Կոտրվածքը ոսկորի անատոմիական ամբողջականության խախտում է, կամ, ավելի պարզ ասած՝ ոսկրի կոտրվածք։
Բժիշկները տարբերում են բաց (երբ վնասվածքի շրջանում մաշկի ամբողջականությունը վնասել է) և փակ, լրիվ և ոչ լրիվ (ճաք), ինչպես նաև բնածին և ձեռքբերովի կոտրվածքներ։
Կոտրվածքն առաջանում է վնասվածքի կամ տրավմայի հետևանքով՝ ոսկրի ճնշվելուց, ծռվելուց, ոլորվելուց կամ մի մասի պոկվելուց։ Կոտրվածքի ժամանակ վնասված ոսկրի բեկորները կարող են տեղաշարժվել՝ առաջացնելով հարակից հյուսվածքների կամ օրգանների լրացուցիչ վնասում, իսկ բաց կոտրվածի դեպքում՝ նաև դուրս ցցվել վերքից՝ մեծացնելով ոսկորի վարակի ռիսկը (օստեոմիելիտ):
Կոտրվածքը պահանջում է բժշկական հսկողություն և համապատասխան օգնություն: Եթե ոսկրը կոտրվել է որպես մեծ տրամվայի կամ վնասվածքի արդյունք, պետք է զանգել 1-03 և կանչել շտապ օգնություն:
Կանչեք շտապ օգնություն նաև այն դեպքերում, երբ՝
- վնասվածք ստացած անձը չի պատասխանում ձեր հարցերին, չի շարժվում և անգամ չի շնչում (նման դեպքերում անհապաղ սկսեք իրականացնել սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներ՝ վերին շնչուղիների անցանելիության ապահովում, բերան-բերան շնչառություն և սրտի արտաքին մերսում՝ մինչև բուժանձնակազմը կժամանի)
- առկա է սուր կամ առատ արյունահոսություն
- նույնիսկ վնասված շրջանի նուրբ սեղմումը կամ շարժումն առաջացնում են ուժեղ ցավեր
- վերջույթը կամ հոդը ձևափոխված կամ տձևացած է
- ոսկորը դուրս է ցցվել վնասված մաշկից
- վնասված ձեռքի կամ ոտքի ծայրամասերը, օրինակ՝ ձեռքի կամ ոտքի մատները թմրած են կամ եղունգները՝ կապտավուն երանգով
- դուք կասկածում եք, որ կոտրվել է գլխի, պարանոցի կամ մեջքի (գոտկային) ոսկրերից մեկնումեկը:
Մի՛ փորձեք տեղաշարժել տուժածին, եթե դա անհրաժեշտ չէ հետագա վնասվածքից խուսափելու համար: Մինչև բուժանձնակազմի ժամանելը, առանց ուշացնելու սկսեք իրականացնել հետևյալ միջոցառումները:
- Փորձեք դադարեցնել որևէ տեսակի արյունահոսությունը. սեղմեք արյունահոսող վերքը ստերիլ վիրակապով, մաքուր թաշկինակով կամ շորի կտորով:
- Անշարժացրեք վնասված շրջանը. մի՛ փորձեք ուղղել վնասված վերջույթը կամ մաշկից դուրս ցցված ոսկորը ներս մտցնել: Եթե առաջին օգնության որևէ դասընթաց չեք անցել և չեք տիրապետում վերջույթի անշարժացման հմտություններին, պարզապես մեկական շինա կամ բեկակալ (կամ շինային փոխարինող որևէ առարկա, օրինակ՝ փայտի կտոր, ծառի ճյուղ, գոտի, պարան և ձեռքի տակ եղած այլ միջոցներ) դրեք վնասված շրջանից վերև ու ներքև այնպես, որ հնարավորինս սահմանափակվի տվյալ շրջանի շարժունակությունը: Նկատի ունեցեք, որ ուսի և ազդրի ոսկորների կոտրվածքի դեպքում պետք է անշարժացնել ոչ պակաս, քան երեք հոդ։
- Պարանոցի կամ ողնաշարի վնասվածքի կամ դրա կասկածի դեպքում չի կարելի շարժել տուժածի գլուխը կամ պարանոցը։ Անշարժացրեք տուժածի գլուխը և պարանոցին հատուկ օձիք կապեք։ Եթե չունեք պարանոցի օձիք, դիմեք այլ միջոցների, օրինակ՝ մառլայի մեջ փաթաթված հաստ բամբակյա օձիք։
- Դրեք սառցեպարկ՝ սահմանափակելու այտուցը և օգնելու ցավի մեղմացմանը. մի՛ դրեք սառույցն անմիջապես մաշկի վրա: Փաթաթեք սառույցը կամ սառցեպարկը բարակ մաքուր սրբիչով կամ մաքուր կտորով և նոր միայն զգուշությամբ դրեք վնասված շրջանին: Վնասված մասի սառեցումը նպաստում է ներքին արյունահոսության, այտուցի և ցավի նվազեցմանը։
- Ձեռնարկեք շոկի առաջին օգնության միջոցառումներ. եթե տուժող անձն ունի գիտակցությունը կորցնելու զգացում և շնչում է արագացած ռիթմով, դա կարող է վկայել սկսվող շոկի ահազանգող նշաններ: Զգուշությամբ պառկացրեք տուժողին այնպես, որ գլուխը լինի իրանից քիչ ավելի ցածր դիրքում և, եթե հնարավոր է, բարձրացրեք նրա ոտքերը: Արձակեք սեղմող հագուստը և, ըստ անհրաժեշտության, ծածկեք նրան տաք վերմակով: Թույլ մի տվեք, որ տուժողը սնունդ կամ հեղուկներ ընդունի և հետևեք նրա ընդհանուր վիճակին:
Իմացե՛ք ավելին շոկի առաջին օգնության մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-05-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024