Գաստրոէնտերիտը ստամոքսի և աղիների սովորաբար վարակային բորբոքումն է, որը կարող է կրկնակի փսխումների և փորլուծության պատճառով բերել սուր ջրազրկման:
Գաստրոէնտերիտի ամենատարածված պատճառներից են՝
- վիրուսներ
- բակտերիաներով կամ մակաբույծներով վարակված մթերքներ կամ ջուր
- դեղերի կողմնակի ազդեցություններ:
Ստամոքս-աղիքային բորբոքման ամենատարածված ախտանիշներն են՝
- սրտխառնոց կամ փսխում
- փորլուծություն
- կծկանքային (սպաստիկ) բնույթի որովայնային ցավեր
- երբեմն՝ ցածր աստիճանի ջերմություն, հատկապես՝ աղիքային վարակների ժամանակ:
Կախված պատճառից, այս գանգատներն ու ախտանիշները կարող են տևել սկսած մեկ օրից մինչև մեկ շաբաթ:
Իմացե՛ք ավելին գաստրոէնտերիտի մասին:
Եթե կասկածում եք, որ ունեք գաստրոէնտերիտ
- Փոքր կումերով, սակայն՝ հաճախակի շատ ջուր խմեք. նախընտրելի է ջուր կամ ոչ գազավորված այլ հեղուկներ, որոնք կօգնեն ջրազրկման կանխարգելմանը: Հեղուկների մեծ քանակների կամ շատ արագ ընդունումը կարող է վատթարացնել սրտխառնոցը և փսխումը, ուստի փորձեք ջուրը խմել փոքր կումերով մի քանի ժամվա ընթացքում, այլ ոչ թե միանգամից մեծ քանակությամբ:
- Հետևեք ձեր մեզի քանակին. նորմայում դուք միզում եք կանոնավոր ժամանակային միջակայքերից հետո, իսկ ձեր մեզը պետք է լինի բաց գույնի և թափանցիկ: Միզարտադրության կրճատումը և մեզի մգացումը ջրազրկման նշաններից են: Գլխապույտը, հոգնածությունը և ուշագնաց լինելու զգացումը վկայում են ծանր ջրազրկման մասին: Եթե առաջանում են այս նշաններից մեկնումեկը և չեք կարող բավարար քանակով հեղուկներ ընդունել, դիմեք ձեր բժշկին:
- Վերադարձեք ավելի դյուրամարս սննդին. եթե ունեք սրտխառնոց, փորձեք սնվել հաճախակի, բայց՝ քիչ քանակներով: Հակառակ դեպքում, աստիճանաբար սկսեք ընդունել թեթև և հեշտամարս մթերքներ, օրինակ՝ չորահաց (сухарики), տոստ, ժելատին, բանան, խնձորի պյուրե, բրինձ կամ հավի միս: Դադարեցրեք ուտելը, եթե սրտխառնոցը վերսկսվում է: Փորձեք մի քանի օր խուսափել կաթից և կաթնամթերքից, կոֆեին պարունակող ըմպելիքներից, ալկոհոլից, նիկոտինից և յուղոտ կամ խիստ համեմված մթերքներից:
- Ավելի շատ հանգստացեք և քնեք. հիվանդությունները և ջրազրկումը ձեզ դարձնում են թույլ և անաշխատունակ, ուստի խուսափեք այդ վիճակում որևէ ֆիզիկական գործ անելուց:
Ե՞րբ դիմել բժշկին
Դիմեք ձեր բժշկին, եթե՝
- ձեր փսխումը շարունակվում է մի քանի օրից ավելի
- ձեր փորլուծությունը շարունակվում է մի քանի օրից ավելի
- ձեր փորլուծությունը դառնում է արյունային
- ունեք բարձր ջերմություն՝ 39° C և ավելի բարձր
- ոտքի կանգնելուց զգում եք կտրուկ թուլության կամ ուշագնացություն
- դարձել եք անհասկանալի շփոթված և անհաղթահարելի քնկոտ
- ունեք խիստ անհանգստացող որովայնային ցավեր:
Եթե կասկածում եք, որ ձեր երեխան ունի գաստրոէնտերիտ
- Թույլ տվեք ձեր երեխային, որ հնարավորինս շատ հանգստանա և պառկած մնա:
- Երբ երեխայի փսխումները դադարում են, սկսեք առաջարկել խմելու (օրալ) ռեհիդրատացիոն հեղուկներ, ջուր կամ ջրով նոսրացված խնձորի հյութ: Հեղուկների արագ ընդունումը կարող է վատթարացնի սրտխառնոցը և փսխումը, ուստի փորձեք մի քանի ժամվա ընթացքում տալ փոքր կումերով հեղուկներ, այլ ոչ թե միանգամից մեծ քանակով: Նույն այս նպատակի համար, փորձեք ռեհիդրատացիոն հեղուկները տալ կաթիլներով կամ ձողիկով, այլ ոչ թե բաժակով կամ շշիկով:
- Աստիճանաբար առաջարկեք հացաչորուկ և դյուրաամարս կերակուրներ: Խուսափեք կաթից և կաթնամթերքից, պաղպաղակից, քաղցրահամ մթերքներից, լիմոնադից, քաղցրավենիքներից և կոնֆետներից: Դրանք կարող են վատթարացնել փորլուծությունը:
- Եթե ձեր երեխային կերակրում եք կրծքով, շարունակեք կրծքով կերակրումը: Եթե երեխան կերակրվում է շշիկով, առաջարկեք շշիկով խմելու ռեհիդրատացիոն հեղուկներ:
Ե՞րբ դիմել երեխայի բժշկին
Դիմեք ձեր երեխայի բժիշկին, եթե ձեր երեխան՝
- դարձել է անսովոր թմրած, անտարբեր և քնկոտ
- սկսել է հաճախակի փսխել կամ փսխման զանգվածի մեջ արյուն կա
- ունի ծանր ջրազրկման նշաններ, օրինակ՝ բերանի չորություն և չոր թորշոմած մաշկ, մշտական ծարավի զգացում (թեև չի ցանկանում ջուր խմել), խամրած և «ներս ընկած» աչքեր կամ առանց արցունքի լաց
- ուշադրություն դարձրեք ձեր նորածին երեխայի փափուկ գաղթունին, որը ծանր ջրազրկման ժամանակ կարող է ներս ընկնել, իսկ տակդիրը կարող է մնալ չոր ավելի քան 3 ժամվա ընթացքում
- նորածին է և ջերմում է
- երեք ամսականից մեծ է և ունի 39° C և ավելի բարձր ջերմություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-05-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024