրներ, որոնք կարող են ազդել բեղմնավորման վրա, խոսեք հղիության մասնագետի՝ մանկաբարձի հետ:

Իմացե՛ք ավելին պտղաբերության խնդիրների բուժման մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 07-05-2024
Վերջին վերանայում՝ 07-05-2024