Ձեր տարիքը և առողջությունը կարող են ազդել հղիանալու ձեր շանսերի վրա:
Առողջ ապրելակերպի պահպանումը կարող է օգնել, որ բարելավեք ձեր պղտաբերությունը:
Տարիքը և պտղաբերությունը
Երբ խոսք է գնում պտղաբերության մասին, տարիքը ստանում է կարևոր նշանակություն: Ներկայում բազմաթիվ մարդիկ տարբեր պատճառնեով սպասում են, մինչև դառնան ավելի մեծ և նոր ունենան երեխաներ: Սակայն պտղաբերությունը ժամանակի ընթացքում թուլանում է, և դուք պետք է մտածեք այս մասին, եթե նախատեսում եք հետաձգել երեխաներ ունենալը: Ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ առավել պտղաբեր են 20 տարեկանից հետո՝ մոտակա մի քանի տարվա ընթացքում:
Կանանց մոտ պտղաբերությունը տարիքի հետ ավելի արագ է նվազում: Այս անկումը սկսում է արագանալ 35-ից հետո: Կան բազմաթիվ պատճառներ, սակայն առանձնահատուկ կարևորություն ունի ձվարանների կողմից ազատվող ձվաբջիջների որակը: Երեք զույգից 1-ի մոտ, որտեղ կինը 35-ն անց է, կան պտղաբերության հետ կապված խնդիրներ: Երբ կինը դառնում է 40-ն անց, նույն խնդիրները հաճախանում են՝ դառնալով 3 զույգից 2-ի մոտ:
35 տարեկանից բարձր կանայք նաև ավելի քիչ հավանական է, որ կարող են հղիանալ անպտղության բուժման, այդ թվում՝ արտամարմնային բեղմնավորման միջոցով և ավելի մեծ հավանականությամբ հղիանալիս կարող են ունենալ վիժում:
Տղամարդկանց պտղաբերությունն աստիճանաբար թուլանում է սկսած մոտ 40 տարեկանից, սակայն նրանց մեծ մասը կարող է հայրանալ 50 և ավելի բարձր տարիքում:
Ծխելը և պտղաբերությունը
Ծխելը և կանանց պտղաբերությունը
Ծխելը կարող է խնդիրներ առաջացնել կնոջ վերարտադրողական համակարգի գրեթե բոլոր ոլորտներում: Ծխող կանայք ավելի հավանական է, որ ունենան բեղմնավորման հետ կապված խնդիրներ, ցանկալի պատասխան չեն տա անպտղության բուժմանը, կունենան վաղ դաշտանադադար և արգանդի պարանոցի կամ հեշտոցի քաղցկեղի բարձրացած ռիսկ: Ծխելը կապված է անպտղության բարձրացած ռիսկի հետ՝ ինչպես առաջին անգամ հղիանալ փորձող, այնպես էլ նախկինում հղիացած կանանց համար:
Ծխող կանայք նաև ավելի վատ են արձագանքում արտամարմնային բեղմնավորման միջոցներին: Նրանց մոտ նաև բարձրացած է արտաարգանդային հղիության և վիժման ռիսկը: Հղիության ընթացքում ծխելը կապված է նաև չծնված երեխայի մոտ տարբեր առողջական խնդիրների հետ, այդ թվում՝ վաղաժամ ծննդաբերություն, ծնվելիս ցածր քաշ, նորածինների հանկարծակի մահվան համախտանիշ և նորածնի կյանքի առաջին 6 ամիսներին շնչառական խնդիրներ:
Իմացե՛ք ավելին հղիության վրա ծխելու բացասական ազդեցության մասին:
Ծխելը և տղամարդկանց պտղաբերությունը
Հետազոտությունները վկայում են, որ ծխող տղամարդիկ ունեն սպերմատոզոիդների ավելի ցածր որակ և քանակ (օլիգոսպերմիա), քան չծխողները: Ծխելը նաև կարող է բերել էրեկտիլ դիսֆունկցիայի (իմպոտենցիա): Ծխախոտի ծխում առկա երկու հիմնական նյութերը՝ նիկոտինը և ածխածնի մոնօքսիդը նեղացնում են զարկերակները և թուլացնում են ամբողջ օրգանիզմի, այդ թվում նաև՝ առնանդամի արյունամատակարարումը: Ծխախոտից հրաժարվելը նվազեցնում է իմպոտենցիայի ռիսկը և բարելավում սպերմատոզոիդների որակը:
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակները, այդ թվում՝ քլամիդիան և գոնորեան կարող են ախտահարել և վնասել կնոջ արգանդափողերը, որի պատճառով դժվարանա հղիանալը: Եթե կարծում եք, որ կարող եք վարակված լինել որևէ սեռավարակով, պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին:
Առողջ քաշ
Նորմալ կամ առողջ քաշից շեղումները՝ ինչպես դեպի ներքև (պակասուրդային քաշ), այնպես էլ՝ վերև (ավելցուկային քաշ կամ գիրություն), կարող են նվազեցնել ձեր հղիանալու շանսերը: Կանացի անպտղության պատճառներց մեկը պոլիկիստոզային ձվարանների համախտանիշն է, որի ընթացքը կարող է վատթարանալ ավելորդ քաշի կամ գիրության պատճառով:
Ալկոհոլի օգտագործում
Հղիություն պլանավորող կանանց համար ալկոհոլից հրաժարվելն ամենաանվտանգ որոշումն է: Չկա որևէ հետազոտություն, որը եկել է ալկոհոլի անվտանգ քանակի մասին որևէ գիտական եզրակացության, իսկ մյուս կողմից, բազմաթիվ կանայք տեղյակ չեն, թե կոնկրետ երբ են հղիացել: Ալկոհոլի մեծ քանակների կամ հաճախակի օգտագործումը տղամարդկանց մոտ բերում է սերմնահեղուկի որակի վատացման:
Իմացե՛ք ավելին հղիության վրա ալկոհոլի բացասական ազդեցության մասին:
Խուսափեք ճառագայթումից և վտանգավոր քիմիական նյութերից
Ճառագայթման և քիմական նյութերի ազդեցությունը (օրինակ՝ որոշ ներկանյութերում առկա գլիկոլային լուծիչներ) կարող են վնասել պտղաբերությանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-05-2020
Վերջին վերանայում՝ 03-05-2024