Հիպոթերմիան տեղի է ունենում, երբ ձեր մարմինը ջերմությունը կորցնում է ավելի արագ, քան կարող է արտադրել, և ձեր մարմնի ջերմաստիճանն ընկնում է 35° C և ավելի ցածր:
Եթե մարմնի ջերմաստիճանի կտրուկ նվազեցումը մնա ուշադրությունից դուրս, կարող է հանգեցնել նույնիսկ կյանքին սպառնացող հետևանքների:
Հիպոթերմիան հաճախ զարգանում է ցուրտ եղանակային պայմանների ազդեցությամբ կամ սառը ջրի մեջ մնալուց: Այն կարող է նաև պատճառվել օդի 10° C պայմաններում դրսում երկար ժամանակ անցկացնելուց: Հիպոթերմիայի ռիսկն աճում է, եթե դուք հոգնած, քաղցած կամ ջրազրկված եք:
Հիպոթերմիայի ախտանիշները սովորաբար զարգանում են աստիճանաբար և կարող են ներառել՝
- դող և սարսուռ, որը կարող է դադարել, եթե մարմնի ջերմությունը կտրուկ ընկնում է
- աղավաղված և անհասկանալի խոսք
- դանդաղած և մակերեսային շնչառություն
- թույլ անոթազարկ (պուլս) և սրտազարկի դանդաղում (բրադիկարդիա)
- շարժումների սլացիկության կորուստ կամ կորդինացիայի խանգարում
- քնկոտություն կամ խիստ թուլություն
- շփոթվածություն կամ հիշողության կորուստ
- գիտակցության կորուստ
- բաց կարմիր և սառը մաշկ (նորածինների մոտ):
Իմացե՛ք ավելին հիպոթերմիայի մասին:
Շտապ դիմեք բժշկական օգնության
Եթե կասկածում եք, որ ինչ-որ մեկն ունի հիպոթերմիա, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն:
Այնուհետև ձեռնարկեք այս քայլերը:
- Զգուշորեն տուժողին հանեք ցուրտ կամ սառը միջավայրից: Եթե որևէ փակ տարածք գտնելն անհնար է, ապա պաշտպանեք նրան քամուց, հատկապես գլխի և պարանոցի շրջանները: Հեռացրեք կամ մեկուսացրեք տուժողին սառը գետնից կամ հողից:
- Զգուշորեն հանեք նրա թաց շորերը: Փոխարինեք թաց հագուստը տաք, չոր բաճկոնով կամ վերմակով:
- Եթե անհրաժեշտ է տուժողին տաքացնել, արեք դա աստիճանաբար: Օրինակ, փորձեք տաքացնող միջոցներ (ոչ շատ տաք ջեռակ) պարանոցի, կրծքավանդակի և աճուկների շրջանում: Եթե օգտագործում եք տաք ջրով շշեր, նախ փաթաթեք դրանք բարակ սրբիչով, որպեսզի պատահաբար այրվածքներ չպատճառեք:
- Առաջարկեք տուժողին տաք (բայց ոչ՝ խիստ տաք) և քաղցր ոչ ալկոհոլային ըմպելիքներ:
- Եթե տուժողը կենդանության որևէ նշան ցույց չի տալիս, մի ենթադրեք, որ նա մահացած է։ Սկսեք իրականացնել սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներ։
Ուշադրություն
- Մի՛ փորձեք տաքացնել տուժողին խիստ արագորեն, օրինակ՝ տաքացնող լամպով կամ տաք լոգանքով:
- Մի՛ փորձեք տաքացնել նրա ձեռքերը և ոտքերը: Նման վիճակում վերջույթների տաքացումը կամ մերսումը կարող են լրացուցիչ լարվածություն ստեղծել սրտի և թոքերի գործունեության համար:
- Մի՛ փորձեք նրան տալ ալկոհոլ կամ ծխախոտ: Ալկոհոլը քողարկում է վերատաքացման գործընթացը, իսկ ծխախոտային ապրանքները վատթարացում են վերատաքացման համար անհրաժեշտ արյան շրջանառությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-05-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024