Կյանքին սպառնացող գերսուր ալերգիկ ռեակցիան (անաֆիլաքսիա) կարող է առաջացնել շոկ, արյան ճնշման հանկարծակի անկում (կոլապս) և երբեմն շնչահեղձության հասնող շնչարգելություն:
Ալերգիա ունեցող մարդկանց մոտ անաֆիլաքսիա կարող է զարգանալ ալերգիա առաջացնող հատուկ պատճառի` ալերգենի ազդեցությունից րոպեներ անց: Որոշ դեպքերում կարող է տեղ գտնել հետաձգված ռեակցիա կամ անաֆիլաքսիա կարող է առաջանալ առանց տեսանելի պատճառի:
Անաֆիլաքսիայի նշանները
- մաշկային ռեակցիաներ, այդ թվում՝ եղնջացան, քոր, շառագունած կամ գունատ մաշկ
- դեմքի, աչքերի, շրթունքների կամ ըմպան-կոկորդի այտուց
- շնչուղիների նեղացում, որը բերում է խզզոցների և շնչարգելության
- թույլ և հաճախացած անոթազարկ (պուլս)
- սրտխառնոց, փսխում կամ փորլուծություն
- գլխապտույտ, ուշագնացության զգացում կամ անգիտակից վիճակ:
Անաֆիլաքսիայի բերող տարածված խթանիչ գործոններից են (տրիգերներ)՝
- դեղեր
- սննդամթերքներ, օրինակ՝ ընկույզ, գետնանուշ, ձկնեղեն կամ ծովամթերք
- միջատների խայթոց:
Եթե նախկինում ունեցել եք որևէ տեսակի սուր ալերգիկ ռեակցիա, խնդրեք բժշկին, որ նշանակի էպինեֆրինային ինքնաներարկիչ, որը դուք կարող եք մշտապես պահել ձեզ մոտ:
Իմացե՛ք ավելին անաֆիլաքսիայի մասին:
Անաֆիլաքսիայի առաջին օգնությունը
Եթե կասկածում եք, որ ինչ-որ մեկի մոտ առկա է անաֆիլակտիկ շոկ, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն:
Մինչև բուժանձնակազմը ժամանի, սկսեք իրականացնել հետևյալ միջոցառումները՝
- Հարցրեք տուժողին, թե արդյոք իր մոտ պահում է Էպինեֆրինի ինքնաներարկիչ (օրինակ՝ ԷպիՓեն, Աուվի-Q), որը նախատեսված է ալերգիկ նոպան բուժելու համար։ Եթե տվյալ անձն ասում է, որ ունի ինքնաներարկիչի օգտագործման կարիք, հարցրեք, թե կարող եք նրան օգնել այդ հարցում: Ինքնաներարկիչն օգտագործվում է՝ սեղմելով այն մարդու ազդրի շրջանում:
- Օգնեք նրան, որ մնա մեջքի վրա հանգիստ պառկած վիճակում:
- Արձակեք սեղմող հագուստը և ծածկեք վերմակով, որ կանխեք դողն ու սարսուռը։
- Մի՛ տվեք խմելու և ոչ մի հեղուկ։
- Եթե առկա է փսխում կամ բերանից արյունահոսություն, շուռ տվեք նրան կողքի վրա, որ կանխեք շնչահեղձությունը։
- Եթե անձը կյանքի նշան ցույց չի տալիս (օրինակ՝ չի պատասխանում ձեր հարցերին, չի շնչում, չի հազում կամ չի շարժվում), սկսեք սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումները (վերին շնչուղիների անցանելիության ապահովում, բերան-բերան շնչառություն և սրտի արտաքին մերսում՝ 100 սեղմում մեկ րոպեում հաճախականությամբ)։ Ըստ իրավիճակի խնդրեք նաև այլ մարդկանց օգնությունը։
- Դիմեք անհետաձգելի բուժօգնության կամ մի՛ չեղարկեք ձեր 1-03 կանչը, նույնիսկ եթե ախտանիշները սկսել են բարելավվել: Անաֆիլաքսիայից հետո հնարավոր է, որ ախտանիշները կրկնվեն: Նման դեպքերում անհրաժեշտ է մի քանի ժամյա հիվանդանոցային վերահսկողություն:
Հակահիստամինային հաբերը, օրիանկ՝ Դիֆենհիդրամինը (Դիմեդրոլ) անաֆիլաքսիան բուժելու համար բավարար չեն: Այս դեղերը կարող են օգնել ալերգիայի ախտանիշների մեղմացմանը, սակայն սուր ռեակցիայի պայմաններում ազդում են խիստ դանդաղ:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-05-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024